Թուրքագետ Վարուժան Գեղամյանն ու քաղաքագետ Էդգար Էլբակյանը տեղեկագիրք են հրապարակել, որը կոչվում է «Ժամանակակից Ադրբեջան»:
Տեղեկագրքում նկարագրվում են Ադրբեջանի Հանրապետության պատմության առանցքայինդրվագները, ներկայիս քաղաքական և տնտեսական համակարգի, զինված ուժերի, սոցիալ-մշակութային կյանքի հիմնական առանձնահատկությունները։
Հայ ադրբեջանագետներն Ադրբեջանի պատմության, քաղաքականության, հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների մասին միֆազերծ ու օբյեկտիվ տեղեկատվությունն ամփոփել են «Ժամանակակից Ադրբեջան» հայալեզու տեղեկագրքում: Հակառակորդի մասին օբյեկտիվ տեղեկատվության տիրապետելը վերջինիս նկատմամբ ճիշտ քաղաքականության մշակման կարևոր նախապայմաններից է:
Ադրբեջանագետներ Վարուժան Գեղամյանը և Էդգար Էլբակյանը հունվարի 24-ին հանրությանը ներկայացրեցին իրենց տեղեկագիրքը:
«Տեղեկագրքում ներկայացված է համապարփակ տեղեկություն Ադրբեջանի մասին՝ պատմություն, քաղաքականություն, պետաիշխանական համակարգ, տնտեսություն, հանրային կյանքի գրեթե բոլոր բնագավառները: Մեր խնդիրն էր մատուցել միֆազերծ և օբյեկտիվ տեղեկատվապաշար Ադրբեջանի մասին՝ հետևյալ մոտավոր տեսլականով, որ, պայմանական ասած, Ադրբեջանի մասին առաջին անգամ լսող մարդը կարդա և բավականին սոլիդ, կուռ պատկերացում կազմի այդ երկրի մասին»,-ասաց Էլբակյանը:
Նրա կարծիքով՝ երկրի նկատմամբ քաղաքականություն մշակելու համար պետք է ճիշտ ճանաչել այն: Էլբակյանը նկատեց՝ եթե չլինի օբյեկտիվ պատկերացում, ապա կարող ենք սխալ քաղաքականություն վարել դրա հանդեպ:
Նա շեշտեց՝ այդ սխալն Ադրբեջանը, ի դեպ, անում է: Վերջերս Հայաստանից, Արցախից դեպի Ադրբեջան այց կատարած լրագրողների թվում էր նաև Էդգար Էլբակյանը:
«Այդ այցը բերել է այն համոզման, որ այն միֆադարանը, որ նրանք ունեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով, գոյությունունի ոչ միայն քարոզչական տեքստերով միջին վիճակագրական ադրբեջանցիների ուղեղներում, այլ հաճախ պետական, գիտավերլուծական, ամենաբարձր շրջանակների ներկայացուցիչների մոտ:
Այդպիսի իրավիճակում նրանք չեն կարողանա մեր նկատմամբ իրենց քաղաքականությունը, ռազմավարությունը մշակելիս չսխալվել: Մեր հետազոտական թիմի համոզմամբ՝ Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլի ավանտյուրան հենց այդպիսի թերահաշվարկի արդյունք էր»,-նշեց նա:
Համահեղինակները նշում են, որ առհասարակ տեղեկագրքի ձեւաչափը տարածված չէ մեզանում: Այդպիսի հայերեն տեղեկագիրքկա Թուրքիայի մասին, որը, սակայն, ռուսերենից թարգմանություն է եւ լույս է տեսել խորհրդայինտարիներին:
Հեղինակների խոսքով, բնականաբար, անցնող տարիներին եղել են աշխատանքներ Ադրբեջանի ներքին, արտաքին քաղաքականության վերաբերյալ, բայց այս տեղեկագիրքն իր ձեւաչափով առաջին փորձն է Ադրբեջանի մասին համապարփակ, ընդգրկուն տեղեկատվության, որը ստեղծվել է վերլուծական եւ հետազոտական աշխատանքի հիման վրա:
Տեղեկագրքում Ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձ կա պատմության հատվածում, դա Ադրբեջանի պատմության անկյունադարձային կողմերից մեկն է: Եվ գրքում հենց այդպես էլ ներկայացված է, որ Ղարաբաղյան հակամարտությունը, նավթարդյունաբերության բումը և միջկլանային պայքարը այն հիմնական դետերմինատներն են, որ պայմանավորում են հետանկախական Ադրբեջանի արտաքին և նույնիսկ ներքին վարքը: Վարուժան Գեղամյանը նշեց՝ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները հայտնի են, դրանք թշնամական են, հետևաբար մեզ համար էլ ավելի առաջնային նշանակություն ունի Ադրբեջանի ուսումնասիրությունը:
«Այս ձեռնարկը փորձ է՝ պատրաստել մի համապարփակ տեղեկագիր, որով դիվանագետները, քաղաքագետները և այլք, որոնք իրենց գործունեության ընթացքում այս կամ այն կերպ առնչվում են հայ-ադրբեջանական հակամարտությանը, հնարավորություն ունենան հայկական համապարփակաղբյուրից ստանալ անհրաժեշտ տեղեկությունը: Փորձել ենք ներկայացնել այն հարցերը, որոնք Հայաստանի, հայության տեսանկյունից կարևորություն են ներկայացնում»,-ասաց նա:
Հեղինակները նշում են՝ փորձել են ստեղծել մի տեղեկագիր, որը հնարավորություն կտա որոշում կայացնողներին, թեմայով զբաղվողներին զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունից, քարոզչությունից:
Գիրքը նաև փոքրիկ ներդրում է՝ հակառակորդին լավ ճանաչելու գործում: Այժմ նրանք աշխատում են գրել Ադրբեջանի քաղաքական պատմություն բուհական դասագիրք՝ հայերենով: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, գրքի գիտական խմբագիր Ռուբեն Մելքոնյանը նշեց՝ սա հենդբուք է, այսպես ասած ձեռքի գիրք, որում Ադրբեջանի հետ կապված տարբեր իրողությունների մասին կարելի է գտնել սեղմ, բայց խորքային տեղեկություն: «Ժանամակից Ադրբեջան» տեղեկագիրքը կազմվել է ՀՀ պաշտպանության նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամիև Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության շրջանակում:
Տեղեկագիրքը նախատեսված է արևելագետների, քաղաքագետների, պատմաբանների, դիվանագետների, քաղաքական գործիչների, ռազմական փորձագետների, ինչպես նաև տարածաշրջանով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար։