ԱՄՆ-ն ինքը բժշկական սարքավորումների և մարդասիրական օգնության կարիք ունի, մինչդեռ Նախագահ Թրամփն առաջարկում է թոքերի արհեստական օդափոխման սարքերի խմբաքանակ մատակարարել Իրան։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Հենց իրենք բժշկական սարքավորումների և օգնության կարիք ունեն: <...> Թրամփին չի հաջողվի օգտվել ստեղծված իրավիճակից», - ասել է Մուսավին:
Նա հավելել է, որ Թրամփը փորձում է շահարկել համաճարակի հետ կապված իրավիճակը, իսկ Իրանը չի բանակցելու, «քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցրել տնտեսական ահաբեկչությունը»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանին տրամադրել թոքերի օդափոխման արհեստական սարքեր, որոնք կօգնեն պայքարել COVID-19 համաճարակի տարածման դեմ: Իրանում կորոնավիրուսից մահացության թիվը կազմում է 5 118: