f

Անկախ

Ես սպասում եմ այդ հրաշքին, երբ մի օր կրկին Հադրութ ենք վերադառնալու․ Վալենտինա Ավանեսյան


«Այնպիսի իրավիճակում ենք, որ կամ պետք է առաջ շարժվենք և հաղթենք, կամ վերանալու ենք։ Եվ ես սպասում եմ այդ հրաշքին, երբ մի օր կրկին Հադրութ ենք վերադառնալու»,- ասում է 37-ամյա Վալենտինա Ավանեսյանը։

Ավանեսյանը մինչև 44-օրյա պատերազմը ամուսնու և երեք երեխաների հետ ապրել է Հադրութում։ Ասում է՝ արմատներով խորն Արցախցի է, նախնիները երբեք չեն լքել հայրենի Արցախը, իրենք էլ չէին հեռանա, եթե չլիներ պատերազմը։

Ավանեսյանի ամուսինը զինվորական է 27 տարվա փորձով։ «Հետախույզ է, ողջ կյանքում ծառայել է առաջնագծում, Արցախի ամեն մի թիզը, ամեն դիրքը անգիր գիտի։ Իսկ ես մանկավարժ եմ, դպրոցում ռուսաց լեզու էի դասավանդում»,- պատմում է Վալենտինան նախապատերազմյան իրենց կյանքի մասին։ 

Հիշում է՝ 2020-ի սեպտեմբերի 25-ին Հադրութի  ողջ գնդին տագնապով առաջնագիծ են տարել։ «Փոքրս այն ժամանակ 8 ամսական էր, չուզեցա 3 երեխաների հետ տանը մենակ մնալ։ Եղբորս կանչեցի, որ ինձ հայրական տուն տանի՝ Տող գյուղ,- հիշում է նա։- Ամսի 27-ին ամուսինս 6։30 զանգեց, զրուցեցինք, ասաց, որ ամեն բան նորմալ է։ Աչքս կպավ, մեկ էլ մի դղրդյուն լսվեց։ Տեղիցս վեր եմ թռել, հասկանում եմ, որ անձրև ու ամպրոպ չէ, ուրիշ բան է։ Որ հիշում եմ․․․»։

Ասում է՝ փորձում էր ամուսնու հետ կապվել, բայց հնարավոր չէր զանգել, կապուղիները գերծանրաբեռնված էին։ 

«Անպատմելի է մարդու վիճակը, որի գլխին միանգամից աշխարհն է փուլ գալիս։ Այդ պահին դու ես ու երեխաներդ, պետք է մի բան անես, երեխեքիդ փրկես, բայց ձև չկա, ի՞նչ անես, ո՞ւր տանես։ Պատրաստված էլ չէինք, մի արևոտ օր հանկարծ ռումբերը թափվում են գլխիդ, ու չգիտես, թե երեխաներիդ  ոնց փրկես»,- ասում է նա։

Մի քանի օր  նկուղում են մնացել, այնուհետև քրոջ ամուսինը երկու ընտանիքների կանանց ու երեխաներին ՀՀ տարածք է տեղափոխել։ «Մարդիկ անգամ իրենց բակում էին վիրավորվում։ Խաղաղ բնակիչներն էին թշնամու թիրախում»,- հիշում է նա։

Շարունակությունը, որ Վալենտինան բնորոշում է որպես մղձավանջային սպասում, նա չի հիշում։ Չի կարողանում նկարագրել նաև իր ապրումները, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրի լուրն է ստացել։ «Ոնց որ քեզ բարձրացնեն երկինք ու բաց թողնեն անդունդի վրա։  Պատերազմի ընթացքում  եղբայրս, ամուսինս, փեսաներս, մորաքրոջս երեխաները, մեր շրջապատի բոլոր տղամարդիկ պատերազմի դաշտում էին, պայքարում էին մեր հող ու ջրի համար,  որ ունենանք, ապրենք։ Բայց մի գրչի հարվածով մեզ ջնջեցին աշխարհի երեսից, արմատախիլ արեցին ու շպրտեցին»,- ասում է նա։

Վալենտինայի ամուսինը պատերազմից հետո ներգրավվել է որոնողական աշխատանքներում, քանի որ տեղանքին քաջածանոթ էր։ Բայց մեկ ամիս անց դժբախտ պատահար է տեղի ունեցել․ նա պայթել է ականի վրա՝ կորցնելով ձախ ոտքը։ Ասում է՝ դեպքը տեղի է ունեցել այն վայրի մոտակայքում, որտեղ ամուսինը և մարտական ընկերները պատերազմի ժամանակ պայթել էին, 11-ից չորսն էին հրաշքով  ողջ մնացել։

«Այսքանից հետո նյութականի մասին ընդհանրապես չեմ մտածում։ Մեր հարկի երկու հարևանները զոհվել են։ Երբ  տեսնում եմ, թե ոնց են նրանց երեխաները հոր գերեզմանը գրկում, էլ նյութականն աչքիս չի երևում։  Ամեն օր Աստծուն փառք ենք տալիս, որ ամուսինս  մեզ հետ է, որ երեխաների հետ է։ Այսքանից հետո  իրոք փառք ենք տալիս մեր վիճակին»,- ասում է նա։ 

Հարցին՝ արդյոք իրենց համար սպասելի էր պարտությունը պատերազմում և հայրենազրկման հեռանկարը, Վալենտինան պատասխանում է․ «Այս ամենը սպասելի չէր, մենք երբեք չենք իմացել, որ կարող է նման բան լինել, ամուսինս անգամ այդքան տարվա զինվորական, երբեք չի պատկերացրել, որ նման բան կարող է լինել, ու չէր լինի, եթե  չլինեին այդքան դավաճանությունները։ Մեր բանակը հաստատ ուժեղ էր»։

Ասում է՝ հայրենազրկումից 2 տարի անց դեռևս չեն հարմարվել նոր իրավիճակին, դեռ սպասում են, բայց թե ինչի, իրենք էլ չգիտեն։ 

«Ես տեսնում եմ, որ մեր երկիրը  պատրաստ չէ մեզ համար ինչ-որ մի բան անելու, մեր երկիրն ուղղակի ձեռք է քաշել մեզանից։ Ես տեսակով այնպիսին եմ, որ չեմ սիրում նստել և  սպասել, թե ինչ կտան։ Ես նախընտրում եմ չարչարվել, չքնել, բայց պատվով իմ գործն անել, գումար աշխատել ու  ոչ մեկից կախված չլինել։ Դա է իմ կարգախոսը»,- ասում է Վալենտինան։

Նա 2021-ից սկսել է հրուշակագործությամբ զբաղվել։ Ասում է՝ ուսուցչի համար բիզնեսում ամեն ինչ նոր է ու դժվար։ Մասնակցել է բիզնես դասընթացի, վերջում բիզնես պլան է կազմել, որն էլ արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին։ Նա դրամաշնորհ է ստացել՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Պրոֆեսիոնալ մակարդակով հրուշակագործությամբ զբաղվելու համար պակասում է միայն արտադրամասի համար տարածք ունենալը։ Այս հարցում, սակայն, Վալենտինային խոչընդոտում են վարձակալության բարձր գները։ Ասում է՝ հույս ունի, որ որևէ ծրագրով կկարողանա սկզբնական մի քանի ամիսների վարձակալության գումար ստանալ։ Վստահ է, որ այդ պարագայում կկարողանա հաջողել․ մինչ այս մի քանի փառատոնների է մասնակցել ու մեծ հաջողություն ունեցել՝ հաճախորդներից լսելով բացառապես գովեստի խոսքեր և հետագայում էլ որակը պահպանելու խնդրանքներ։ Հատկապես պահանջված են նրա արցախյան փախլավան և կաթնահունց գաթան։

 «Արցախում  որպես հոբբի զբաղվում էի հրուշակագործությամբ, երբեմն փոքր պատվերներ  էի ունենում իմ շրջապատից»,- ասում է Վալենտինան՝ հավելելով, որ այժմ փորձում է հոբբին բիզնեսի վերածել։  Այստեղ էլ առաջին պատվիրատուները հադրութցիներն են եղել, որոնք խնդրել են այնպես թխել, որ ունենա նույն համն ու հոտը, ինչ Հադրութում էր։ 

Ասում է՝ տան պայմաններում շատ պատվերներ չի ընդունում։ Բայց մի պատվերից մյուսն է ծնվում, իր խմորեղենները համտեսած մարդիկ առիթների ժամանակ արդեն իրեն են դիմում պատվերի համար։ Իսկ երբ իր արտադրամասն ունենա, վստահ է՝ խանութներում էլ կկարողանա սպառել իր խմորեղենները, անգամ նախնական պայմանավորվածություններ ունի։ Վալենտինան իր աշխատանքները ներկայացնում է նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ գործում է նրա Valentina sweet cake էջը։

«Հիմա էջն ակտիվ չեմ վարում, քանի որ ուշադրություններս Արցախի վրա է»,- ասում է նա՝ հավելելով, որ շրջափակման մեջ են նաև իրենց հարազատները։ 

«Այս պայմաններում, երբ գիտես, որ այնտեղ ամեն ինչի կարիք ունեն, որ ամեն բան հերթով վերջանում է, անգամ կերածդ չես մարսում»,- ասում է նա։ 

«Այս զարգացած դարում ո՞նց է այդ ամենը  կատարվում աշխարհի աչքի առաջ ու ոչ մեկը ձայն չի հանում»,- ասում է Վալենտինան՝ հավելելով, որ անտարբերությունն այնքան մեծ է, որ  պատերազմից 2 տարի անց դեռևս հանդիպում է մարդկանց, որոնք չգիտեն, որ Հադրութը թշնամու տիրապետության տակ է ու իրեն հարցնում են՝ երբ է Հադրութ վերադառնալու կամ արդյոք Հադրութ գնում գալիս է։ 

«Այս վիճակում ենք, քանի որ հնազանդ ընդունում ենք այն ամենը, ինչ մեր գլխին սարքում են, դավաճաններին չենք պատժում։ Ես մեղավոր եմ տեսնում բոլորիս մեր այս հնազանդ վիճակի համար»,- ասում է նա։

Վալենտինան վստահ է՝ այս պատային իրավիճակից ելքը ողջ ուժերը հավաքելն ու թշնամուն քշելն է։ Նույնը տեղի է ունեցել նաև 90-ականներին։ 

«Հիմա պետք է զինվել, ինչքան գիտնական ունենք, բոլորին կանչել հայրենիք ու ստեղծել հզոր ռազմարդյունաբերություն, բանակը վերականգնել, կրճատումներ չանել այլ նորից փորձել զինել։ Մենք մեր թշնամուն լավ ենք  ճանաչում, նրա հետ ընդհանրապես չի կարելի այսպիսի իբր թե եղբայրական  հարաբերություններ ստեղծել։ Թշնամին պատրաստվում է  այնպես հարվածի, որ մենք էլ չկարողանանք վերականգնվել։ Երբեք հնարավոր չէ մարդասան թշնամու հետ խաղաղ ապրել, կամ դու ես, կամ նա»,- ասում է  նա։ 


 

Հադրութ Արցախ 44-օրյա պատերազմ կորսված հայրենիք կյանքը զրոյից խմբագրի ընտրանի Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին