f

Անկախ

Բուհերի միավորման արդյունքում ի՞նչ ենք շահելու և ի՞նչ կորցնելու․ ներկայացնում է կրթության փորձագետը


Պետական բուհերի պարտադրված միավորումը պարունակում է ռիսկեր և կարող է ցնցումներ առաջացնել, կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Հիշեցնենք, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միավորումների արդյունքում ունենալու ենք մինչև 8 պետական բուհ, որոնք էլ կտեղափոխվեն Աշտարակ, որտեղ կստեղծվի ակադեմիական քաղաք։

Ըստ ԿԳՄՍՆ կայքի՝ ներկայում ՀՀ-ում գործում է 23 պետական բուհ (այդ թվում և մարզային բուհերը)՝ չհաշված մասնաճյուղերը։ Ի՞նչ տրամաբանությամբ են միավորվելու բուհերը։ Ի՞նչ հաշվարկ է ընկած մինչև 8 բուհ ունենալու որոշման հիմքում։ Կրթության փորձագետին ևս այս հարցերի պատասխանները հետաքրքրում են։ Ասում է՝ ներկայում ուսանողների թվի կրճատմամբ պայմանավորված՝ ունենք 2-3 պետական բուհ, որոնք կարող են միավորվել՝ գործունեությունը շարունակելու համար։ Թե ինչպես ու ինչ տրամաբանությամբ են միավորվելու մյուս բուհերը, հայտնի չէ։

«Այս պահին որևէ տրամաբանություն չկա։ Միակ բանը, որ հայտնի է, այն  է, որ Հայաստանում ուսանողների թիվը և բուհերի քանակը միմյանց չեն համապատասխանում։ Աշխարհում կան բուհեր, որ ունեն 40-50 հազար ուսանող, իսկ մենք ունենք ընդամենը 70 հազար ուսանող․ այսինքն միջազգային ստանդարտով 2-3 բուհի ուսանող ունենք։ Դրա համար տարիներ շարունակ այդ հարցը քննարկվում է և կառավարության օրակարգում է։  Բայց թե հիմա ինչու են հասել մինչև 8 բուհ ունենալու որոշման, շատ դժվար է հասկանալ»,- ասում է նա։

Խաչատրյանը շեշտում է՝ Հայաստանում ունենք մեկ բազմապրոֆիլ համալսարան՝ ԵՊՀ-ն, մյուսները մասնագիտացած բուհեր են,  և հենց դա էլ նրանց ուժեղ կողմն է։ Մինչդեռ միավորման հետևանքով բուհերը կարող են կորցնել իրենց ուժեղ կողմը։ Ավելին, միավորման հետևանքով փոքրանալու է մրցակցությունը բուհերի միջև, դիմորդն էլ ընտրության ավելի սահմանափակ հնարավորություններ է ունենալու։ Մեծ են ռիսկերը նաև կառավարման մակարդակում։

«Ունենք նաև խաչվող մասնագիտություններ։ Օրինակ՝ տարբեր բուհերում կա տնտեսագիտության ֆակուլտետ և ունենք այդ ոլորտում մասնագիտացած մի ամբողջ բուհ։ Միավորման պարագայում ինչպե՞ս ենք լուծելու խաչվող մասնագիտությունների հարցը», հարցնում է Խաչատրյանը՝ հավելելով, որ միավորումը նոր և լուրջ խնդիրներ է առաջացնելու։

«Օրինակ՝ եթե Տնտեսագիտական համալսարանը միավորելու ենք ԵՊՀ-ին, ինչպե՞ս է մի ողջ համալսարան ինտեգրվելու մեկ ֆակուլտետում,- ասում է նա։- Երբ առանձին մասնագիտացած համասարան ես, քո ողջ ներուժն է կենտրոնացած այդ ոլորտում և քո ղեկավարներն էլ այդ ոլորտի մարդիկ են, իսկ միավորման դեպքում դառնում ես մեկը բազմաթիվ ֆակուլտետներից։ Այս պարագայում պրոֆիլային կառավարման տեսանկյունից կարող են կորուստներ լինել»։

Խաչատրյանը կարևորում է նաև անձնային գործոնը։ Շեշտում է՝ ամեն ֆակուլտետ ու ամբիոն ղեկավարում է ոլորտում որոշակի ազդեցություն և հեղինակություն վայելող գիտնական։ Միավորման դեպքում ինչպե՞ս է որոշվելու, թե ով ումը պետք է զիջի իր պաշտոնը։

 

« Այդ մարդկանց միջև  հաճախ կան կոնֆլիկտներ, իրենք չենք կարող նույն բուհում աշխատել։ Խնդիրները շատ-շատ են։ Այս անձնային գործոնը չպետք է թերագնահատել։ Սա դպրոց չէ, սա նախարարություն չէ, որովհետև դպրոցների և  նախարարությունների դեպքում չինովնիկները հեշտությամբ ենթարկվում են։ Իսկ այստեղ կան մարդիկ, որ ունեն տիտղոսներ, օրինակ՝ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր։ Նրանցից յուրաքանչյուրը որևէ  հայտնի նախարարի կամ գործարարի դասախոս ու գիտական ղեկավար է եղել։  Եվ այս մարդիկ ամեն կապ օգտագործելու են, որպեսզի հենց իրենք  լիննեն այդ միավորված բուհում դեկան կամ ամբիոնի վարիչ։ Մեծ ցնցումներ են լինելու, որոնք պետք է նախարարությունը հաշվարկի,- ասում է Խաչատրյանը։- Չլինի այնպես, որ սկսեն, հետո չկարողանան դրա տակից դուրս գալ, և վերջում սկսեն արհեստական ամբիոններ բացել, որ այդ մարդկանց ամբիցիաները բավարարեն։ Չստացվի այնպես, որ միավորումից կամ օպտիմալացումից հետո ամբիոնների թիվն ավելի շատ լինի, քան հիմա»։

Խաչատրյանն ընդգծում է՝ բուհերում ներկայում բնականոն զարգացմամբ օպտիմալացումներ են տեղի ունենում, միավորվում են ամբիոններ։ Կրթության փորձագետը ճիշտ է համարում, որ օպտիմալացումը բնականոն տեղի ունենա, ոչ թե պարտադրաբար ու արհեստականորեն։

Հարցին, թե արհեստականորեն պարտադրված միավորումը արդյոք չի հակասում բուհերի ինքնավարությանը  և ակադեմիական ազատությանը, Խաչատրյանը հիշեցնում է, որ Հայաստանում բուհերն ինքնուրույն միավորներ են համարվում միայն թղթի վրա։

«Սա Հայաստանն է, և մենք գիտենք, որ բուհերը կառավարվում են պետական համակարգի կողմից։ Եվ այն, որ հիմա էլ բոլորին ուզում են հավաքել, տանել մի տեղ, ցույց է տալիս, որ Հայաստանում բուհը պետությանն է, ոչ թե ակադեմիական հանրությանը։ Այո, խոսում ենք ինքնավարության մասին, բայց բոլորս էլ գիտենք՝ եթե կառավարությունն ասի՝ վեր կացեք և գնացեք Աշտարակ, բոլորն էլ գնալու են։ Եվ  չեմ կարծում, որ որևէ մեկը եկել ու բուհերին հարցրել է՝ կուզե՞ք ակադեմիական քաղաք լինի, կուզե՞ք Աշտարակում լինի։ Այս հարցերը վերևից են որոշվել։ Այս իրավիճակում խոսել ակադեմիական ազատություններից մի քիչ ծիծաղելի է»,- ասում է նա։

Հարցին, թե որն է բուհերը միավորելու բուն նպատակը, արդյոք մրցունակության բարձրացումն է, թե թաքնված նպատակ էլ կա, կրթության փորձագետը նշում է․ «Կարող է թաքնված նպատակ լինել։ Պատերազմից հետո Հայաստանի բուհերն ինչ-որ իմաստով վախեցրեցին իշխանությանը, որովհետև եղան հրաժարականի պահանջներ։ Գուցե ավելի հեշտ է 7-8 յուրայիններ գտնել, ռեկտոր նշանակել  և այդկերպ բռի մեջ պահել համակարգը»։

Խաչատրյանը հիշեցնում է նաև շուկայական տրամաբանության մասին՝ բուհերի միավորման դեպքում կկրճատվեն վարչական ծախսերը։ Բայց նաև հավելում է՝ միավորման դեպքում փոքրանալու է ակադեմիական միջավայրը, որի բացասական հետևանքներն ավելի մեծ են լինելու, քան խնայողություններից ստացված օգուտը։

Անդրադառնալով ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարին՝ Խաչատրյանը շեշտում է, որ մենք արդեն իսկ ունենք ակադեմիական քաղաք․ այն տեղակայված է Երևանի կենտրոնում՝ Երիտասարդական մետրոյի հարակից տարածքներում, որտեղ գտնվում են նաև ԳԱԱ-ն, Հանրային գրադարանը, ԵՊԲՀ կլինիկական հիվանդանոցը։

«Երիտասարդության ներկայությունը քաղաքի կենտրոնում Երևանին որոշակի հմայք է հաղորդում։ Եթե ուսանողներին քաղաքից դուրս տանենք, կմնան խանութներ, ռեստորաններ և սրճարաններ։ Այդպիսով  Երևանի կրթամշակութային միջավայրն աղքատանալու է»,- ասում է նա՝ համոզմունք հայտնելով, որ խցանումների խնդրին կարելի է այլ քաղաքաշինական լուծում գտնել։

 

բուհ բարձրագույն կրթություն Սերոբ Խաչատրյան բուհերի միավորում խմբագրի ընտրանի ակադեմիական քաղաք կրթության որակ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին