f

Անկախ

Ինչո՞ւ չի հաջողվում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, և ինչի՞ մասին են խոսել թանգարանում Պուտինն ու Փաշինյանը. РБК


Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են արդեն ավելի քան երկու շաբաթ արգելափակված Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Երևանը կոչ է անում Մոսկվային գործողությունների դիմել, բայց փորձագետները բացատրում են, որ ռուսական խաղաղապահները համապատասխան մանդատ չունեն: Թե ինչու ծագեց այս ճգնաժամը և երբ այն կհանգուցալուծվի, փորձել է հասկանալ РБК-ն:

«Այս պահին գլխավոր, ամենահրատապ հարցն այն ճգնաժամն է, որ ունենք Լաչինի միջանցքում»,- ասաց դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանց դեմ առ դեմ հանդիպումը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում, ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովում ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Դուք գիտեք, որ արդեն գրեթե 20 օր Լաչինի միջանցքը փակ է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտին է,- շարունակել է վարչապետը:- Ես ուզում եմ հիշեցնել, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է ռուսական խաղաղապահների հսկողության տակ լինի, և Ադրբեջանի Հանրապետությունը պետք է երաշխավորի ուղևորների, բեռների, մարդկանց անարգել անցումը Լաչինի միջանցքով: Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահների հսկողության տակ չէ: Իհարկե, ցանկալի է քննարկել այս իրավիճակը, թե ինչ տարբերակներ կան»: Թե ինչպես է շարունակվել երկու առաջնորդների երկխոսությունը և՛ Կրեմլի մամլո ծառայությունը, և՛ Փաշինյանի գրասենյակը չեն հաղորդել:

Ի՞նչ է տեղի ունենում Լաչինի միջանցքում

Լաչինի միջանցքը լեռնային երթուղի է, որով ավտոճանապարհ է անցնում՝ կապելով հայկական Գորիս քաղաքը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կենտրոն Ստեփանակերտը (ադրբեջանական վարկածով՝ Խանքենդի): Այն փակ է արդեն ավելի քան երկու շաբաթ: Դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը տնօրինում են ադրբեջանցիները: Ըստ «Ազերթաջ» պետական տեղեկատվական գործակալության հաղորդման՝ նրանք էկոլոգիական ակտիվիստներ են, հանդես են գալիս «բնական պաշարների անօրինական շահագործման դեմ» և պահանջում են, որ իրենց թողնեն Ղզլբուլաղի ոսկու հանքավայր և Դեմիրլիի պղնձա-մոլիբդենային հանքավայր, որոնք գտնվում են Ղարաբաղում:

Մայրուղում նրանց հայտնվելուն նախորդել են հետևյալ իրադարձությունները: Դեկտեմբերի սկզբին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերի, Բաքուն պայմանավորվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ այն մասին, որ ադրբեջանական մասնագետները մոնիթորինգ սկսեն այդ հանքավայրերի գոտում, որտեղ, իրենց կարծիքով, Հայաստանը հանածոների անօրինական արդյունահանում է կատարել: Բանը տեսչության չհասավ. ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով՝ դա չթույլատրեց Ղարաբաղի ղեկավարությունը: Դրանից հետո Լաչինի միջանցքում սկսվեցին բողոքի ցույցեր, որոնք հանգեցրին նրան, որ  Հայաստանի և Ղարաբաղի միջև միակ տրանսպորտային երակը արգելափակվեց:
Երևանը դա համարեց անօրինական շրջափակում՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ լարված հումանիտար իրավիճակի մասին: «Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում: Լեռնային Ղարաբաղում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում պարենի դեֆիցիտ է նկատվում»,- հայտարարեց դետկտեմբերի 22-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրելով Բաքվին եռակողմ պայմանավորվածությունները խախտելու համար, որոնք վերջ էին դրել երկրորդ ղարաբաղյան պատերազմին (դրանցում մասնավորապես ասվում է, որ «Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների շարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»):

Բաքուն Երևանի մեղադրանքները հերքում է, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 23-ին՝ Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ ակտիվիստները «բեռների, ապրանքների, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների անցումը խոչընդոտելու որևէ նպատակ չունեն»: «Նաև մեծ թվով հաստատումներ կան, որ այդ բոլոր օրերին և՛ շտապօգնության մեքենաները, և՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, և՛ խաղաղապահների պահակախմբերը ազատ տեղաշարժվում են երկու ուղղություններով»,- ասաց նա:

Մայրուղում գտնվող ակտիվիստները որևէ սպառնալիք չեն ներկայացնում, պնդում է Բայրամովը: Բայց «եթե նույնիսկ զուտ տեսականորեն պատկերացնենք, որ այսօր որոշ քաղաքացիներ ցանկանում են անցնել իրենց տրանսպորտային միջոցներով, և եթե անգամ պատկերացնենք, որ նրանք ինչ-որ հոգեբանական  կաշկանդվածություն ունեն այդ հարցում», «ամենածայրահեղ դեպքում» նրանք կարող են դիմել ռուսական խաղաղապահներին, որպեսզի նրանք անցկացնեն իրենց ճանապահի այն մասով, ուր տեղակայված են ակտիվիստները,- խորհուրդ տվեց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Ինչպե՞ս են  մեկնաբանում իրավիճակը Բաքվում և Երևանում

«Ցույցի պատճառը էկոլոգիական է և կապված է անօրինական տնտեսական գործունեության հետ,- ասաց РБК-ին Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը:- Երկու տարի Լաչինի ճանապարհն ազատ գործել է: Բայց Ադրբեջանը ցույց տվեց, որ այն օգտագործում են ոչ նպատակային,- նա մասնավորապես մատնանշեց 2021 թ. հայկական ականները և այլ սպառազինություն, որոնք անցնում են այդ տարածքներով:- Այդ պատճառով նման խնդիրները բացառելու համար հարկավոր է երկու բան անել. փակել անօրինական օգտագործվող հանքը և Լաչինի ճանապարհի հսկողությունը տրամադրել Ադրբեջանին»:

Եթե Բաքվում Լաչինի միջանցքի իրավիճակը պայմանավորում են բացառապես էկոլոգիական աստառով, Երևանում ճանապարհի փակումը  համարում են ոչ այլ բան, քան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա ճնշում գործադրելու փորձ: Հայ քաղաքագետ Ջոննի Մելիքյանի գնահատմամբ՝ Բաքվի գործողությունները կապված են, ի թիվս այլոց, այն հանգամանքի հետ, որ նա չկարողացավ ստանալ այսպես կոչված զանգեզուրյան միջանցքը՝ Ադրբեջանի առաջարկած տրանսպորտային երթուղին, որը կացներ Հայաստանի Սյունիքի մարզով և կկապեր Ադրբեջանի հիմնական մասն իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ (Երևանը և Մոսկվան այդ գաղափարը չեն պաշտպանել):

«Բաքուն փորձում է խաղալ ավելիի վրա: Դա հոգեբանական ճնշման փորձ է. մարդիկ շրջափակված են Արցախում արդեն երկու շաբաթ, նրանց պարենը վերջանում է, բազմաթիվ հումանիտար խնդիրներ են ծագում, որոնք անդրադառնում են տեղի բնակչության վրա՝ խթանելով նրա արտահոսքը,- նշեց փորձագետը РБК-ի հետ զրույցի ընթացքում:- Եթե Լեռնային Ղարաբաղում բնակչության կրիտիկական զանգված չլինի, ապա խաղաղապահներ էլ պետք չեն լինի նրանց պաշտպանելու համար: Նրանք, ովքեր կմնան, ստիպված կլինեն ընդունել այն խաղի կանոնները, որոնք կասի Բաքուն. ոչ մի կարգավիճակ, ոչ մի հատուկ արտոնություններ»:

Ի՞նչ դեր է խաղում գործընթացում Ռուսաստանը

«Լաչինի միջանցքը շրջափակելով՝ Ադրբեջանը ավելի քան 120 հազար մարդու զրկում է կենսականորեն կարևոր մուտքից Հայաստան և արտաքին աշխարհ: Երկրորդ օրը Արցախն ապրում է ևս մի փորձություն՝ բախվելով գոյատևման խնդրին: Անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ և նպատակաուղղված արձագանքը»,- դեկտեմբերի 13-ին գրեց իր Twitter-ում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Դրանից հետո անցած երկու շաբաթում Երևանը հասավ նման արձագանքի. Ադրբեջանի իշխանություններին միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը ապահովելու կոչով դիմեցին Եվրամիությունը և ԱՄՆ-ն: Դեկտեմբերի 20-ին, Երևանի դիմումով, իրավիճակը քննարկեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակներում (մասնակիցների մեծ մասը կոչ արեցին ապաշրջափակել ճանապարհը), իսկ դեկտեմբերի 22-ին այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի շարժը միջանցքով, հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Եվ թեպետ Երևանը կարող էր կանխապես ապահովվել ըստ հանրապետության ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի բնութագրման, «ամուր և ոչ երկիմաստ միջազգային կոնսենսուսով», իրական վիճակը չի փոխվում: Հայկական կողմը հարցը գործնական գետնի վրա լուծելու կոչ է անում Ռուսաստանին՝ վկայակոչելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթները:

Սկսած դեկտեմբերի 15-ից Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրերում Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին Լեռնային Ղարաբաղում պարբերաբար հայտնվում է հետևյալ ձևակերպումը. «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությամբ շարունակվում է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ իրադրության կայունացման և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմեքենաների շարժը վերականգնելու համար»: Ադրբեջանական էկոակտիվիստները լրացուցիչ չեն հիշատակվում:
РБК-ն հարցում է ուղղել պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Դա կտրականապես չի բավարարում հայկական կողմին: Դեկտեմբերի 22-ին Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղապահները դե ֆակտո չեն կատարում իրենց պարտավորությունները Լաչինի միջանցքում: «Իհարկե, դա տեղի է ունենում Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով, բայց դա չի փոխում իրավիճակը, որովհետև ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության հիմնական նպատակը նման անօրինականություն թույլ չտալն է և Լաչինի միջանցքը հսկողության տակ պահելը»,- ասաց վարչապետը:

Այն ժամանակ նա կոչ արեց ՄԱԿ-ի հարթակներում, ԵԱՀԿ-ում կամ ԵԱՀԿ Մինասկի խմբում փաստահավաք առաքելություն ձևավորել: Սակայն, ինչպես հայտնեցին  РБК-ին ԵԱՀԿ լեհական ներկայացուցչության մամլո ծառայությունում, որևէ պաշտոնական հարցում Լաչինի միջանցքի վերաբերյալ իրենք չեն ստացել:

Մոսկվան խաղաղապահներին ուղղված պահանջներն անհիմն է համարում: Ինչպես հայտարարեց Լավրովը Բայրամովի հետ հանդիպումից հետո, «ռուսական խաղաղապահները աշխատում են բառի բուն իմաստով ամեն ժամ իրավիճակի կարգավորման համար՝ կապվելով համապատասխան կողմերի հետ»: «Հանդես են գալիս այն բանի օգտին, որ հնարավորինս արագ լիարժեք տրանսպորտային հաղորդակցություն հաստատվի և լուծվի տարածաշրջանի հանքավայրերի հետ կապված տարաձայնությունը: Թեման հին է, ժառանգություն է մնացել ԽՍՀՄ-ից: Անհրաժեշտ է հնարավորինս արագ վերացնել դրա սրությունը»,- ավելացրեց նա:

Ի՞նչ լիազորություններ ունեն խաղաղապահները

Երևանը ռուսական խաղաղապահներին ուղղված բոլոր պահանջներում հիշեցնում է, որ նրանց ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքն է,- ասում է Ջոննի Մելիքյանը: Բայց նրանք պետք է գոնե մի որևէ մանդատ ունենան,- շարունակում է փորձագետը,- կարգավորման որոշակի մեխանիզմներով, իսկ նման մանդատ չկա. Դա չհաջողվեց համաձայնեցնել Բաքվի հետ:

«Խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում Ադրբեջանի շահերից չի բխում,- նշում է Մելիքյանը:- Սակայն այլ ելք, քան ճնշման միջոցով Բաքվի վրա նրանից  խաղաղապահների մանդատը ստանալու համար, ես չեմ տեսնում: Երևանն այդ հարցում լրիվ ռուսական կողմից է, քանի որ խաղաղապահները պետք են նրան տարածաշրջանում»:

Համաձայն 2020 թվականի հայտարարության, ռուսական խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) սկզբնական ժամկետը 5 տարի է՝ ինքնաբերաբար երկարաձգվելու հնարավորությամբ, եթե կողմերից որևէ մեկը դեմ չի լինի: Եվ եթե Փաշինյանն ասում է, որ պատրաստ է երկարաձգել ՌԽԶ-ի ներկայությունը «10, 15 կամ 20 տարով», ապա Ալիևն իր ելույթներում ընդգծում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են ժամանակավորապես:
«Խաղաղապահների միակ գործառույթը Լաչինի ճանապարհի հսկողությունն է և հետևելը, որ ոչ մի տեղ չկրակեն: Ուրիշ գործառույթներ նրանց վերապահված չէ: Հետագա նման խնդիրները բացառելու համար հարկ է ճանապարհի վրա Ադրբեջանի ինքնիշխանությունը հաստատել»,- պնդում է Ֆարհադ Մամեդովը: Ընդ որում, նա վստահ է. Բաքուն Լաչինի միջանցքի խնդիրն անիմջականորեն Երևանի հետ չի լուծի:
«Ադրբեջանը հարձակողական քաղաքականություն է վարում, որը կարելի է բնորոշել որպես «սալյամիի մարտավարություն» (աստիճանաբար, բայց աննահանջ հարկավոր կտորների պոկում, «կարմիր գծերի» տեղաշարժում շահեկան դասավորություն ձևավորելու համար),- բացատրում է կողմերի մոտեցումներն իր տելեգրամյան ալիքում պատմական գիտությունների թեկնածու, МГИМО-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը:- Նպատակն ակնհայտ է՝ տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի արագացումը և անորոշ ժամանակով հակամարտության նոր սառեցում թույլ չտալը»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փորձագետի կարծիքով՝ բացահայտ է հայկական ազգային նախագծի «ապաղարաբաղացումը», հրաժարումն այն հիմնարար սկզբունքներից, որոնք ձևավորել են հետխորհրդային հանրապետությունը: Այսպես թե այնպես, նշում է Մարկեդոնովը, «եթե որպես հակամարտության հանգուցալուծում ասելով՝ հասկանում ենք անցումը փոխշահավետ փոխզիջման, ապա հայ-ադրբեջանական առճակատումը դեռևս հեռու է իր ավարտից»:

Աղբյուրը՝ РБК
 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան Ռուսաստան լաչինի միջանցք

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին