Կորոնավիրուսով վարակվածների աշխարհագրությունն օր օրի ընդլայնվում է. վարակվածների թիվը հասել է շուրջ 382.000-ի:
Պարզ է, որ նման դինամիկայի պայմաններում վիրուսի զարգացումը պետք է ազդի նաև սպորտի վրա:
Այսպիսով՝ մարզական կյանքը ևս անմասն չմնաց կորոնավիրուսից: 2020-ը պատմության մեջ պետք է մտներ որպես մարզական իրադարձություններով ու էմոցիաներով հարուստ, հագեցած ու գունեղ տարի: Սակայն կորոնավիրուսը խառնեց բոլոր խաղաթղթերը. այս ամենից անմասն չմնացին մարզիկները, մարզիչները, մրցաշարերը, երկրպագուները:
Կարճ ժամանակահատվածում, կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, մեկը մյուսի հետևից հետաձգվեցին խոշորագույն մարզական իրադարձությունները՝ հօդս ցնդեցնելով երկրպագուների սպասումները:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անորոշ ժամանակով մեկը մյուսի հետևից հետաձգվեցին բոլոր մրցաշարերը, ֆուտբոլային առաջնություններն ու գավաթների խաղարկությունները: Բայց և այնպես, երկրպագուներն անհամբեր սպասում էին միջազգային կառույցների կողմից 2 կարևորագույն միջոցառումների՝ Եվրո-2020-ի և Տոկիո-2020-ի անցկացման վերաբերյալ որոշումների կայացմանը, որոնք սպասեցնել չտվեցին:
Եվրո 2020-ը հետաձգվեց
Մարտի 17-ին ֆուտբոլասերներին հայտնի դարձավ, որ Եվրո-2020 հետաձգվում է 1 տարով: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվեր Հին աշխարհամասի 12 երկրների 12 քաղաքներում:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տեսակոնֆերանս անցկացրեց ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո գործող 55 ազգային ֆեդերացիաների, ակումբների ղեկավարների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում և հայտարարվեց կորոնավիրուսի պանդեմիայի զարգացման անկանխատեսելիության պատճառով Եվրո 2020-ի եզրափակիչ մրցաշարի՝ մեկ տարով հետաձգման մասին:
Չեֆերինն իր ելույթում մասնավորապես նշեց. «Մենք բոլորս գիտենք, որ այս սարսափելի վիրուսը կյանքն ամբողջովին անհնար է դարձրել: Այժմ մենք պետք է մտածենք երկրպագուների և խաղացողների առողջության մասին: Եվ, իհարկե, մենք պետք է մտածենք հենց ֆուտբոլի մասին: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք հետաձգել Եվրո-2020-ը»:
Եվրոպայի առաջնությունը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդմամբ՝ հետաձգվել են չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչները, սակայն անցկացման հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն:
Տոկիո-2020-ը ևս հետաձգվում է
Ավստրալիան և Կանադան օրեր առաջ հայտարարեցին, որ չեն մասնակցի оլիմպիական խաղերին, եթե ՄՕԿ-ը որոշում չընդունի խաղերը հետաձգելու վերաբերյալ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ընդունեց Ճապոնիայի իշխանությունների և օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առաջարկը 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը 1 տարով հետաձգելու վերաբերյալ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջարկով՝ օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Իրադարձությունների նման զարգացումները հաշվի չառնելով՝ կարանտինի ընթացքում պևոֆեսիոնալ մարզիկները տեղադրում են տեսաձայնագրություններ իրենց պարապմունքներից՝ ցույց տալով, որ նույնիսկ այդ պայմաններում ջանասիրաբար մարզվում են՝ մարզավիճակը չկորցնելու և հարկ եղած դեպքում պայքարի մեջ մտնելու համար:
Ստեղծված իրավիճակին ըմբռնումով են մոտենում տարբեր մարզաձևերի Հայաստանի հավաքականների մարզիչները՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված արտակարգ միջոցառումներին, քանի որ առաջնայինը քաղաքացիների և, մասնավորապես, մարզիկների առողջությունն է: Մարզիչները «արտակարգ» ծրագրեր են մշակել. քանի որ արգելվում են մարդկային կուտակումները իրենք մարզումները կազմակերպում են հեռահար եղանակով՝ հավաքականի յուրաքանչյուր անդամի տալով անհատական հանձնարարություն՝ ֆիզիկական պատրաստականությունը բարձր պահելու նպատակով:
Մնում է հավատալ և սպասել, որ կորոնավիրուսը որոշ ժամանակ անց կսկսի նահանջել և աշխարհը գոնե մասամբ կվերադառնա իր նախկին ընթացքներին ու ամեն բան, այդ թվում նաև մարզական կյանքը կվերականգնվի և երկրպագուներն էլ հնարավորություն կունենան հետևելու սիրելի մարզիկների, թիմերի ու ակումբների ելույթներին՝ վայելելով սպորտի մատուցած գեղեցիկ պահերն ու հաղթանակի բերկրանքը: