Բջջային հավելվածը, որով իրականացվում է օնլայն թեստավորում, ստեղծվել է հայ ծրագրավորողների կողմից, որը կոչվում է Covid-19 Armenia: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:
«Այն ունեցել է արդեն 40 հազար բեռնում, որի շրջանակներում 240 հազար անգամ մարդիկ թեստ են իրականացրել: Մոտ 1500 մարդ հայտնվել է կարմիր գոտում, որոնցից հարցազրույցի միջոցով առանձնացվել են 31-ը: Նրանցից թեստավորվել են 12-ը, որից 4-ի մոտ գրանցվել է դրական արդյունք: Մնացած արդյունքներին դեռ սպասում ենք»,-ասաց նա:
Բադալյանը ընդգծեց, որ հավելվածի ներբեռնումը կամավորության սկզբունքով է. «Անձը ներբեռնելով հավելվածը, կարող է ամենօրյա ռեժիմով ստանալ տեղեկատվության ընթացիկ իրավիճակի, պարետի որոշումների մասին, նաեւ որոշակի ուղղորդում, թե ինչպես վարվել յուրաքանչյուր դեպքում, ինչպես նաեւ անցկացնել օնլայն թեստավորում: Ինքնամեկուսացված անձանց եւս չենք պարտադրում ներբեռնել հավելվածը»: