Իրանում կորոնավիրուսով վարակման ֆոնին ալկոհոլային թունավորումից ավելի քան 600 մարդ է մահացել: Այդ մասին հայտնում է Mizan Online գործակալությունը՝ վկայակոչելով երկրի դատական համակարգի ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայիլի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Իսլամական օրենքներով Իրանում ալկոհոլն արգելվում է, սակայն արտադրվում է մեթիլ սպիրտ: Ենթադրվում է, որ իրանցիները թունավորվել են կեղծ ալկոհոլից կամ մեթանոլից, որը երկրում օգտագործվել է որպես կորոնավիրուսի դեմ «պրոֆիլակտիկա»:
Էսմայիլի խոսքերով՝ երկրում ընդհանուր առմամբ երեք հազար մարդ է թունավորվել:
Նա նաև քաղաքացիների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ալկոհոլը ոչ թե դեղամիջոց է, այլ «թույն»:
Ներկայումս Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 60.500 դեպք, 3,739 մարդ մահացել է: Առնվազն 24 հազար հիվանդ ապաքինվել է:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: Վերջին տվյալներով՝ աշխարհում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 1.3 միլիոն դեպք: