f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների՝ Covid-19-ով վարակվածների թիվը հասնում է 1,7 միլիոնի, մահացել է գրեթե 106 հազար մարդ: Ամենամեծ թվով դեպքերն առաջվա պես գրանցված են Եվրոպայում՝ ավելի քան 880 հազար:  

Եվրոպայում

Առավել տագնապալի վիճակն այժմ Մեծ Բրիտանիայում է: Կիրակի հայտնի դարձավ, որ բրիտանական հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը,  իսկ որքան են մահացել ծերանոցներում կամ տանը, հաշվառված չէ:  

Վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նա դեռ չի վերադառնա աշխատանքի, այլ կշարունակի վերականգնվել վարչապետի քաղաքից դուրս գտնվող Chequers նստավայրում:

Բրիտանական Times թերթը գրում է, որ այժմ, երբ Բորիս Ջոնսոնը բարեհաջող դուրս է գրվել հիվանդանոցից, նրա խորհրդականները պատմել են, որ նրա ապաքինման կանխատեսումը եղել է 50/50: Իսկ ըստ Daily Telegraph-ի՝ ինքը՝ վարչապետը, խոստովանել է, որ 48 ժամվա ընթացքում իրավիճակը կարող էր թեքվել կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ:  Բուժաշխատողները երկու օր շարունակ հերթապահել են նրա սնարի մոտ: «Նրանք փրկեցին իմ կյանքը: Անխոս»,- ասել է Բորիս Ջոնսոնը:

BBC-ին տված կիրակնօրյա հարցազրույցում  կառավարության խորհրդական և Wellcome Trust գիտահետազոտական բարեգործական կազմակերպության ղեկավար Ջերեմի Ֆեռարին ասել է, որ ամենայն հավանականությամբ Բրիտանիան Եվրոպայի առավել տուժած երկրներից մեկը կլինի, եթե ոչ ամենատուժածը:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ներկայումս եվրոպական երկրներում ամենից շատ մահերը գրանցվել են Իտալիայում՝ 19 հազար, այնուհետև Իսպանիայում, Ֆրանսիայում  և Բրիտանիայում: Գերմանիայում իշխանությունների ջանքերով մահացությունն առայժմ 3 հազարից ցածր է: Այս կապակցությամբ Ֆեռարին նշել է, որ առանցքային գործոնը թեստավորման բավական տպավորիչ մասշտաբն է, որ անցկացվում է Գերմանիայում, ինչի շնորհիվ հիվանդների հոսքը հիվանդանոցներ ավելի փոքր է, քան Բրիտանիայում: Նրա խոսքով՝ զանգվածային թեստավորումը, որ կատարվում է մի շարք երկրներում, հնարավորություն է տալիս վիրուսով վարակվածներին հետագայում չփոխանցել այն ուրիշներին, նաև ժամանակ է տալիս հիվանդանոցներին ավելի լավ պատրաստվելու ծանր հիվանդներին ընդունելուն:

Բրիտանական իշխանություններն արդեն հայտարարել են, որ մտադիր են ապրիլի վերջին օրական 100 հազար մարդու թեստավորում անել, սակայն քննադատները պնդում են, որ դեռ շատ հեռու են նախանշված թվից:

Ֆեռարին նաև նշել է, որ ամենայն հավանականությամբ վիրուսի երկրորդ և երրորդ ալիքներն անխուսափելի են, իսկ պատվաստանյութի ստեղծումը միակ հուսալի ելքն է ներկայիս արտակարգ իրավիճակից: Նրա խոսքով՝ նման պատվաստանյութը կարող է մշակվել արդեն աշնանը, սակայն երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի այն անհրաժեշտ քանակով արտադրության դրվի և միլիոնավոր մարդիկ պատվաստվեն: «Ուզում եմ հավատալ, որ մենք դա կանենք 12 ամսվա ընթացքում, ինչը ինքնին անհավանական հավակնոտ նպատակադրում է»,- ասել է նա:

Ինչպես նշում է Նոթինգեմի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, համաճարակաբան Քիթ Նիլը, հավանականությունը, որ Բրիտանիայում կորոնավիրուսի զոհերի ամենամեծ թիվը կգրանցվի, պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկիրն իր բնակչության թվով Արևմտյան երկրներից զիջում է միայն Գերմանիային: «Կարևոր թիվը  մահացությունն է մեկ միլիոնի հաշվով, ոչ թե մահերի ընդհանուր թիվը: Եթե նայենք այդ տեսանկյունից, ապա Բելգիային նույնպիսի ճգնաժամ է սպասում, ինչ Իտալիային և Իսպանիային»,- ասել է գիտնականը:

Միակ դրական  իրողությունը, որ նկատվել է վերջին շաբաթվա ընթացքում, այն է, որ վարակի տարածման արագությունն է նվազել, և դա կարանտինի շնորհիվ: Սակայն մահացողների թիվն ամեն օր կարող է մեծանալ, քանի որ նրանք, ովքեր վարակվել են երեք-չորս շաբաթ առաջ, այսօր կարող են չդիմանալ ռեանիմացիայի պայմաններում:  

Ե՞րբ կլինի հիվանդացության գագաթնակետը, մի  շաբաթ անց կամ գուցե երկու շաբաթ անց, բայց ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի մահերի թիվը կրճատվի մինչև նվազագույն մակարդակը:

Այսուհանդերձ Դանիան առաջիններից է, որ սկսում է մեղմացնել կարանտինի պայմանները: Մեղմացումներ են սպասվում նաև Ավստրիայում: Նախատեսվել է երկուշաբթիից բացել որոշ ձեռնարկություններ, որոնք առնչություն չունեն կենսապահովմանը: Չորեքշաբթի 11 տարեկանից փոքր երեխաները կվերադառնան դպրոցական պարապմունքներին: Դանիան եվրոպական առաջին երկրներից էր (մի ամիս առաջ), որ կարանտինի խիստ միջոցներ մտցրեց, և իշխանությունները կարծում են, որ իրենց հաջողվել է վերահսկողության տակ առնել կորոնավիրուսի տարածումը: Սակայն երկրի սահմանները դեռևս փակ են մնալու:

Միացյալ Նահանգներում

Կորոնավիրուսից մահացածների թիվը ԱՄՆ-ում գերազանցել է 20 հազարը, ավելի, քան աշխարհի որևէ այլ երկրում: Մինչ այս մահվան ելքի ամենից շատ դեպքերը գրանցված էին Իտալիայում: Բացի այդ, օրերս Միացյալ Նահանգները դարձավ առաջին երկիրը, որտեղ մի օրվա ընթացքում ավելի քան 2 հազար մարդ է մահացել:

Նյու Յորքի նահանգում, որը Միացյալ Նահանգներում համաճարակի էպիկենտրոնն է դարձել, այս շաբաթ մահացածների թիվն այնքան մեծ է եղել, որ սկսել են եղբայրական գերեզմաններ փորել:

Ողջ երկրում մարդկանց սոցիալական շփումների խիստ սահմանափակումներ են մտցվել, նախագահ Թրամփը դրանք սահմանել է առնվազն մինչև ապրիլի 30-ը: Բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների պարապուրդի և տնտեսական ընդհանուր վիճակի վատթարացման հետևանքով երկրում վերջին մի քանի շաբաթներին աշխատանքը կորցրել է առնվազն 16 մլն մարդ:

ԱՄՆ Կոնգրեսում շարունակում են քննարկել տուժած ընկերություններին օգնություն ցուցաբերելու միջոցները: Դեմոկրատներն առաջարկում են լրացուցիչ 250 մլրդ հատկացնել փոքր և միջին բիզնեսին աջակցելու, տեղական ինքնակառավարման հիվանդանոցների ու մարմինների ֆինանսավորումը մեծացնելու համար: Սակայն շաբաթ օրը հանրապետականները մերժեցին  այդ առաջարկը:

Իսկ  New York Times թերթը երեկ՝ կիրակի, մի հետաքննություն հրապարակեց, որի հեղինակները պնդում են, որ ամերիկյան հատուկ ծառայությունները և բժշկական փորձագետները կորոնավիրուսի վտանգի մասին զեկուցել են Թրամփին դեռ հունվարի վերջին, սակայն նախագահն անտեսել է նրանց զգուշացումները:

Զորահանդեսն առաջնորդում են վայրի կենդանիները

Telegraph-ը գրում է, որ համաճարակի պայմաններում, երբ ամայացել են քաղաքների փողոցները, գիտնականները բացառիկ հետազոտության հնարավորություն են ստացել:  Նրանք կարող են դիտարկել, թե ինչպես են վայրի կենդանիները դուրս գալիս իրենց ապաստաններից

Պումաները թափառում են Սանտյագոյի փողոցներում, եղջերուները՝ Ճապոնիայի ամայացած քաղաքներում, Փարիզում հիմա փողոցներն անցնող բադերի կհանդիպես: Կենդանաբանների համար ամայացած քաղաքային միջավայրում կենդանիների վարքագիծն ուսումնասիրելու եզակի պայմաններ են ստեղծվել:

Գիտնականներին հետաքրքրում է հատկապես, թե ինչ գործոններ են հարկադրել կենդանիներին դուրս գալ մարդկանց միջավայր, մեքենաների բացակայությո՞ւնը, աղմուկի նվազո՞ւմը, թե՞ առհասարակ մարդկանց անհետացումը:

Մնում է լուծել այն հանելուկը, թե ինչպես հետազոտել կարանտինի կողմնակի երևույթները, եթե իրենք՝ հետազոտողները, նստած են կարանտինի մեջ:

Մոսկվան և Էր Ռիադը համաձայնության եկան

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան OPEC+ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) շրջանակներում պայմանագիր կնքեցին նավթի արդյունահանումը օրական 10 մլն բարելով կրճատելու վերաբերյալ:

Միացյալ Նահանգները համաձայնեց օրական արդյունահանման ծավալը նվազեցնել 250 հազար բարելով: Հիմնական կրճատումները վերաբերում են Մոսկվային և Էր Ռիադին. օրական 2,5 մլն բարել երկու ամսվա ընթացքում:

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մայիսի 1-ին: Նրանք պետք է վերջ դնեն գնային պատերազմին, որ ծավալվել էր համավարակի պայմաններում առաջացած ցածր պահանջարկի հետևանքով: Սպասվում է, որ զատկական արձակուրդից հետո բորսաներում սակարկությունները կսկսվեն նավթի գների բարձրացումով:

Մոսկվան պատրաստվում է ծանր փորձություններին

Որբաթ  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարեց, որ հիվանդացության գագաթնակետը Մոսկվայում դեռ առջևում է: Նրա խոսքով՝ Մոսկվային մեծ փորձություններ են սպասում՝ կապված վիրուսի բռնկման հետ, և դրանց պետք է պատրաստվել:

«Ասում են, թե իբր շուտով հասնելու ենք պիկին: Ես ձեզ ստույգ եմ ասում՝ դեռ ոչ մի պիկի էլ չենք հասել, մենք ավելի շուտ գտնվում ենք ստորոտում, նույնիսկ ոչ լանջին»,- ասել է Սոբյանինը «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում: Նա հայտնել է նաև, որ այդ օրվանից իշխանությունները սկսելու են տուգանել կարանտինը խախտողներին, որոնք շրջում են քաղաքում անձնական մեքենաներով: Խոսքը վերաբերում է միայն նրանց, ովքեր պաշտոնապես կարանտինի մեջ են, այսինքն՝ կորոնավիրուսով վարակվածները, նրանց մերձավոր ազգականները, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր վերադարձել են արտասահմանից:

Մինչ այդ՝ հինգշաբթի օրը, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, դիմելով երկրի բնակչությանը, կորոնավիրուսի վարակը համեմատեց պոլովեցների և պեչենեգների հետ:

«Ամեն ինչ անցողիկ է, և սա էլ կանցնի,- ասաց նա:- Մեր երկիրը մեկ անգամ չէ, որ լուրջ փորձությունների է ենթարկվել. և՛ պեչենեգներն են նրան ծվատել, և՛ պոլովեցները: Բոլորին էլ հաղթել է Ռուսաստանը: Կհաղթենք նաև այս կորոնավիրուսային վարակին: Միասին մենք ամեն ինչ կհաղթահարենք»:

 

Աշխարհում Բորիս Ջոնսոն Ջերեմի Ֆեռարի Քիթ Նիլ Դոնալդ Թրամփ Սերգեյ Սոբյանին Վլադիմիր Պուտին

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին