Հայ-Ռուսական համալսարանի Ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնն առաջին անգամ օնլայն ձևաչափով անցկացրել է ՀՌՀ-ի ամենամյա շախմատային մրցաշարերը։
«Չնայած ստեղծված իրավիճակին՝ մեր ամբիոնն՝ ՀՌՀ-ի ավագ դասախոս, գրոսմայստեր Նելլի Աղինյանի գլխավորությամբ, առաջին անգամ օնլայն եղանակով անցկացրել է ՀՌՀ-ի չորս ինստիտուտների 10 ուսանողների մասնակցությամբ մեր ավանդական շախմատային մրցաշարը, որի արդյունքներով առաջին երեք տեղը գրավել են ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի ուսանողները (առաջին տեղ՝ 4-րդ կուրսի ուսանող Կոնստանտին Յայլոյան, 2-րդ տեղ՝ 4-րդ կուրսի ուսանող Ալեքսանդր Բաղդասարյան և 3-րդ կուրսի ուսանող Մինաս Ղազարյան)»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի Ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ իր ղեկավարած ամբիոնն օնլայն ձևաչափով շարունակում է նաև ուսանողների ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները։
Նա տեղեկացրել է, որ ապրիլի 12-ին կայացել է նաև ՀՌՀ-ի համահամալսարանական ամենամյա մրցաշարը (օնլայն ձևաչափով), որին ավանդույթի համաձայն մասնակցում են ՀՌՀ-ի դասախոսները, ուսանողները և շրջանավարտները։
«Ընդհանուր առմամբ՝ մրցաշարին մասնակցել է 29 հոգի։ Անզիջում պայքարի մթնոլորտում անցած մրցաշարի հաղթող է դարձել ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Ալեքսանդր Բաղդասարյանը։ Շրջանավարտներից լավագույնը՝ Հրանտ Ալեքսանյանն էր, իսկ դասախոսներից լավագույնը՝ ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը»․- հայտնել է Արմեն Գրիգորյանը։