f

Անկախ

12 տարվա քաղաքացիական պատերազմի հետևանքները․ Սիրիան այսօր


Օրերս սիրիական հակամարտությունը բոլորեց 12-րդ տարին։ 2011-ի մարտի 15-ին հակակառավարական ցույցերով  սկսված  արյունալի ու դեռևս վերջը չերևացող քաղաքացիական պատերազմի տարելիցն աննկատ անցավ, քանի որ աշխարհը տարված է ուկրաինական հակամարտությամբ, իսկ Սիրիայում վերջին 3 տարիներին հակամարտությունը համեմատաբար պասիվացել է ու կառավարելի շրջափուլ մտել։ Տարելիցն առիթ է  քննարկելու, թե ինչ է մնացել երբեմնի ծաղկուն ու բարեկեցիկ երկրից, ինչպիսն է իրավիճակը Սիրիայում հակամարտության մեկնարկից 12 տարի անց։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության 12 տարիների ընթացքում զոհվել շուրջ  307 հազար քաղաքացիական անձ, բնակչության կեսից ավելին՝ մոտ 13,5 մլն մարդ ներքին տեղահանվածի և փախստականի կարգավիճակում է։

Այստեղ լայնամասշտաբ ռազմական գործողություններ այլևս տեղի չեն ունենում։ Վերջին 3 տարիների ընթացքում Սիրիայում տեղի են ունեցել նախագահական, խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ։ Ի տարբերություն հարևան Լիբանանի և Իրաքի, այստեղ քաղաքական համակարգի դեմ ուղղված ցույցեր տեղի չեն ունենում։ Բայց Սիրիայի ներքաղաքական իրավիճակը հեռու է կայուն լինելուց։

Ռուս դիվանագետ Ալեքսանդր Աքսենյոնոկը Սիրիայի մասին խոսելիս այդ երկրում ստեղծված իրավիճակը համեմատում է ծխացող ածուխի հետ․ բավարար է անգամ մի փոքր քամին, որպեսզի կրակ բռնկվի։ Մի կողմից սիրիացիները համընդհանուր համաձայնություն չունեն իրենց երկրի ապագա քաղաքական համակարգի վերաբերյալ, մյուս կողմից էլ այստեղ 4 երկիր ռազմական ներկայություն ունի, կան նաև ռազմական խմբավորումներ, որը երկրում ստեղծված կայունությունն  էլ ավելի փխրուն է դարձնում (Սիրիայի տարածքում շարունակում են ռազմական ներկայություն ապահովել Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը։ Պարբերաբար ակտիվանում են «Իսլամական պետություն» և «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումների սիրիական ճյուղավորումները)։

ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար  Գեիր Պեդերսենը պարբերաբար կոչ է անում Անվտանգության խորհրդին աչքաթող չանել սիրիական հակամարտությունը՝ շեշտելով, որ ստեղծված փակուղային վիճակում լուծումը հնարավոր է գտնել միայն քաղաքական բանակցություններով։ 2019-ին ստեղծված Սահմանադրական կոմիտեի աշխատանքները 2022-ի մայիսից ի վեր գրեթե դադարեցված են (Սիրիայի Սահմանադրական կոմիտեն բաղկացած է 150 մարդուց, որոնցից 50-ը կառավարության ներկայացուցիչներն են, 50-ը՝ ընդդիմության, 50-ը՝ քաղաքացիական հասարակության: Այն պետք է երկրի համար նոր սահմանադրություն մշակեր)։  Սիրիացիներն իրենք նախկինի պես քաղաքական տարբեր հայացքներ ունեն ու չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Դրան նպաստում է նաև միջազգային իրավիճակը։ Իշխանություններն իրենց համարում են հաղթող և ընդդիմության մեջ չեն տեսնում արժանիների, որոնց հետ կարելի է բանակցել։ Իսկ խայտաբղետ ընդդիմությունն էլ չի հրաժարվում իր ամբիցիոզ պահանջներից։ Այս պայմաններում ներքաղաքական կոնսենսուսի հասնելն ավելի է բարդանում։ 

Սիրիան ներկայում բաժանված է ազդեցության գոտիների։ Սիրիայի իշխանությունները վերահսկում են երկրի տարածքի 68 տոկոսը՝ ներառյալ կենտրոնական մասը և միջերկրածովյան ափի խոշոր քաղաքները, որտեղ կենտրոնացած է բնակչության մեծ մասը՝ 14 մլն մարդ։  Թուրք-սիրիական սահմանի հյուսիսային հատվածը փաստացի երեք միավորման է վերածվել․ 4 անկլավներ, որոնք բռնակցվել են Թուրքիային ռազմական գործողությունների հետևանքով, ԱՄՆ հովանավորությունը վայելող քրդական խմբավորումները  հյուսիս-արևելքում, որոնք ինքնավարության են ձգտում,  և Իդլիբ նահանգը հյուսիս-արևմուտքում, որը  հիմնականում գտնվում է ընդդիմադիր և ահաբեկչական տարաբնույթ խմբավորումների վերահսկողության ներքո։ Արևելքում անապատային հատվածներից պարբերաբար ակտիվանում են «Իսլամական պետության» ներկայացուցիչները։  Երկրի տարբեր հատվածներում, առավել հաճախ հարավում, պարբերաբար տեղական բնույթի զինված բախումներ են տեղի ունենում, հյուսիսում էլ պարբերաբար հրանոթային համազարկեր են հնչում։ Սիրիան հարաբերությունները պարզելու մարտադաշտ է Իսրայելի և Իրանի, Թուրքիայի և քրդական զինված խմբավորումների միջև, ինչպես նաև աշխարհաքաղաքական դիմակայության գոտի է ԱՄՆ և Ռուսաստանի միջև։ Քրոնիկական անկայունությունը դարձել է Սիրիայի նոր իրականությունը, որի հետ ստիպված են համակերպվել այդ երկրի բնակիչները։

Սիրիայի իշխանությունները Իրանի և Ռուսաստանի աջակցությամբ ընդհանուր առմամբ վերահսկում են ներքաղաքական իրավիճակը։ Բայց Սիրիայի գործող իշխանությունների համար մեծ մարտահրավեր է երկրի տնտեսական վիճակը։ Տնտեսական ճգնաժամը գնալով ավելի ու ավելի է խորանում։ Մի կողմից տասնամյակից ավել տևած կործանարար պատերազմի հետևանքներն են, մյուս կողմից վերջերս տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքները, դրան գումարած նաև միջազգային պատժամիջոցները, որը սահմանափակում է ներդրումներ և ֆինանսական օգնություն նեգրավելու հնարավորությունը։

ՄԱԿ-ի գնահատականներով՝ սիրիացիների 90 տոկոսն աղքատ է, իսկ 70 տոկոսը միջազգային հումանիտար օգնության կարիք ունի։ Աշխարհում տնտեսական աճի դանդաղման և ռազմական ծախսերի ավելացման պայմաններում քիչ հավանական է, որ Սիրիան կստանա բավարար օգնություն ՄԱԿ-ի և այլ մարդասիրական կազմակերպությունների միջոցով։ 2022-ին ՄԱԿ-ի կողմից նախատեսված օգնության ծավալներն իրագործվել են միայն 47 տոկոսով։ Այս ամենի հետևանքով երկրի բնակչության կենսամակարդակը կտրուկ անկում է ապրում։ Միայն վերջին 3 ամիսներին առաջին անհրաժեշտության մթերքների գներն աճել են 30, իսկ վառելանյութինը՝ 44 տոկոսով։ Միջին ամսական աշխատավարձը կազմում է 15 դոլար, մինչդեռ 5 անդամ ունեցող ընտանիքի ամսական ապրուստի համար հարկավոր է 427-611 դոլար։ Երկրի բնակչությունը, այդ թվում և մայրաքաղաքի, ժամերով զրկված է էլեկտրաէներգիայից, առկա է նաև վառելանյութի պակաս, որը սրվել է այն բանից հետո, երբ Իրանը ներքին խնդիրներով պայմանավորված, կրկնակի կրճատել է նավթի մատակարարումները Սիրիա։ Մի շարք շրջաններում այդ ամենին գումարվել է նաև խմելու ջրի պակասը։ Մարդիկ զրկված են մաքուր ջուր խմելու հնարավորությունից, ինչի հետևանքով էլ մեծ թափով տարածվում են աղեստամոքսային համակարգի ինֆեկցիոն հիվանդությունները։  

Սիրիայի կառավարությունը հնարավոր ամեն ջանք գործադրում է ճգնաժամը մեղմելու ուղղությամբ։ Սակայն ներքին ռեսուրսների կրճատման պայմաններում այդ առումով իշխանություններն ավելի մեծ դժվարությունների են հանդիպում, քան պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում։ Բյուջեի պակասորդն ու ինֆլյացիան  ստիպել են իշխանություններին սահմանափակել սուբսիդավորման ծավալները և շահառուների շրջանակը։ Մինչդեռ այդպիսով նախկինում կարողանում էին գնային որոշակի կայունություն ապահովել։ Մեծ է նաև երիտասարդների գործազրկության մակարդակը։ Պատահական չէ, որ Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարարը 2022-ը համարել է վատագույնը վերջին 50 տարիների ընթացքում։

Այն, որ սիրիական համակարտության թնջուկի ծայրը դեռ չի երևում, պարզ է։ Պարզ է նաև, որ Սիրիայի իշխանությունները փորձում են վերականգնել հարաբերությունները գոնե արաբական աշխարհի հետ։ Վերջին մեկ  տարում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն արդեն 2-րդ անգամ է այցելում Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նրան ընդունում լ են բարձրագույն մակարդակով։ Նա այցելել է նաև Օման։ Նշմարվում են նաև նախադրյալներ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ երկու երկրները բանակցում են դեսպանատները վերաբացելու ուղղությամբ։ Քայլեր են ձեռնարկվում նաև Սիրիային Արաբական պետությունների լիգա վերադարձնելու ուղղությամբ։ Ասադն էլ, չմանրամասնելով, հայտարարել է, թե Սիրիան վերանայելու է իր արտաքին քաղաքականությունը` ավելի պրագմատիկ մոտենալով տարածաշրջանային փոփոխություններին և իրողություններին։ Այս ամենը հույս է ներշնչում, որ, չնայած հակամարտության ակտիվացման կանխատեսումներին,  Սիրիան կկարողանա որոշակի հավասարակշռություն ապահովել ներքին և արտաքին քաղաքական կյանքում, աստիճանաբար վերընձյուղվել ավերակներից ու  դանդաղ տեմպերով հակամարտությունը մոտեցնել իր  հանգրվանին։ 

 

Գլխավոր լուսանկարում տեսարան է Հալեպից։ Երկրորդ լուսանկարում պատկեր է Քոբանեից, երրորդում՝ Ռաքքայից։

Աղբյուրը՝ news.un.org, russiancouncil.ru, foreignpolicy.com

 

Սիրիա Մերձավոր Արևելք խմբագրի ընտրանի քաղաքացիական պատերազմ Աշխարհում

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին