f

Անկախ

1967 թ. հոկտեմբերին Համազասպ Բաբաջանյանին շնորհվեց ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի մարշալի կոչում


«Երբ մի հետադարձ հայացք եմ գցում իմ անցած մանկության օրերին, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում, և նրա կարոտը հաճախակի է ձգում ինձ դեպի այն, դեպի իմ օրրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ, նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»: 

Հայոց ռազմարվեստի պատմության և հայ ռազմական ոգու կերտման գործում անուրանալի ավանդ ունի ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:

 Ապագա մարշալը և «Ոսկե աստղի» ասպետը ծնվել է 1906 թ. փետրվարի 18-ին, Ելիզավետպոլի նահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու գյուղում` Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում: Խաչատուր Բաբաջանյանն իր բազմանդամ ընտանիքը կերակրում էր հովվությամբ: Նա գյուղի հովիվն էր և հաճախ էր Համազասպին, որ իր երրորդ զավակն էր, հետը սարեր տանում: 

Այստեղից է ծնվել ապագա զորահրամանատարի ու մարշալի մեծ սերը դեպի հայրենի բնությունը, դեպի իր գյուղը: Շուտով պատանի Համազասպը ընդունվում է գյուղի ծխական դպրոցը: Սակայն ուսումը կիսատ է թողնում, քանզի 1915 թ. հայրը լավ ապրուստի ակնկալիքով ընտանիքով տեղափոխվում է Թիֆլիս: Այստեղ Համազասպն ընդունվում է հայկական դպրոց, սակայն դարձյալ չի ավարտում այն, քանզի մի քանի տարի անց ընտանիքը դարձյալ տեղափոխվում է հայրենի գյուղ, ուր նա զբաղվում է հողագործությամբ: Սակայն ուսման և ռազմական գործի տենչը չի մարում Համազասպի սրտում: Շուտով նրա առջև մեծ հեռանկարներ են բացվում, երբ զորակոչվում է: Տեսնելով երիտասարդի ձգտումը` նրան գործուղում են Երևան, և 1925 թ. ապագա մարշալն ընդունվում է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը, որը չորս տարի անց ավարտում է գերազանցությամբ: Ապա տեղափոխվում է Թբիլիսի և ուսումը շարունակում Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոցում:

 Ավարտելուց հետո նա ծառայության անցավ Կովկասյան չորրորդ հետևակային գնդում որպես դասակի հրամանատար: Արագ բարձրանալով ծառայողական սանդուղքով` շուտով դառնում է վաշտապետ, ապա` գումարտակի հրամանատար: Այնուհետև նա նոր նշանակում է ստանում և տեղափոխվելով Լենինգրադ` ծառայության է անցնում որպես հետևակային գնդի հրամանատարի տեղակալ: 1939-1940 թթ. Համազասպ Բաբաջանյանը ստացավ իր մարտական մկրտությունը` մասնակցելով խորհրդա-ֆիննական ծանր պատերազմին: 

Այստեղ ցուցաբերած անձնական քաջության և խիզախության համար Բաբաջանյանն արժանացավ խրախուսանքի: Հայրենական պատերազմը Բաբաջանյանը դիմավորեց որպես 19-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի տեղակալ` մայորի զինվորական կոչումով: Շուտով նա նշանակվեց 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Որպես հրաձգային գնդի հրամանատար մասնակցեց Սմոլենսկի և Օրյոլի պաշտպանության մարտերին: Այս մարտերում նա աչքի ընկավ համառությամբ, անձնազոհությամբ: Գունդը` Բաբաջանյանի հրամանատարությամբ, առաջինը ԽՍՀՄ-ում ստացավ գվարդիական կոչում: Պատերազմին զուգահեռ Բաբաջանյանը ուսում էր ստանում: Նա 1942 թ. ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները: Պատերազմի ավարտից հետո Բաբաջանյանը շարունակեց ուսումը և 1948 թ. ավարտեց ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: 

Պատերազմը տաղանդաշատ զինվորականի համար լավ հարթակ էր, և նա արագ առաջխաղացում ապահովեց իր համար: 1942 թ. Համազասպ Բաբաջանյանն արդեն մեքենայացված բրիգադի հրամանատար էր և այդ պաշտոնում մասնակցեց Կուրսկի ճակատամարտին: Հետագայում այդ ճակատամարտում իրեն լավագույն կողմերով դրսևորած զորահրամանատարը կգրի.

 «... Հառաչում էր հողը, ճակատամարտի մասշտաբը գերազանցում էր մարդկանց երևակայությունը: Հարյուրավոր տանկեր, թնդանոթներ վերածվում էին մետաղյա ջարդոնի լեռնակույտերի: Խավարել էր արևը, նրա սկավառակը հազիվ էր երևում արկերի ու ռումբերի պայթյունից առաջացած ծխի ու փոշու միջից»: 

1943 թ. Բաբաջանյանը կարևորագույն դերակատարություն ունեցավ Կիևի ազատագրման և Դեսնայի գետանցման մարտերում: 1944-ից Համազասպ Բաբաջանյանն Առաջին տանկային բանակի 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատարն էր և կռվում էր Բելառուսական ռազմաճակատում: Նա խորամանկությամբ և հմուտ ռազմավարությամբ աչքի ընկավ Կազատին քաղաքի ազատագրման մարտերում: Ֆաշիստները «Վագր» և «Հովազ» տանկերից բաղկացած 19 դիվիզիա էին կուտակել Կուրսկ-Բելգորոդի ուղղությամբ: Բաբաջանյանի առաջադրանքն էր ճեղքել այդ պաշտպանությունը և գրավել Կազատին քաղաքը: Համազասպը որոշեց քաղաքը գրավել գիշերով և հրամայեց հանկարծակիի բերել թշնամուն` վառել բոլոր տանկերի, զրահապատ ինքնագնացների լույսերը, միացնել բոլոր շչակներն ու ազդանշանները: Հոգեբանական գրոհը տվեց իր ազդեցությունը և այդպիսի շլացուցիչ լույսերի ու ահարկու շաչյունի ազդեցությամբ էլ խորհրդային զորքերը մտան քաղաք ու գրավեցին այն: 

Հետագա մի քանի օրում Բաբաջանյանն ազատագրեց բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր: Երրորդ մեքենայացված կորպուսի հրամանատար գեներալ Ի. Դրեմովը Հ. Բաբաջանյանի պարգևատրման թերթիկում գրել է. «1944 թ. մարտի 21-ից մինչև ապրիլի 1-ը Ստանիսլավի ուղղությամբ ֆաշիստական զավթիչների դեմ մղված կռիվներում Հ. Բաբաջանյանը որպես բրիգադի հրամանատար, աչքի ընկավ իր համարձակությամբ, վճռականությամբ, հմտությամբ: Բրիգադը, դրսևորելով սրընթաց շարժունակություն, շրջանցեց հակառակորդի թիկունքը և կտրեց նրա նահանջի ուղին...»: 

Գերագույն գլխավոր հրամանատարությունը գնահատեց Բաբաջանյանի ծառայությունները և նա 1944 թվականի ապրիլի 26-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման: Իսկ նա իսկապես խիզախ էր մարտում: 1944 թ. ամռանը մարտերից մեկի ժամանակ նա ծանր վիրավորվեց կոկորդից: Սակայն փոքր ինչ ապաքինվելով` դարձյալ մեկնեց ճակատային գիծ: 1945 թ. Գերագույն գլխավոր հրամանատարությունը գվարդիայի գնդապետ Համազասպ Բաբաջանյանին շնորհեց զրահատանկային զորքերի գեներալ-մայորի զինվորական կոչում, որով էլ նա մասնակցեց Բեռլինի գրավման մարտերին: 

ԽՍՀՄ ԳԽ նախագահության շրջաբերականում Բեռլինի գրավման մարտերում աչքի ընկած զորամասերի թվում հիշատակվում է նաև Համազասպ Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասը և դրա խիզախ հրամանատարի անունը: Հետագայում նրա մասին ակնածանքով է արտահայտվել ԽՍՀՄ մարշալ Գ.Կ.Ժուկովը. «Չափազանց խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան լավ եմ ճանաչում ու հարգում»: Հայրենական պատերազմի ավարտից հետո գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյանը Գերմանիայում ծառայեց որպես բանակի շտաբի պետ, ապա` բանակի հրամանատար: 

1956 թ. հենց Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան ներխուժեց Հունգարիա և ճնշեց տեղի ապստամբությունը խորհրդային ռեժիմի դեմ:

 1959-1967 թթ. Համազասպ Բաբաջանյանը Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատարն էր: Ապա դարձավ մարշալ Ռ. Մալինովսկու անվան Զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, 1969-ից` ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի հրամանատար: 

1967 թ. հոկտեմբերին Համազասպ Բաբաջանյանին շնորհվեց ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի մարշալի կոչում: Համազասպ Բաբաջանյանը նաև ակտիվ հասարակական կյանքով էր ապրում. 1962-1970 թթ. նա ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՌԽՖՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր էր: Նա նաև Զալեշչիկի, Գդինյա, Ելնյա քաղաքների պատվավոր քաղաքացի էր: Բաբաջանյանը նաև գրում էր: 1981 թ. ԽՍՀՄ Պետհրատը հրատարակեց նրա «Ծառայությունն այսպիսին է` հաղթել» հուշագրությունը, որը մի քանի տարի անց լույս տեսավ նաև հայերեն: Խորհրդային հայրենիքը ըստ արժանվույն գնահատեց հայազգի զորահրամանատարի վաստակը: Նա արժանացել է Լենինի անվան 4, Կարմիր դրոշի` 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Սուվորովի առաջին և երկրորդ, Կուտուզովի առաջին, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈՒ հայրենիքին ծառայելու համար» երրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշանների: Մեծ հայորդին մահկանացուն կնքեց 1977 թ. նոյեմբերի 1-ին` 71 տարեկան հասակում, Մոսկվայում:

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Համազասպ Բաբաջանյան կենսագրություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին