Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ Facebook ընկերության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև որոշ համաձայնություն կա, որով ընկերությունը Թրամփին օգնում է նախընտրական քարոզարշավում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Սորոսն այդ մասին հայտարարել է երեկ Դավոսում՝ միջազգային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս:
«Կարծում եմ՝ Թրամփի և Facebook-ի միջև ինչ-որ ոչ պաշտոնական գործարքի կամ համաձայնության նման մի բան կա: Facebook-ը կհամագործակցի Սպիտակ տան հետ, որ Թրամփին վերընտրի, իսկ Թրամփը կպաշտպանի Facebook-ին»,- ասել է նա:
Իր ելույթում ֆինանսիստը նաև Թրամփին մեղադրել է ԱՄՆ շահերը սեփականի շահերին ստորադասելու մեջ:
Սորոսը մեկ անգամ չէ, որ քննադատել է Facebook-ին և Google-ին, քանի որ կարծում է՝ այս ընկերությունները մենաշնորհել են շուկան՝ խոչընդոտելով նորարարությունը և կախվածություն առաջացնելով իրենց ծառայություններից:
Սորոսն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, Soros Fund Management հսկա հիմնադրամի ստեղծողն ու ղեկավարն է: Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունը հասնում է մոտ 25 մլրդ դոլարի: 2016 թ. փետրվարին CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Սորոսը 6 մլն դոլար է նվիրաբերել Դեմոկարտական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի մրցակցի նախագահական քարոզարշավին: 2016 թ. նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո Սորոսը նրան բնորոշել է որպես բռնապետության և ԱՄՆ-ն մաֆիոզ պետության վերածելու կողմնակից:
ԱՄՆ-ում նախագահական 59-րդ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին: