Մեյվ Մակմահոն, Euronews
Բարի գալուստ Բելգիա՝ երկիր, որտեղ 2018 թվականի դեկտեմբերից չկա գործող կառավարություն. քաղաքական կուսակցություններին չի հաջողվել ձևավորել աշխատանքային կոալիցիա: Երկիր, որտեղ ապրում է ընդամենը 11 մլն մարդ՝ բաժանված երկու մեծ հատվածի՝հոլանդախոս ֆլամանդացիների հյուսիսում և ֆրանսախոս Վալոնիայի հարավում, իսկ արևելքում ապրում է փոքրաթիվ գերմանախոս համայնք: Այս պետության քաղաքական համակարգը բավական բարդ է:
Դեյվ Սինարդետ, Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր
Բելգիան միակ դաշնությունն է, որում դաշնային քաղաքական կուսակցություն գոյություն չունի: Այստեղ յուրաքանչյուր կուսակցությունից երկու հատ կա՝ երկու լիբերալ, երկու սոցիալիստական և այլն: Դա իհարկե նպաստում է մասնատվածությանը և նշանակում է, որ կառավարության ձևավորման գործում ներգրավվում են շատ կողմեր:
Մեյվ Մակմահոն
Դրան ավելացրեք այն փաստը, որ Վալոնիան քվեարկել է ձախերի օգտին՝ ընտրելով սոցիալիստներին և կանաչներին, իսկ Ֆլանդրիան՝ աջերին՝ ձայները տալով կենտրոնամետներին և ծայրահեղ աջերին: Ուստի երկու խոշոր քաղաքական ուժերը, որոնք պետք է կոալիցիա ձևավորեն, իրար հետ լեզու չեն գտնում:
Դեյվ Սինարդետ
Լեզվական սահմանի երկու կողմերի երկու խոշոր կուսակցությունները միմյանց թշնամի են համարում: Բնականաբար դա դժվարացնում է կոալիցիա կազմելու փորձերը:
Մեյվ Մակմահոն
Սակայն կյանքը երկրում շարունակվում է: Գնացքները շարժվում են, կոմունալ ծառայությունները հավաքում են աղբը, մարդիկ աշխատավարձ ստանում են: Բայց հարցն այն է, թե ինչքան կարող է այդպես շարունակվել:
Դեյվ Սինարդետ
Բյուջեն Բելգիայում հիմա արդեն շատ բարդ վիճակում է: Եթե ոչինչ չարվի, ապա ամեն ինչ կարող է վերահսկողությունից դուրս գալ: Կան նաև մի շարք հարցեր, որոնք առաջ են քաշել բոլոր կողմերը ընտրական քարոզարշավի ժամանակ: Խոսքը կլիմայի և շարժունակության մասին է, որ իրոք մեծ խնդիր է Բելգիայում:
Մեյվ Մակմահոն
Բանավեճերը պատառոտում են երկիրը: Ֆլամանդական ազգայնականները երազում են անջատվել, և շատ ֆլամանդացիներ նրանց սատարում են: Վալոնիայում միանգամայն ուրիշ տրամադրություններ են: Բելգիական ֆրի կարտոֆիլը, վաֆլին, թագավորը, ֆուտբոլի թիմը և Եվրամիության մայրաքաղաքը՝ Բրյուսելը. Ահա թե ինչն է միավորում երկիրը: Համենայն դեպս առայժմ: