f

Անկախ

Այսօր Գարեգին Նժդեհի տարեդարձն է. Զանգեզուրի գոյամարտը


«Քաջերին, միայն քաջերին է լսում և զորավիգ լինում պատերազմների քմահաճ աստվածը: Վախկոտներն իզուր են կանչում նրան: Խուլ է նա նրանց համար»:

«Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը: Մի զինվոր սպանում է Արքիմեդին: Հաղթում է ուժեղը, և ոչ արդարը: Վայ թույլերին»:

Նժդեհը` Գարեգին Տեր-Հարությունյանը, հայ ազատագրական պայքարի հսկաներից է: Սակայն նրան ներկայացնել սոսկ որպես ազատամարտիկ, զորավար, սխալ կլինի: Նժդեհը մի ողջ փիլիսոփայության, դպրոցի հիմնադիր էր և մի քանի սերունդների կրթող: Նժդեհը ծնվել է 1886 թ. հունվարի 1-ին, Նախիջևանի Կզնութ գյուղում, ծխական քահանայի ընտանիքում: Նախնական կրթությունը ստանալով տեղում` նա հետագայում ուսումը շարունակեց Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ապա` Սոֆիայի Ֆերդինանտ թագավորի անվան զինվորական ուսումնարանում:

Դեռ երիտասարդ տարիքում Նժդեհը տարվում է հեղափոխական գաղափարներով, մաս է կազմում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության, որն էլ իսկական դպրոց է դառնում Նժդեհ-մարդու և հեղափոխականի ձևավորման գործում: Իսկ վաղ երիտասարդության շրջանում նրա ուղու ընտրության մեջ մեծ դեր են ունեցել Միքայել Նալբանդյանի հեղափոխական հայացքները:

Իր անհանգիստ կյանքի ընթացքում ինչ ասես, որ չտեսավ մեծ նվիրյալը: Բանտ, աքսոր, կալանք, պատերազմներ Հայաստանում, Իրանում, Բալկաններում, Երկրորդ աշխարհամարտ… 1907 թ. նա ակտիվ մասնակցություն ունեցավ պարսկական հեղափոխությունում: Հայկական ջոկատի կազմում շատ նշանակալից ճակատամարտերի մասնակցեց և աչքի ընկավ: Ապա վերադարձավ Անդրկովկաս` զենք հայթայթելու և Պարսկաստան տեղափոխելու նպատակով, բայց ձերբակալվեց ռուսական իշխանությունների կողմից և բանտարկվեց:

1912 թ. Նժդեհն ազատ է արձակվում և մեկնում է Բուլղարիա: Այստեց նա դիմավորեց Բալկանյան պատերազմն ու զինվորագրվեց նրան: 300- հոգանոց հայ կամավորների ջոկատով մասնակցեց ողջ պատերազմին և Բուլղարիայի ու Հունաստանի կառավարությունների կողմից շատ պարգևների արժանացավ: Աչքի ընկավ հատկապես Մեղրամլիի ճակատամարտում:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նա անմիջապես զինվորագրվեց կամավորական շարժմանն ու դարձավ հայկական երկրորդ կամավորական ջոկատի փոխհրամանատարը (հրամանատար` Դրո): Աչքի ընկավ նաև հայ-թուրքական ճակատում և բազում կառավարական պարգևների արժանացավ ռուսական կաբինետի կողմից: Նժդեհը կարողանում էր վճռական պահին ստանձնել պատասխանատվությունն ու որոշումներ ընդունել:

1918 թ. մայիսին, երբ հայոց համարյա ողջ զինուժը կենտրոնացած էր Երևանի մատույցներում` Բաշ-Ապարանում և Սարդարապատում, և թվում էր` հնարավոր չէ Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական բանակի առաջն առնել, Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկովը հրաման արձակեց` Ղարաքիլիսայի վրա թուրքերի հարձակման դեպքում նահանջել դեպի Դիլիջան և Շահալի:

Նժդեհն արագ հասկացավ, որ այդ հրամանը կործանարար է: Հարկ էր ամեն կերպ կասեցնել թուրքերի առաջխաղացումը այդ ուղղությամբ: Եվ Նժդեհը գործի անցավ: Նա իր հեծյալներով սլացավ Ղարաքիլիսա, տեղում դասավորեց ուժերը և արժանի հարված հասցրեց թուրքական անարգել արշավող բանակին: Ճիշտ է, թուրքերն ի վերջո գրավեցին Ղարաքիլիսան, բայց նրանց արշավանքը կասեցվեց, և թուրքական հրամանատարությունը չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը:

Հետագայում Վեհիբ փաշան կխոստովանի, որ «հայերը Ղարաքիլիսայում ցույց տվին, որ կարող են լինել աշխարհի ամենալավ կռվողները»:

Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց 1918 թ., բայց Հայաստանի Հանրապետության համար այն դեռ ավարտված չէր: Ադրբեջանի Հանրապետությունը, դաշնակցած Խորհրդային Ռուսաստանի հետ, ոտնձգություններ էր անում ՀՀ տարածքների` Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի նկատմամբ: Եվ ՀՀ կառավարությունը 1919 թ. հունիսին Նժդեհին ուղարկում է Զանգեզուր որպես Կապան-Գողթնի հրամանատար: Հասնելով Զանգեզուր` Նժդեհն անմիջապես ձեռնամուխ եղավ կամավորական վաշտերի ձևավորմանը: Կարճ ժամանակում նա ստեղծեց հեծյալ և հետևակ շարժուն խմբեր, պաշտպանական համակարգեր, մարտունակ ջոկատներ: Պատերազմը երկար սպասեցնել չտվեց: 1919 թ. նոյեմբերի սկզբին ադրբեջանական բանակը` Ալի Աղա Շախլինսկու գլխավորությամբ, հարձակվեց մի քանի ուղղություններով: Թուրքական առաջին հարվածը կասեցվեց: Ապա նոյեմբերի 15-ին, անցնելով հակահարձակման, Նժդեհն ազատագրեց Ողջի գետի հովիտն ու ճանապարհ բացեց դեպի Գողթն: Սակայն Նժդեհը ստիպված էր երկու ճակատով կռվել. Զանգեզուրի թուրքական գյուղերը թիկունքից հարձակվում էին հայկական ուժերի վրա, արհեստական խոչընդոտներ ստեղծում, թալանում և ավերում հայկական գյուղերը:

Նժդեհը հրաման տվեց իր վաշտերին մաքրել Զանգեզուրը թշնամական տարրերից: Օգնության կանչ ստանալով պաշարված Գողթնից` Նժդեհը փորձեց արշավանք կազմակերպել դեպի Օրդուբադ: Նա անգամ 500 զինվոր խնդրեց ՀՀ կառավարությունից, սակայն Երևանը զինվորներ չտրամադրեց: Ստիպված լինելով բավարարվել իր ուժերով, գիտակցելով, որ ուղղակի անհնար է անմիջապես արշավ սկսել Օրդուբադի դեմ, հրամանատարը ռազմական ցույցեր կազմակերպեց Գողթնի ուղղությամբ` հնարավորություն տալով պաշարված հայությանը ճեղքել շղթան ու գաղթել Զանգեզուր: Այնուհետ` մինչև 1920 թ. գարունը, թուրքերից մաքրեց Բարգուշատի շրջանը և բացեց Գորիս-Կապան ճանապարհը: Ազատագրված Կապանի բնակչությունը «Պատվո սուր» նվիրեց Նժդեհին:

Ժողովուրդը Նժդեհին Դավիթ Բեկ կոչումը շնորհեց, իսկ թշնամիները նրան Աժդահա փաշա անվանեցին: Նժդեհը դարձավ Զանգեզուրի հայության ապավենը, պաշտպանն ու առաջնորդը: Սակայն ճակատում լարված դրություն էր. թուրքերը սպառնում էին գրավել Շարուր-Դարալագյազը, որով Զանգեզուրը կկտրվեր Հայաստանից: Ծայրահեղ լարված էր նաև Գողթնի հայության վիճակը, որ շարունակ կոտորածի սպառնալիքի տակ էր: Նժդեհը Գողթնի հայության փրկության համար դիմեց ծայրահեղ համարձակ, բայց արդարացված քայլի. 1920 թ. մարտի 20-ին նա իր ջոկատներով անցավ Կապուտաջուղ լեռը, հարձակվեց Օրդուբադի վրա և մտավ Ագուլիս:

Անակնկալի եկած թուրքերը խուճապահար էին: Սակայն Նախիջևանի օպերացիան Նժդեհը ստիպված էր կիսատ թողնել, որովհետև արևելքից սպառնալիք կար Կապանի ուղղությամբ: 1920 թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը ծայրաստիճան լարված վիճակում էր: Ապրիլին Ադրբեջանում խորհրդային իշխանություն էր հաստատվել, և Զանգեզուրում Նժդեհը ստիպված էր դիմագրավել ոչ միայն ադրբեջանաթուրքական, այլև ռուսական Կարմիր բանակի գրոհներին: Բացի այդ, սեպտեմբերին սկսվել էր թուրք-հայկական պատերազմը, և Նժդեհը չէր կարող Հայաստանի Հանրապետությունից օգնության ակնկալիք ունենալ: Արդեն մայիսին խորհրդային բանակը գրավեց Շուշին և Արցախը: Արցախում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Դրոն ստիպված էր նահանջել: Ռուսներն Արցախով չբավարարվեցին և հուլիսին սրընթաց գրոհով գրավեցին Գորիսը, Սիսիանը, երկու մասի բաժանեցին Զանգեզուրն ու կապ ստեղծեցին Ադրբեջանի ու Թուրքիայի միջև: Թուրքերի վաղեմի երազանքն իրականացավ: Գրավված հայկական գյուղերը ենթարկվում են ռուս-ադրբեջանական ահաբեկչությանը:

Չնայած արտաքին աշխարհից շրջափակմանն ու մեկուսացմանը` Նժդեհը չի հանձնվում, չի ընկճվում և կենաց ու մահու կռիվ է մղում թշնամու դեմ: Նա վերադասավորում է իր մարտական ուժերն ու հարձակման է անցնում: Բնակչությունն ամեն կերպ աջակցում է հերոսին: Հպարտ ու խրոխտ սյունեցին գիտակցում է ռուս-ադրբեջանական լծի ծանր հետևանքներն ու ոչինչ չի խնայում` զոհաբերելով ամեն ինչ:

Սեպտեմբերի սկզբին նա մի քանի հաջող հարձակումներ գործեց թշնամու վրա և որոշ կարևոր դիրքեր հետ բերեց: Շուտով ՀՀ կառավարությունը բանակցությունների մեջ մտավ Խորհրդային Ռուսաստանի հետ: Ռուսները պահանջում են դադարեցնել պայքարը Զանգեզուրում և Նժդեհին հեռացնել տարածաշրջանից: Կառավարությունը փորձում է փոխզիջման գնալ և Նժդեհից պահանջում է դադարեցնել կռիվն ու անցնել Երևան:

Սակայն Նժդեհը մերժում է և զանց է առնում կառավարության պահանջը: Ռուսների հետ դաշնակցած` Խալիլ փաշան 1920 թ. հոկտեմբերին Օրդուբադի կողմից հարձակվեց Կարճևան-Կաքավաբերդի ուղղությամբ: Եռօրյա համառ մարտերից հետո Նժդեհը ջարդեց նրան ու հետ շպրտեց ելման դիրքերը` թշնամուց խլելով հարուստ ռազմավար:

Դրանից հետո Նժդեհի ջոկատները հարձակվեցին Կապանի ուղղությամբ` փորձելով հետ խլել այն թշնամուց: Սակայն հայկական դիրքերի վրա թուրքերի հարձակումները Նախիջևանի կողմից չդադարեցին: Չնայած այդ ամենին` հայերին հաջողվում է ազատագրել Կապանն ու թշնամուն սեղմելով Արաքսին` ջարդել նրա ուժերը:

Իր նամակներում, ուղղված ՀՀ կառավարությանը, Նժդեհը գրում է, որ ռուսները գրաված տարածքներում ժողովրդին «սովետականացնելու փոխարեն կոտորում են»: Նժդեհի հոգսերից էին նաև թշնամու գերի բռնված զինվորները: Մարդասիրությունն ու ընդունված բարոյական նորմերը թույլ չէին տալիս ոչնչացնել նրանց: Ազատ արձակել նշանակում էր դարձյալ ուժեղացնել թշնամուն: Իսկ առկա պարենային ճգնաժամը դժվարացնում էր գերիների կերակրման գործը: Չհաշտվելով ստեղծված իրավիճակի հետ` թշնամին մոբիլիզացնում է ուժերն ու շուրջ 10000 զինվորով, հրետանային ուժեղ նախապատրաստությունից հետո ողջ ճակատով հարձակման է անցնում հայկական դիրքերի վրա: Թշնամին կանգ չէր առնում ոչնչի առջև: Անգամ 3 միլիոն ռուբլի գլխագին նշանակվեց Նժդեհի համար: Նոյեմբերի 1-ին թշնամին Գորիս-Կապան-Սիսիան ուղղությամբ ամբողջ թափով հարձակման անցավ:Սակայն հայությունը պատրաստ էր դրան, և բոլոր ուղղություններով ոսոխը ջախջախված հետ շպրտվեց ելման դիրքերը:

Թշնամին երկար ժամանակ ուշքի չէր գալիս: Անհամար էին նրա կորուստները` զոհեր, վիրավորներ և գերիներ: Բացի այդ, ռուս-ադրբեջանական ուժերը խայտառակված էին. Նժդեհը մի բուռ քաջերով ոչ միայն դիմագրավեց հազարավոր զինվորների գրոհին, այլև հակահարված հասցրեց նրանց և ջախջախեց վերջնականապես: Շվանիձորի ճակատամարտից հետո նա ռուսական բանակի հրամանատարությանը նամակ ուղղեց, որում գրված էր. «Ես հրամայել եմ հավաքել ձեր թնդանոթներից ու ռմբաձիգներից և գնդացիրներից այս գյուղի գլխին թափված ողջ երկաթը և Արաքսի ափին մի հուշարձան կանգնեցնել այս արձանագրությամբ .«Նրանց անունը կարմիր էր, իսկ գործերը` սև»: Երբ Հայաստանի խորհրդայնացումից հետո Դրոն Նժդեհին առաջարկեց ցած դնել զենքը և անցնել Երևան, Նժդեհը պատասխանեց, որ զենքը ցած չի դնի, քանի դեռ Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը Հայաստանին չեն միացել:

Շուտով բոլշևիկները Հայաստանում բռնություններ սկսեցին, և Նժդեհն իսպառ կտրեց հույսը Երևանից: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, քան 1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևում հռչակել Զանգեզուրի` Լեռնահայաստանի անկախությունը:

Երկու ամիս անց Հայաստանը նույնպես վերագտավ իր անկախությունը. «Հայրենիքի փրկության կոմիտեն» ապստամբեց և բոլշևիկներին վռնդեց Երևանից: Սիմոն Վրացյանը հրավեր ուղարկեց Նժդեհին, սակայն նա դարձյալ մերժեց: Ապրիլին «Հայրենիքի փրկության կոմիտեն» տապալվեց, և հենց ՀՀ կառավարությունն էր ստիպված Զանգեզուր անցնել` այնտեղից հեռանալով Պարսկաստան: Հայաստան ժամանած Հայհեղկոմի նոր կազմը դարձյալ բանակցություններ սկսեց Նժդեհի հետ: Երաշխիքներ ստանալուց հետո միայն, որ Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի մասն է կազմելու, Նժդեհը վայր դրեց զենքն ու հուլիսին անցավ Պարսկաստան: Եվ անձնվեր հայորդու ջանքերով Զանգեզուրը չունեցավ Արցախի ու Նախիջևանի ճակատագիրը…

ՎահեԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Գարեգին Նժդեհ տարեդարձ անցյալից խմբագրի ընտրանի Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին