Թուրքիայում մոտ ապագայում բարեփոխումներ կիրականացվեն՝ երկրում իշխանության ճյուղերն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Առաջիկա տարում Թուրքիայում նոր բարեփոխումներ են նախատեսվում՝ ուղղված իշխանության ճյուղերի բարելավմանը։ Փոխակերպումները կբարձրացնեն գործադիր իշխանության արդյունավետությունը, ինչպես նաև կնպաստեն օրենսդիր և գործադիր համակարգերի աշխատանքին»,- ասել է Էրդողանը։
Ըստ Էրդողանի՝ իշխանության թեւերի հակասություններն անխուսափելիորեն ազդում են հասարակության վրա, իսկ օրենքի գերակայությունից ցանկացած շեղում անխուսափելիորեն նվազեցնում է երկրի բնակչության հարգանքը դատարանների և գործադիր իշխանության նկատմամբ։
Դեկտեմբերի 11-ին Էրդողանը ակնարկել է, որ կարող է վերջին անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում 2023 թվականին։ Էրդողանն ասել է, որ այնուհետև երիտասարդներին կհանձնի «այս սուրբ դրոշը»։ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա հունիսի 18-ին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահն առաջարկել էր համազգային հանրաքվեի ներկայացնել երկրի սահմանադրությամբ կանանց հիջաբ կրելու իրավունքի ամրագրման հարցը։