Պետություն-գիտություն համագործակցության արդյունավետության համար կարևոր է, որ կառավարությունը նախաձեռնողի դերում լինի՝ իրազեկելով գիտական համայնքին իր կարիքների մասին, կարծում է ՀՀ ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հետախուզական երկրաֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող Ռոլան Գասպարյանը։ Նրա համոզմամբ՝ գիտահետազոտական ինստիտուտներում կիրառական բնույթի հետազոտությունները պետք է իրականացվեն կառավարության կողմից ներկայացված պետական պատվերի շրջանակներում, որպեսզի պետությունը դրանց հետագա կիրառականությամբ շահագրգռված լինի։ «Այլապես ստացվում է, որ մենք ամեն անգամ գնում ենք իրենց մոտ ու ասում՝ սա կարող ենք, այն կարող ենք։ Իսկ իրենք անգամ կարևոր արդյունքը վերցնելու և կիրառության մեջ դնելու պատասխանատվություն չեն կրում»,- ասում է Գասպարյանը։
Խոսելով երկրի մասին գիտությունների ոլորտում պետություն-գիտություն արդյունավետ համագործակցության նախադրյալների մասին՝ Գասպարյանն ասում է, որ այդ նպատակով նախ և առաջ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ․ բոլոր ոլորտներում գիտության հետ համագործակցությունը պետք է օրենսդրական պահանջ լինի։
Գասպարյանը որպես օրինակ նշում է հանքարդյունաբերությունը։ Ասում է՝ բիզնեսմենը պոտենցիալ հանքի տարածքում հետախուզություն իրականացնելու և հանքը շահագործելու նպատակահարմարությունը որոշելու համար բազմաթիվ տեղերում հորատումներ է իրականացնում՝ վնաս հասցնելով բնությանը։ Մինչդեռ երկրաֆիզիկական ուսումնասիրություններով առնվազն 80 տոկոս երաշխիքով հնարավոր է ասել՝ որքան են ստորգետնյա պաշարները և իմաստ ունի արդյոք հանքը շահագործել, թե ոչ։ «Այսպիսով և շրջակա միջավայրին քիչ վնաս կհասցվի, և բիզնեսմենը գումար կխնայի»,- ասում է Գասպարյանը։
Գիտաշխատողն ընդգծում է՝ գիտնականներն ունեն լուծումներ թե պետությանը, թե բիզնեսին հուզող խնդիրների համար, ընդամենը պետք է խրախուսել գիտությունը և համագործակցել գիտնականների հետ։
Անդրադառնալով հարցին՝ թե արդյոք գիտության ֆինանսավորման ավելացումը կնպաստի գիտության ոլորտում առկա խնդիրների լուծմանը՝ Գասպարյանն ասում է, որ ֆինանսավորման ավելացումը զգալիորեն ուշացած է․ գիտության ոլորտից կադրերի մեծ արտահոսք է տեղի ունեցել։ Որպես օրինակ իրենց լաբորատորիան է մատնանշում․ երիտասարդ գիտաշխատողը, որ հասել էր այնպիսի մակարդակի, որ այլևս կարող էր ինքնուրույն աշխատել, գիտական հետազոտություններ իրականացնել, հեռացավ ինստիտուտից, քանի որ այլ ոլորտում ավելի բարձր վարձատրվող աշխատանք էր գտել։ Նա նաև հավելում է՝ անգամ բարձր ֆինանսավորման պարագայում կադրերի պակասը միանգամից լրացնել հնարավոր չի լինի, քանի որ բնագիտական մասնագիտություններով բուհերի դիմորդները քիչ են, եղած կադրերն էլ շատ մցրունակ չեն․ «Գիտության ոլորտում հիմա հիմնականում տարիքով մարդիկ ենք, մեր թիկունքից եկողներ չկան, ամեն մեկս մի գիտական ուղղությամբ ենք զբաղվում, մեզանից հետո ո՞վ պետք է զբաղվի այդ հարցերով, չգիտեմ։ Դա լուրջ խնդիր է ոչ միայն մեր ինստիտուտի, այլ նաև ակադեմիական շատ ինստիտուտների համար»։
Շարունակելով գիտության ֆինանսավորման թեման՝ Գասպարյանն ասում է, որ աշխատավարձերից բացի գիտնականի աշխատանքի ու գիտության զարգացման համար կարևոր են նաև սարքավորումները․ առանց ժամանակակից սարքավորումների հնարավոր չէ մրցունակ հետազոտություններ իրականացնել։ Բացի այդ, Երկրի մասին գիտությունների ոլորտում շատ կարևոր են նաև դաշտային էքսպեդիցիոն աշխատանքները։
«Ինչպես մենք, այնպես էլ Երկրաբանության ինստիտուտը կիրառական բնույթի հետազոտությունների համար հիմնական նյութը ստանում ենք դաշտային փորձնամեթոդական աշխատանքների ժամանակ, որն էլ լրացուցիչ ֆինանսավորում է ենթադրում» - ասում է նա։- Հուսանք , որ գիտության ֆինանսավորման ավելացումը էականորեն կբարելավի նոր սարքավորումներ ձեռք բերելու և դաշտային աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև վերջապես գիտաշխատողները հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային գիտաժողովների աշխատանքներին»:
Գասպարյանն ընդգծում է՝ մեր երկրի ապագայի առանցքը գիտությունն է։ Ուստի կարևոր է, որ պետական մակարդակով գիտակցվի գիտության կարևորությունը, և կարողանանք գիտական հետազոտությունների արդյունքները ներդնել առօրյա կյանք։
Նա վստահ է՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար ունենք բավարար գիտական պոտենցիալ։ Միայն թե պետք է, որ որոշում կայացնողների մակարդակում կարևորեն գիտությունը, հասկանան արդյունքները և դրանց վրա հիմնված որոշումներ կայացնեն։