Ապրիլի 2-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը շատ անախորժ նորություն հայտնեց. «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Չնայած պաշտոնական տեղեկությանն այն մասին, որ նրանք շփում չեն ունեցել բանտարկյալների հետ և արդեն մեկուսացվել են, միևնույն է, դա որոշակի «զանգ» է: Նախ՝ նրանք կարող էին վարակել նաև ուրիշ աշխատակիցների, վերջիններս էլ, իրենց հերթին, վարակը կհասցնեն բանտարկյալներին, երկրորդ՝ դա ամենևին էլ չի կարող վերջին դեպքը լինել: Թե ինչքան արագ կարող է վարակը տարածվել լեփ-լեցուն բանտերում կամ քննչական մեկուսարաններում, բացատրելու կարիք չկա: Ի՞նչ անել:
Շատ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան, Բահրեյնը, Հնդկաստանը և այլք, գերծանրաբեռնված բանտերը բեռնաթափելու նպատակով համաներում են ոչ ծանր հանցագործությունների համար պատիժ կրողներին և նրանց, ովքեր արդեն կրել են այդ պատժի մեծ մասը: Իռլանդիայում, օրինակ, ակտիվացնում և պարզեցնում են ժամանակավոր ազատման մեխանիզմը, երբ մարդը ժամանակավոր կարող է դուրս գալ բանտից, սակայն շաբաթը մեկ պետք է ներկայանա այնտեղ (այժմ այդ կարգն անհրաժեշտ է իրականացնել ամիսը մեկ): Նույնիսկ ոչ ժողովրդավարական Իրանում բանտերից ժամանակավոր ազատել են 85 հազար մարդու, որոնցից 10 հազարին հետագայում համաներում են շնորհել: Ժամանակավոր կամ մշտական հիմքով քննչական հսկողության տակ գտնվողներից շատերի խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինում են գրավով, չբացակայելու ստորագրությամբ կամ տնային կալանքով:
Հայաստանում և այլ երկրներում ստեղծված իրավիճակը հանգեցնում է մարդու իրավունքների լուրջ խախտումների, երբ խոսքը նախաքննության տակ գտնվողների և դեռևս չդատապարտվածների մասին է (նրանց մի մասը ապագայում կարող է արդարացվել): Նրանք այժմ չեն կարող հանձնուք ստանալ (սնունդ և առօրյա անհրաժեշտության իրեր) և ստիպված են սնվել քննչական մեկուսարանի անպիտանի մթերքով, հարազատների հետ հանդիպման իրավունք չունեն և ենթակա են հավելյալ վարակման վտանգների: Եվ սա այն դեպքում, երբ առանց այդ էլ որևէ մեղք չունեցող մարդկանց ազատազրկման պայմանները Հայաստանում (ասենք՝ նաև հետխորհրդային տարածության մնացած երկրներում) միշտ էլ հեռու են եղել համապատասխանելուց:
Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում նույնպես անհրաժեշտ է ազատազրկման վայրերի բեռնաթափման միջոցներ ձեռնարկել: Երկրում անկարգությունների առաջացման և հանցագործությունների մակարդակի մեծացման հավականությունը թույլ չտալու նպատակով անհրաժեշտ է դասակարգել այն դատապարտյալներին, որոնց դեպքում թույլատրելի է համաներումը կամ ժամանակավոր տուն ինքնամեկուսացման ուղարկելը: Այսպես, 65-70-ից բարձր տարիքի մարդիկ, որոնք կորոնավիրուսի վարակի ծանր բարդությունների ռիսկի խմբում են, արդեն հազիվ թե լուրջ վտանգ ներկայացնեն շրջապատի համար (համենայն դեպս, եթե չեն դատապարտվել այնպիսի ծանր հանցագործությունների համար, ինչպիսիք են սպանությունը կամ սեռական բռնությունը):
Հասարակության համար վտանգ չեն ներկայացնում նաև տնտեսական հանցագործությունների համար (խարդախություն, կոռուպցիա ևն) կալանքի տակ գտնվողները կամ դատապարտյալները: Առաջինները կարող են ազատ արձակվել երկրից չհեռանալու ստորագրությամբ կամ գրավով, մյուսները՝ կա՛մ վաղաժամ պայմանական ազատվել (օրինակ՝ եթե արդեն կրել են պատժի կեսը), կա՛մ ժամանակավոր ազատվել: Կարելի է վաղաժամ պայմանական ազատել (կամ կասկածյալի խափանման միջոցը փոխել) նաև ուրիշ թեթև հանցագործությունների համար դատապարտվածներին, գոնե ազատազրկման ժամկետի որոշակի մասն անցած լինելու պարագայում: Բոլոր դեպքերում այդ միջոցներն անհրաժեշտ էր ձեռնարկել արդեն երեկ, բայց դեռ ուշ չէ հիվանդության նոր զանգվածային բռնկումների վտանգը նվազեցնելու հարցում հաջողության հասնելու համար:
Ամփոփելով կուզենայի ավելացնել հետևյալը. ազատազրկման դատավճիռը չպետք է մարդու համար մահապատիժ դառնա: Քանի որ օրերս օրենք ընդունվեց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների տեղաշարժին ու հաղորդակցությանը հետևելու մասին, ազատազրկվածների մասնակի համաներումը շատ ավելի արդարացված և անվտանգ միջոց է դառնում:
Լեոնիդ Ներսիսյան
Աղբյուրը՝ REGNUM