f

Անկախ

«Իմ ստեղծած հագուստով փորձում եմ հիշեցնել հայրենիքի կորցրած ամեն մասնիկի մասին և ցույց տալ հայի լինելիությունը»․ Իննա Բաբայան


«Այն, ինչ ունեցել եմ, իմ հիշողություններում է, այն, ինչ կարող եմ ունենալ, իմ ձեռքերում է»․ այս կարգախոսով է առաջնորդվում Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Իննա Բաբայանը՝ հայրենազրկումից հետո փորձելով չկոտրվել ու պայքարել՝ կրկին արարելու ու ստեղծելու համար։

Բաբայանը վստահ է՝ հայրենազրկումը ժամանակավոր է, մի օր ինքն անպայման հայրենի Բերձոր է վերադառնալու։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, ինքներս մեզ համար պետք է նման նպատակ սահմանենք ու հաղթահարենք դրա ճանապարհին առկա մարտահրավերները։ «Եթե կոտրվենք, հետ չենք բերի մեր կորցրածը, եթե կոտրվենք, ի սպառ կվերանա հայը։ Պետք է պայքարենք, որ կարողանանք մեր կորցրածը հետ բերել»,- ասում է նա՝ հավելելով, որ այնքան համոզված է՝  Երևանում գտնվելը ժամանակավոր է, որ անգամ չի կարողանում նոր բնակարանի մասին մտածել։ 

«Հայրենիքն ազատագրելու համար մեզ պետք է  միասնություն և խելքը գլխին կառավարություն»,- ասում է նա։

Իննա Բաբայանը ծնունդով Ստեփանակերտից է։ Ամուսնացել է Երևանում, ապա ամուսնու հետ 2010-ին հաստատվել Բերձորում։ Ասում է՝ այն ժամանակ համարում էր, որ այդպիսով այդ հողն ազատագրողների գործն է շարունակում՝ բնակեցնելով ազատագրված հայրենիքը։ Բաբայանը եղել է Բերձորի մանկապարտեզի տնօրենը, ամուսիններով նաև ունեցել են ֆերմա, իրենց ողջ եկամուտն էլ ներդրել են Բերձորում տուն և տնտեսություն ստեղծելու մեջ։ 

Հայրենազրկումից հետո Բաբայանը որոշել է հագուստի բրենդային արտադրություն հիմնել՝ ստեղծված մոդելներում ամփոփելով իր կարոտը հայրենի հողի հանդեպ, իր հոգու ցավը և հայկական էությունը։ Այսպես էլ ստեղծվել է «ԼուսԻննա» բրենդային հագուստը, որի առանձնահատկությունն այն է, որ այն պատրաստված է բացառապես ոչ թուրքական հումքից և զարդարված է Արցախը խորհրդանշող սիմվոլներով ու պատկերներով։ Անգամ թռչնատառ շարֆերի ետնապատկերում Արցախը խորհրդանշող Տատիկ-պապիկի արձանն է, կամ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։

 «Քանի դեռ Արցախն ազատագրված չէ, իմ ասելիքն ավարտված չէ»,- ասում է Բաբայանը՝ հավելելով, որ հագուստի վրա  ասեղնագործվող յուրաքանչյուր տեսարանի մեջ ամփոփված է կորստի ցավն ու այն վերագտնելու հույսը։

Բաբայանն ասում է՝ իր համար սկզբունք է միայն հայկական մոտիվներով հագուստի արտադրությունը։ Այդ իսկ պատճառով մերժում է պատվերները, որոնք առաջարկում են հայկականի հետ կապ չունեցող պատկերներ դաջել հագուստի վրա։ 

«Այսօր կարծրատիպ կա, որ հայկականը թանկ է։ Ես ուզում եմ՝ այդ կարծրատիպը վերանա, որ մարդիկ հասկանան, որ հայկականը կարող է լինել որակյալ ու մատչելի։ Մենք պետք է ոչ թե վախենանք մրցակցությունից, այլ այնքան շատ ու որակյալ լինի հայկականի առաջարկը, որ կարողանանք դուրս մղել թուրքականը։ Չեմ ընդունում նաև, որ հայկական արտադրանքի վրա հայտնի բրենդների նշաններ են պատկերում։ Ասում են՝ դա վաճառվող է, պահանջարկն է այդպիսին։ Բայց գուցե մենք արտադրողներս ենք թելադրում։ Եթե պետք է նմանակենք, մենք երբեք թելադրող չենք լինի»,- ասում է նա։ Բաբայանն ասում է՝ ամեն գնով մերժում է նաև թուրքական հումքի ձեռքբերումը։ Ճիշտ է՝ այլ երկրների հումքը գնային առումով ավելի թանկ է, արդյունքում իրեն ավելի քիչ շահույթ է մնում, բայց սկզբունքն ամեն ինչից վեր է։ «Ավելի լավ է հաճախորդները շատանան, քան մեկի մեջ գումար շատ աշխատեմ»,- ասում է նա։

Բաբայանը Հայ ավետարանչական ընկերակցության աջակցությամբ ձեռք է բերել սարքավորումներ՝ արտադրությունը սկսելու համար։ Սակայն արտադրամաս դեռևս չունի, տան պայմաններում են աշխատում։ Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ ասում է, որ նախ և առաջ մտադիր է Արցախում «ԼուսԻննայի» բրենդային խանութ բացել, հետո միայն  մասնաճյուղ բացել Երևանում։

«Իմ ստեղծած հագուստով փորձում եմ հիշեցնել հայրենիքի կորցրած ամեն մասնիկի մասին և ցույց տալ հայի լինելիությունը»,- ասում է Իննան։

Վստահեցնում է հաճախորդներից միայն ու միայն դրական արձագանք է ստանում, ինչն էլ օգնում է չկոտրվել և պայքարել՝ ի հայտ եկող դժվարությունները հաղթահարելու համար։ «Հաճախորդներիս արձագանքը պարտավորեցնում է, որ ավելի պատասխանատվությամբ մոտենամ այս գործին»,- ասում է նա։

Իննան ասում է, որ այս օրերին ավելի դժվար է ստեղծագործելն ու աշխատելը՝ հաշվի առնելով Արցախի շրջափակումը։ Իսկ իր ստեղծած դիզայնը՝ Տատիկ-պապիկի արձանի և սրտի զարկերի համադրմամբ, եթե նախկինում խորհրդանշում էր, որ Արցախը այն կրողի սրտում է, ապա այժմ դարձել է կյանքի ճանապարհի խորհրդանիշը։

Ասում է՝ իր ողջ հարազատությունն Արցախում է՝ շրջափակման մեջ։ Եվ ինքն իրեն ավելի լավ կզգար, եթե այս դժվարին պահին ինքն էլ այնտեղ լիներ ու նույն դժվարությունները կրեր։ Պատմում է, որ չի կարողանում իր երեխայի համար միրգ գնել՝ իմանալով, որ Արցախում բոլորը, այդ թվում և երեխաները զրկված են մրգից։ «էն օրը գազն եմ անջատել՝ թե մերոնք այնտեղ ցրտին են, ես այստեղ տո՞ւն եմ տաքացնում։ Որ այնտեղ չեմ, թվում է, թե դավաճանում եմ մերոնց»,- ասում է նա։

Վստահեցնում է՝ Արցախում շրջափակման մեջ գտնվողներն ավելի ամուր են հոգով և առանց տրտնջալու զրկանքները կրում են, քանի որ գիտեն, թե ինչի համար են պայքարում։  

«Իրենք ասում են՝ պետք լինի, տարիներով այսպես կապրենք, միայն թե Արցախը չտան, միայն թե Հայաստանից մի թիզ հող չզիջեն, որովհետև զիջելու դեպքում մի 3 ամիս հետո  էլի ճանապարհը կփակեն ու մի ուրիշ տարածք կպահանջեն։ Արցախը մեր նույն հայրենիքն է։ Եթե կորցնենք Արցախը, սա էլ կկորցնենք»,- ասում է նա։ 

Վստահեցնում է՝ Արցախում հիմա մի այլ կերպ միաբանված են։ «Միայն պատերազմի ժամանակ էր, որ թիկունքից հարված եղավ։ Հողը զենքով պաշտպանեցին, բայց ստորագրությամբ տվեցին։ Հիմա էլ հանկարծ նման բան չլինի։ Ես դրանից եմ վախենում։ Արցախցիները փոքրից մեծ տանում են այդ զրկանքները, միայն թե նման դավաճանություն չլինի, չասեն՝ թողեք դուրս եկեք։ Միակ մտավախությունը դա է, որ այս անգամ էլ նույնը կլինի»,- ասում է նա։

Վստահեցնում է՝ սուտ են պնդումները, թե ճանապարհը բացելու դեպքում մարդիկ Արցախը կլքեն։ «Քրոջս տունը պատերազմի ժամանակ վնասվել էր։ Իրենք մինչև դեկտեմբերի վերջ վերանորոգում էին։ Իմ զարմանքին էլ պատասխանում՝ դե հիմա շինանյութն առել ենք, հո չենք թափի, որտեղ պրծավ, կանգ կառնենք»,- ասում է նա։ 

Իննան ևս չի կորցնում լավատեսությունը՝ չնայած իրավիճակին։ Համոզված է՝ ճանապարհը կբացվի ու ամեն ինչ լավ կլինի։ «Ես չեմ հավատում, որ  մի օր Արցախ չենք ունենալու։ Եթե նման բան լինի, կնշանակի, որ Երկրի վրա հայ չի լինելու»,- ասում է նա։ 

 

կյանքը զրոյից կորսված հայրենիք Արցախ Բերձոր Քաշաթաղ բրենդային հագուստ Հայկական արտադրանք ԼուսԻննա խմբագրի ընտրանի Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին