f

Անկախ

Ինչպե՞ս կապել գիտությունն ու բիզնեսը և ապահովել գիտական արդյունքների կիրառականությունը․ գիտնականի առաջարկները


Երկրաֆիզիկական հետազոտությունների շնորհիվ հնագետները որոնողական աշխատանքների փուլը բաց են թողնում և միանգամից սկսում են պեղումներ իրականացնել բուն հուշարձանի վայրում։ Գեոռադարային սկանավորման մեթոդը տարիներ շարունակ հաջողությամբ կիրառվում է Գեղարոտ և Շենգավիթ հնավայրերում․ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Գեոարխեոլոգիայի և գեոմոնիտորինգի բաժնի մասնագետները հատուկ սարքավորումներով սկանավորում են երկրակեղևը, մատնացույց անում տեղանքը, որտեղ գտնվում է թաղված հուշարձանը, որից հետո հնագետները սկսում են պեղումները։

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Գեոարխեոլոգիայի և գեոմոնիտորինգի լաբորատորիայի վարիչ, ե․գ․թ․ Միքայել Գևորգյանն «Անկախի» հետ զրույցում ասում է՝ հաջողությամբ համագործակցում են ՀՀ տարածքում պեղումներ իրականացնող թե հայաստանյան, թե արտասահմանյան գիտնականների հետ։ Նա ընդգծում է՝ համագործակցության շնորհիվ գիտնականները խնայում են թանկարժեք ռեսուրսներն ու ժամանակը և միանգամից թաղված հուշարձանի բուն տեղամասում են պեղումներ իրականացնում։ 

Գևորգյանը նշում է՝ մտածում են առաջիկայում թաղված հուշարձանների հայտնաբերման երկրաֆիզիկական և երկրաքիմիական մեթոդների համատեղ փորձարկմանը միտված ծրագիր իրականացնել։ Ասում է՝ այսպիսով գուցե ավելի արդյունավետ  արդյունքներ ստանան։ Նշենք, որ երկրաֆիզիկական հետազոտության մեթոդով բացահայտվում են թաղված հուշարձանները, իսկ երկրաքիմիական մեթոդով առանց պեղումների որոշվում է՝  արդյոք դրանցում մետաղական գտածոներ  և ոսկորներ կան, թե ոչ։

Գևորգյանը նշում է, որ գեոռադարային սկանավորման մեթոդով միայն հնագետների աշխատանքը չէ, որ հեշտացնում են։ Ասում է՝ այդպիսով բացահայտում են ստորգետնյա կոմունիկացիաները՝ լարեր, խողովակներ, թունելներ՝ հեշտացնելով շինարարների աշխատանքը, շենքերի շինարարությունից առաջ գրունտի շերտագրություն են իրականացնում, որպեսզի շինարարները վստահ լինեն՝ ստորգետնյա դատարկ տեղամասեր չկան, որոնք կարող են վտանգել շենքի սեյսմակայունությունը։ Ուսումնասիրում են նաև ջրամբարների պատվարները՝ հնարավոր ճաքերը բացահայտելու համար, սողանքային գոտիները՝ ուղղորդելով, թե ինչպես կարող են կանխարգելել հնարավոր վտանգները։

«Ջրամբարների պատվարների և սողանքային տեղամասերի ուսումնասիրության համար երկրաֆիզիկական կոմպլեքս հետազոտություն ենք իրականացնում՝ գեոռադարային սկանավորում, սեյսմահետախուզություն և էլեկտրահետախուզություն։ Այս երեք տվյալների համադրման և վերլուծության արդյունքում է, որ գիտական եզրակացություն է կազմվում, որի հիման վրա էլ խորհուրդներ ենք տալիս»,- ասում է նա։

Գևորգյանը պատմում է՝ վերջերս Լոռու մարզի Թումանյան քաղաքի մոտակայքում սողանք էր տեղի ունեցել, որը վտանգում էր ոչ միայն միջպետական ճանապարհը, այլ նաև երկաթուղին։ Վտանգ կար նաև, որ սողանքի պատճառով կարող է փակվել Դեբեդ գետի հունը, ինչի հետևանքով ջուրը կհեղեղեր Ալավերդին։«Մենք ուսումնասիրեցինք տեղանքը և խորհուրդներ տվեցինք, թե ինչպես չեզոքացնեն սողանքից սպառնացող վտանգները։ Առաջարկեցինք հորիզոնական հորատումով ջրահեռացում իրականացնել, ինչի շնորհիվ սողանքը կայունացավ»,- պատմում է Գևորգյանը։ 

Նա նշում է՝ նշված գիտակիրառական արդյունքով հաջողությամբ կապում են գիտությունը և բիզնեսը։ Համագործակցում են թե մասնավոր, թե պետական մի շարք կառույցների հետ՝ օգնելով ճիշտ որոշումներ կայացնել, խնայել ժամանակ և գումար։

Հարցին, թե ինչպես է հնարավոր դարձել համագործակցությունը մասնավոր և պետական կառույցների հետ՝ Գևորգյանն ասում է, որ իրենց լաբորատորիայում գիտական աշխատանքից բացի նաև իրենց արձանագրած արդյունքի առևտրայնացմամբ են զբաղվում․ ուսումնասիրում են պետական կառույցների ծրագրերը, առաջնահերթությունները և ենթադրելով, թե ինչը կարող է նրանց հետաքրքրել, առաջարկություններ են ներկայացնում։ Ասում է՝ որպես կանոն համագործակցության առաջարկությունները մեծամասամբ դրական արձագանք են ստանում, սակայն խնդրահարույց է համագործակցության կայացման ժամկետը․«Մեր առաջարկներն ընդունվում են, բայց  գործընթացը դանդաղ է ընթանում։ ֆինանսավորումն այդ տարվա բյուջեով նախատեսված չի լինում»։

Անդրադառնալով գիտական արդյունքների առևտրայնացման խնդրին՝ Գևորգյանն ասում է, որ 21-րդ դարում գիտաշխատողը պետք է գիտության իր ոլորտից բացի լավ տիրապետի օտար լեզուների և շարունակ ինքնակրթվի, օրինակ՝ ուսումնասիրի միջազգային հաջողված փորձը, գիտական արդյունքների կիրառականության ոլորտները և այլն։

Ասում է՝ համալսարանն ուսանողներին սովորեցնում է տրամաբանել և սովորել, համացանցի դարում, երբ գիտելիքը հասանելի է առավել, քան երբևէ, գիտաշխատողը պետք է ինքնակրթվի, զարգացնի ճկուն մարքեթինգային մտածողություն, կարողանա իր արձանագրած արդյունքների կիրառականությունն ապահովել։

Խոսելով գիտության խնդիրների մասին՝ Գևորգյանն ասում է, որ Հայաստանում առաջնային խնդիրը գիտության ծերացումն է․ սուղ ֆինանսավորմամբ պայմանավորված՝ գիտությունը երիտասարդների համար գրավիչ չէ, գիտություն եկողներն էլ ոլորտում երկար չեն մնում, կամ ի վերջո արտերկիր են տեղափոխվում։

«Մեզ մոտ երիտասարդները գալիս են, մի քիչ աշխատում, հետո  ծրագրավորում են սովորում ՏՏ ոլորտ տեղափոխվելու համար։ Բայց գիտության ոլորտում էլ է ծրագրավորում պետք  գիտական ծրագրեր նախագծելու համար։ Ներկայում մենք դրանք  գնում ենք արտերկրից»,- ասում է Գևորգյանը և հավելում, որ  ընթացիկ տարվանից գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը կարող է մեղմել երիտասարդ կադրերի արտահոսքի  խնդիրը։ 

Մյուս կարևոր խնդիրը լաբորատորիաների վերազինումն է ժամանակակից սարքավորումներով։ Նշում է՝ 2021-ին գիտական լաբորատորիաները, այդ թվում և իրենց լաբորատորիան,  աննախադեպ ծավալով նոր սարքավորումներ են կարողացել ձեռք բերել հատկացված ֆինանսավորման շնորհիվ։ Բայց այդ գործընթացը պետք է շարունակական լինի։ Բազմաթիվ են լաբորատորիաները, որտեղ գիտաշխատողները հետազոտություններ են իրականացնում ԽՍՀՄ-ից մնացած սարքավորումներով։ Մինչդեռ առանց նորագույն սարքավորումների աշխարհի մակարդակով մրցունակ արդյունք ապահովել հնարավոր չէ։

Գևորգյանը շեշտում է՝ կյանքի բոլոր ոլորտներում զարգացումը կախված է գիտությունից․ գյուղատնտեսությունից մինչև բանակ։ Նա նաև նշում է՝ Հայաստանն ունի բավարար մտավոր պոտենցիալ զարգացած գիտությամբ հզոր երկիր դառնալու համար։ «Թե Հայաստանում, թե արտասահմանում այդ պոտենցիալն ունենք։ Երբ  2004-ին ընդունվեցի ինստիտուտ, մեր լաբորատորիայում 6 երիտասարդ էինք, նրանցից 4-ը գնացին արտերկիր, մեկը այլ ոլորտ տեղափոխվեց, միայն ես շարունակեցի գիտությամբ զբաղվել Հայաստանում։ Հիմա, եթե պայմաններ ստեղծվեն, արտերկրի հայ գիտնականները հետ  կգան՝ իրենց հետ բերելով արտասահմանյան փորձը»,- ասում է Գևորգյանը՝ հավելելով, որ գիտության խրախուսման առաջնային պայմանը պատշաճ ֆինանսավորումն է։


 

գիտություն  Երկրաբանական գիտությունների ինստիտուտ գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի հնագիտական պեղումներ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին