Արցախի Հանրապետությունում ժամը 08։00֊ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը, մեկնարկել է նախագահական ընտրությունների 2֊րդ փուլի քվեարկությունը։
Նախագահական ընտրությունների 1-ին փուլը տեղի էր ունեցել մարտի 31-ին, որի ժամանակ նախագահի 14 թեկնածուներից ամենաշատ ձայներն ստացել էին Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը, սակայն 50 տոկոսից ավելի ձայն ոչ մի թեկնածու չէր ստացել, հետևաբար՝ ըստ Արցախի Սահմանադրության, այս պարագայում անցկացվում է ընտրությունների 2-րդ փուլ։
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփել էր 2020թ. մարտի 31-ին անցկացված ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները։
Քննարկված հարցերի մի մասը վերաբերել է Նախագահի ընտրություններին: Մասնավորապես, ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 97-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմնվելով ընտրությունների արդյունքների վրա, նիստում որոշվել էր 2020թ. ապրիլի 14-ին անցկացնել ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ` քվեարկության օրը` ապրիլի 14-ի երեքշաբթին հայտարարելով ոչ աշխատանքային օր:
Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկությանը մասնակցել է 76 728 ընտրող, այսինքն՝ ընտրողների 73,5 տոկոսը: Անվավեր քվեարթերթիկների թիվը կազմել է 2625: Թեկնածուներից ամենաշատ ձայներն ստացել էր Արայիկ Հարությունյանը՝ 36 076 քվե (49.26 տոկոս), այնուհետև Մասիս Մայիլյանը՝ 19 360 քվե (26.4 տոկոս) և Վիտալի Բալասանյանը՝ 10 755 ձայն կամ 14,7 տոկոս: