Լույս է տեսել
Թումանյանն է լուսավորում հայ գրականության մայրուղին
Մի քանի օր առաջ հեղինակի. ՛՛…Թումանյանի պատգամներին հավատարիմ մնալու հավատով՛՛ ընծայագրով ստացա ՛՛Ժամանակակից գրականագիտական մատենաշար՛՛-ով համահայկական գրողների միության հրատարակչության կողմից լույս ընծայված միության նախագահ Աբգար Ափինյանի ՛՛Թումանյանը և ժամանակակից գրականությունը՛՛ գիրքը:
՛՛Ու՞ր է Թումանյանը ժամանակակից գրականության մեջ՛՛ հարցադրումն է բարձրացնում հեղինակը և գրականագիտական ուրույն պրիզմայով խոսակցություն բացում Թումանյանական ավանդները ՛՛կրողների՛՛ և դրանից ՛՛հեռացողների՛՛ մասին, Թումանյանը ներկայացվում է որպես նոր գրականության փորձաքար: Որպես ընթերցող առանձնակի հպարտություն ապրեցի կարդալով.
՛՛-Ինքուրույն և ինքնատիպ Լևոն Ջավախյանն իր այդ ուժեղ բառերին, ձայնին, արվեստին հասել է Թումանյանի ավանդույթների ստեղծագործական յուրացման շնորհիվ՛՛:
Հովհաննես Թումանյանը իրոք մի ունիկում է, բոլոր դարերի մեծագույն հանճարը, նա է լուսավորում հայ գրականության գլխավոր մայրուղին: Տերյանական այս բնորոշումը հաստատել է նաև Հրաչյա Սարուխանը ինքն իրեն ուղղված բանաստեղծական ՛՛ինքնաուղերձ՛՛-ը վերնագրերով ՛՛Լոռեցու պես՛՛:
Գնահատելով բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի սքանչելի Էսսեները, Տարոն Գլակի բանաստեղծական աշխարհը, հեղինակը որպես գրականագետ պնդում է, որ նոր գրականության կոթողները այսուհետև գրվելու են Թումանյանի զննող և բարի հայացքի ներքո:
Կարդալով սեղմ, բայց խորաբովանդակ այս վերլուծությունը մեկ անգամ ևս համոզվելով, որ թումանյանագիտությունը երբեք չի սպառվի, Թումանյանի մասին նոր բացահայտումները գնակատականները շարունակվելու են:
Թումանյանի ծննդյան 100 ամյակի տոնակատարություն արձագանքները և բացառիկ առատ հրատարակչական հունձքը չեն մոռացվում ու շարունակում են թագավորել դրանից 50 տարի անց` 2019թ-ի՛՛համեստ՛՛ օրակարգին:
Այս և ուրիշ տագնապներ կան այս գրքում, նաև ճանաչված թումանյանագետներ Էդվարդ Ջրբաշյանի, Արամ Ինճիկյանի, Մկրտիչ Մկրյանի և ուրիշների գնահատականները:
Այնպես որ հարգելի ընթերցող մի զլացիր` փնտրի՛ր , գտի՛ր, և կարդա՛ Աբգար Ափինյանի հեղինակած գիրքը` Թումանյանի մասին, Թումանյանին վայել:
Վաղարշակ Ղորխմազյան