Խոսք ընթերցողի
Մանկության մոլորակը բանաստեղծություններում , հեքիաթներում, հանելուկներում…
Բանաստեղծ-կենսագիր, Օձունի Եպիսկոպոսյան տոհմի ծագումնաբանությունը 2016թ․ հանրայնացրած Ալմաստ Եպիսկոպոսյանը շարունակում է իր հանդիպումները տարբեր տարիքի երեխաների հետ: Թե՛ բովանդակության, թե՛ ձևավորման տեսակետից ընթերցողի ուշադրությունը իր վրա բևեռող ,Դանիելի զարմանքըե (Երևան, ,Արմավե, հրատ․, 2023թ) ժողովածուն մանկական ինչուների հարց ու պատասխաններ է համատեղել հավակնելով դառնալ մանկական նախադպրոցական հիմնարկների սաների, մանկավարժների, ծնողների սեղանի գրքերից մեկը: Ամենասկզբում գովերգվում է հայոց լեզուն ու ներկայանում է հայոց այբուբենը չորս տողանոց տառաձոներով:
Պապը պատին թիկն տվեց,
Պատուհանից տատը ձայնեց,
-Պարապ այստեղ ի՞նչ էս անում,
-Պարանը բեր, հորթն եմ կապում:
… Հետո դաստիարակության ինքնատիպ դեղատոմսեր են, բանաստեղծություններ հասցեագրված մանուկներին, որ կարծես ծնվել են մանկական մոլորակի զարմանահրաշ աշխարհ հեղինակի նախաձեռնած ուխտագնածությունից։
Հեռվում՝ սարին,
Ձյուն ու ձմեռ,
Սարի փեշից՝
Գարնան բանբեր:
Շարունակության մեջ խորիմաստ ու բազմաբովանդակ հանելուկներն են:՛՛Հանելուկներ փոքրերի և մեծերի համար՛՛ 2014թ․ հրատարակված գրքույկի համեմատ այստեղ նաև նորամուծություններ կան, նորամուծություններ ոչ միայն թեմատիկ այլ նաև բովանդակային առումով: Ինչպես նախորդ դեպքում այս անգամ էլ հանելուկների շարադրանքին հետևում է պատասխանի տառաքանակի վանդակապատում: Կարծում եմ դա շատ կօգնի հատկապես սկանվորդներ լուծող փոքրիկներին, իսկ պատասխանների զետեղումը գրքի վերջում մեծացնում է հանելուկների հանրայնացման և տարածման հնարավորությունները: Հայրենի բնաշխարհի նկատմամբ ջերմ վերաբերմունքը, ծնողապաշտությունը, հարգանքը նախնյաց հանդեպ և անձնանունները գովերգող, հակիրճ, խոհեմ ու հանրամատչելի տողեր են Ալմաստ Եպիսկոպոսյանի ակրոստիքոսները․
Նորց գնամ չքնաղ Լոռի,
Աշոտի հետ գնանք մոռի
Րաֆֆին ասաց, - ես էլ կգամ,
Եթե կուզեք ճամփա ցույց տամ,
Կրիայիս էլ նվեր կտամ:
Իսկ վերջում հեքիաթներն են, որ բարություն են սփռում, անտառի թագավոր ընտրում, ճանապարհորդում դեպի ,Շանթե մոլորակ, հեքիաթ հյուսում հեքիաթի մասին ու երկնքից ընկնող խնձորները հասցնում բոլոր երեխաններին: Մայրենի լեզվի գովքով սկսվող գիրքը փակվում է նույնաբովանդակ երգի տեսքով: Ներկայացվող երգի տեքստի հեղինակը Ալմաստ Եպիսկոպոսյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ ներկայումս Կրասնոդարում բնակվող Լիլիթ Մաթևոսյանն է, ով դուստրն է երջանկահիշատակ ալավերդցի Ռուբիկ Մաթևոսյանի (Մակար): Հենց Լիլիթն է իր ընտանիքի հետ գտել գրքի տպագրության ծախսերը հովանավորողին: Այսքանից հետո կարծում եմ ավելորդ չէ շնորհակալական խոսքեր հասցեագրել բոլոր նրանց, ում ջանքերի գնով ծնվել է այս գիրքը և միանալ կրասնադորաբնակ Վլադիմիր Եպիսկոպոսյանին հասցեագրվող հեղինակի շնորհակալական խոսքին:
ՎաղարշակՂորխմազյան