ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որը հնարավորություն է տալիս կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին բացահայտելու նպատակով ֆիքսել զանգերը, չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում: Ընդունված նախագծերի փաթեթի մասին իր Ֆեյսբուք-ի էջում պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Պարետատան գլխավորությամբ ոլորտի մասնագետները, հաշվի առնելով պանդեմիայի դեմ պայքարի լավագույն միջազգային փորձը, հանգել են այն եզրահանգման, որ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ավելի թիրախային և ավելի արդյունավետ պայքարի միջոցներ ձեռնարկել: Համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպիսի վարքագիծ ունի վարակի տարածման արագությունը Հայաստանում։ Այս նպատակով՝ Ազգային ժողովի քննարկման եմ այսօր ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որոնց վերջնական ընդունման արդյունքում օպերատիվ կերպով կներդրվի ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ: Մեր կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում »,-գրել է Բադասյանը:
Նա նկատում է՝ խնդիրը պարզ է․ ունենալ տեղեկատվություն, որով հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել մեկուսացման միջոցառումներ՝ պաշտպանելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության (թեև նման դեպքերը իրատեսական էլ չեն)։ Նախարարն առանձնացրել է մեկ կարևոր կետ ևս․ խոսք է գնում այնպիսի տեղեկատվությունը մեկտեղելու մասին, որն այսօր պահպանվում և օգտագործվում է օպերատորների կողմից և դա մեկտեղելով և անհրաժեշտության դեպքում վերլուծելու միջոցով (վարակակրի կոնտակտները հասկանալու համար)՝ պետք է արդյունավետ պայքար մղվի համաճարակի դեմ։ Բադասյանը շեշտել է, որ այդ միջոցառումները կարող են իրականացվել բացառապես համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։