f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Աշխարհի անցուդարձի գլխավոր թելադրողը դարձյալ մնում է կորոնավիրուսի համավարակը, որը շարունակում է սարսափի մեջ պահել մարդկությանը, և «պատերազմը» հետզհետե ավելի ու ավելի դաժան է դառնում: Վերջապես այս աշխարհի հզորները հասկացել են, որ ոչ միայն պետք է պայքարել հետևանքների դեմ, այլև նախահարձակ լինել: Ժամանակավորապես մի կողմ են դրվել բոլոր հակասությունները պետությունների միջև, ներկայումս բոլորն ունեն մեկ թշնամի, որին հնարավոր կլինի հաղթել ձեռք ձեռքի տված, միահամուռ ուժերով:

Ցավալի վիճակագրություն

Վիճակագրությունն օր օրի ավելի հուսահատական է դառնում, կառավարություններն ավելի խիստ մարտավարություն են որդեգրում:

COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն Իտալիայում երեկ՝ կիրակի, գերազանցել է 50 հազարը, վիրուսի զոհ է դարձել գրեթե 5,5 հազար մարդ: Իտալիան առաջվա պես երկրորդ տեղում է վարակվածների թվով Չինաստանից հետո և առաջին տեղում մահերի թվով:

Անցած հանգստյան օրերին վարակվածների թվով երրորդ տեղում հայտնվեց Միացյալ Նահանգները: Այնտեղ վարակվել է ավելի քան 33 հազար մարդ: Ամենաբարդ իրավիճակը Նյու Յորքում է, որը փաստորեն կորոնավիրուսի էպիկենտրոնն է դարձել ԱՄՆ-ում: Նյու Յորքին ընկնում է աշխարհի բոլոր վարակման դեպքերի մոտ 5 տոկոսը: Կիրակի հայտնի դարձավ, որ վարակվել է գրեթե 100 ոստիկան, որոնք կարգուկանոնն են ապահովում քաղաքում:

Հինգշաբթի Washington Post թերթի սյունակագիր Մաքս Բուտը Նահանգներում կորոնավիրուսի արագ տարածումը պայմանավորեց այն հանգամանքով, որ ամերիկյան դաշնային կառավարությունը, որի լիազորությունները կրճատվել են վերջին տասնամյակներում, նվազ արդյունավետ է դարձել, իսկ առողջապահությունը՝ թանկ և անհասանելի:

Չորրորդ տեղում Իսպանիան է: Շաբաթ օրը երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարեց, որ Իսպանիան կարանտինի ամենախիստ միջոցներն է ձեռնարկել Եվրոպայում և ամենախիստ միջոցներից մեկն աշխարհում:  

Մի շաբաթ առաջ Իսպանիան առաջիկա երկու շաբաթների համար բարձր զգոնության դրություն մտցրեց՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժը: Երեկ հայտնի դարձավ, որ կառավարությունն այսօր կարող է խնդրել խորհրդարանին, որ այդ դրությունը երկարացվի մինչև ապրիլի 11-ը:

Հինգերորդ տեղում վարակվածների թվով Գերմանիան է: Այդ երկրի իշխանությունները որոշել են խստացնել մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, հիմա արգելված է երկու մարդուց ավելի խմբերով հավաքվել: Այդ միջոցների մասին երեկ՝ կիրակի, հայտարարեց ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը: Ճեպազրույցից անմիջապես հետո նա էլ ստիպված եղավ գնալ կարանտինի: Պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված է եղել այն բժիշկը, որը ուրբաթ Մերկելին կանխարգելիչ պատվաստանյութ է ներարկել:

Ֆրանսիան փակել է բոլոր արտաքին սահմանները և երկրի բնակիչներին կարգադրել է մնալ տանը: Առանց հարգելի պատճառի տնից դուրս գալն արգելված է, զանգվածային բոլոր միջոցառումները նույնպես արգելված են:  Արգելքը մտցվել է 15 օրով:  Ներկայումս արդեն 92 հազար մարդ տուգանվել է կարանտինի խախտման համար:

Բրիտանիայում  ուրբաթ օրվանից անորոշ ժամանակով փակվել են դպրոցները, շաբաթ լույս կիրակի գիշերից փակվել են փաբերը, բարերը, ռեստորաններն ու գիշերային ակումբները: Երկրի բոլոր բնակիչներին կոչ են անում մնալ տանը և հնարավորություն տալ օգտվելու հասարակական տրանսպորտից միայն նրանց,  որոնց դա խիստ անհրաժեշտ է: Սակայն անցած հանգստյան օրերին շատ բրիտանացիներ մեծ խմբերով հավաքվել են զբոսայգիներում և այլ հասարակական վայրերում: Տեսագրություններն ու լուսանկարները վկայում են, որ իշխանությունների սահմանած երկու մետրի հեռավորությունը միմյանցից ոչ բոլորն են պահպանում:

Բրիտանական թերթերը գրում են, որ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը փաստացի վերջնագիր է ներկայացրել Միացյալ Թագավորության բնակիչներին. կա՛մ նրանք կհետևեն իշխանությունների հանձնարարականներին, կա՛մ կարժանանան նույնպիսի խիստ սահմանափակումների, ինչպիսիք մտցրել են Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում:  

«Մենք շատ լուրջ կմտածենք այդ մասին առաջիկա 24 ժամվա ընթացքում: Եթե մարդիկ չեն կարող օգտվել զբոսայգիներից և մանկական հրապարակներից պատասխանատվությամբ և պահպանել երկու մետրի կանոնը, ապա մենք ստիպված կլինենք դիմելու ավելի խիստ միջոցների»,- ասել է Ջոնսոնը: Եվ թերթերը գրում են, որ այդ տեսանկյունից վարչապետը լիովին վայելում է կառավարության աջակցությունը: Պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը կարծում է՝ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ:

Ի դեպ, New York Times թերթը գրում է, որ Ջոնսոնին և Թրամփին սթափեցնելու և կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչության լիակատար մեկուսացման անցնելու հարցում վճռական դեր է խաղացել Լոնդոնի կայսերական քոլեջի զեկույցը, որում գիտնականները գրել են, որ վիրուսի անվերահսկելի տարածումը կարող է 510 հազար բրիտանացու կյանք խլել, իսկ Միացյալ Նահանգներում կարող է մահանալ 2 միլիոն մարդ:

Դաշնակից «զորք», ինչպես պատերազմում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մ հասել է 438-ի: Մոսկվայի մետրոպոլիտենը հայտարարեց, որ ուղևորահոսքերը նվազել են 40 տոկոսով, իսկ մշակույթի նախարարությունը հանձնարարեց փակել կինոթատրոնները:

Շաբաթ օրը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը  հերքեց մետրոյի փակման լուրը: Նա հայտարարեց, որ «ընդհանրապես հնարավոր չէ կանգնեցնել» մետրոն, այն կգործի ամեն մի  իրավիճակում:

Ոստիկանությունը մշակում է Մոսկվայում կարանտին մտցնելու և քաղաք մուտքի արգելքի պլանը: Դիտարկվում է նաև պարետային ժամ մտցնելու տարբերակը, ինչպես նաև պահեստայինների հավաքագրման սցենարը՝ ներգրավելով Ազգային գվարդիան և Մոսկվայի քաղաքային ժողովրդական դրուժինան:

Իսկ այս գիշեր ռուսական ռազմական ԻԼ-76 յոթ ինքնաթիռ է վայրէջք կատարել Իտալիայում՝ այնտեղ հասցնելով ռազմական մասնագետների և կորոնավիրուսի դեմ պայքարի սարքավորումներ: Որ Ռուսաստանն օգնություն է հասցնելու Իտալիային, հայտնի էր արդեն շաբաթ օրը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի զրույցից հետո:

Ընդհանուր հաշվով Իտալիա է ժամանել վիրուսաբանության և համաճարակաբանության 100 մասնագետներից ու բժիշկներից  բաղկացած մի խումբ՝ զինված ախտորոշման և ախտահանման սարքավորումներով:

Մարդիկ մնում են տանը, իսկ բանտարկյալները դուրս են գալիս բանտից

Մինչ մարդիկ ինքնակամ կամ հարկադրված «բանտարկվում» են տանը, Նյու Յորքի, Քլիվլենդի և Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները ժամանակավորապես ազատում են բանտարկյալներին՝ փորձելով խուսափել բանտերում վարակի բռնկումից: Այդ որոշումն առնչվում է նաև Ռայքերս Այլենդ կղզում գտնվող նյույորքյան տխրահռչակ բանտին, որտեղ իր պատիժն է կրում Հարվի Վայնշտեյնը: Այստեղ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը հայտնաբերվեց, սակայն 67-ամյա վարկաբեկված պրոդյուսերին ազատ չարձակեցին, այլ տեղափոխեցին ուրիշ բանտ:

Աշխարհի ճակատագրերը կա՛մ առկախվում են, կամ որոշվում տեսակապով

Երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարեցրեց նիստերը կորոնավիրուսի պատճառով: Նախորդ շաբաթ Ֆիլիպինների ներկայացուցչի թեստը դրական արդյունք էր տվել:

Հինգշաբթի հայտարարվեց, որ մարտի 26-ին Եվրամիության առաջնորդները տեսախորհրդակցություն կանցկացնեն, կքննարկեն կորոնավիրուսի ազդեցությունը միության երկրների վրա:

Նույն օրը հայտնի դարձավ նաև, որ համաշխարհային առաջնորդների մի քանի հանդիպումներ դարձյալ տեղի կունենան վիրտուալ՝ տեսակապի միջոցով: Օրինակ՝ այդ ձևաչափն է ընտրել Թրամփը հունիսին նախատեսված «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպումը կազմակերպելու համար: Այն պետք է տեղի ունենար ամերիկյան Քեմփ Դևիսում:

Աշխարհը կորոնավիրուսից առաջ և հետո

Տնտեսական կորուստներն աշխարհում շարունակում են աճել կորոնավիրուսի տարածմանը համընթաց, իսկ կառավարությունները ճգնում են օգնել գոնե տնտեսության ամենախոցելի ճյուղերին:

New York Times  թերթի սյունակագիր Թոմաս Ֆրիդմանն արձանագրեց, որ պատմությունն այսօր բաժանվում է երկու դարաշրջանի՝ մինչև կորոնավիրուսը և կորոնավիրուսից հետո: Բայց թե ինչպիսին կլինի կյանքը համավարակից հետո, պայմանավորված է մի քանի գործոններով՝ իշխանությունների արագ միջոցառումներով, վիճակագրության ըմբռնումով, ինչպես նաև կառավարությունների աջակցությամբ վարկավորված բիզնեսներին և քաղաքացիներին:

Արևմտյան կառավարությունները մեկը մյուսի հետևից հայտարարում են տնտեսության խթանման միջոցառումների մասշտաբների մասին: Թրամփի վարչակազմը, օրինակ,  ցանկանում է դրա համար 1 տրիլիոն դոլար հատկացնել: Պատկերացնելու համար այդ ծավալը կարելի է նշել, որ դա գրեթե Մեծ Բրիտանիայի մեկ տարվա բյուջեն է: Եվ դա ավելին է, քան Միացյալ Նահանգները ծախսեց 2008 թվականին ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար: Թրամփի առաջարկած միջոցները ենթադրում են ուղիղ վճարներ յուրաքանչյուր ամերիկացու: Բացի այդ, կառավարությունը ցանկանում է աջակցել ավիաընկերություններին, հյուրանոցներին և այլ բիզնեսների:  

Նման ծանուցումներ են արվել նաև Բրիտանիայում: Կառավարությունն առաջարկել է 330 մլրդ ֆունտ հատկացնել բիզնեսի աջակցման համար: Կօգնեն նաև հասարակ բրիտանացիներին: Կառավարությունը թույլ է տվել ֆինանսական դժվարություններ ունեցող բնակիչներին երեք ամիս չվճարել վարկերը: Օժանդակություն կլինի նաև նրանց համար, ովքեր վարձակալությամբ են բնակվում:

Ֆրանսիայի կառավարությունը նույնպես տնտեսության աջակցության փաթեթ է պատրաստում՝ 45 մլրդ եվրո ծավալով: Կանադայում էլ իշխանությունները 19 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն:

Պայքար ֆեյքերի դեմ

Համավարակը մի նոր մարտահրավեր ասպարեզ բերեց՝ կեղծ նորություններ:  Պայքար է մղվում նաև այս ուղղությամբ: Մեծ Բրիտանիան որոշել է 500 հազար ֆունտ հատկացնել այն բլոգերներին և ճանաչված փորձագետներին, որոնք պայքարում են հիվանդությունների մասին սուտ տեղեկությունների դեմ:

Իսկ ամերիկացի տեսաբլոգեր Ալեքս Ջոնսը, որ հայտնի է որպես դավադրությունների տեսության սիրահար, նամակ է ստացել Նյու Յորքի գլխավոր դատախազից անօրինական գործունեությունը դադարեցնելու պահանջով: Իր կայքում Ջոնսը ատամի մածուկ է վաճառում «նանոարծաթով», որն իբրև թե ոչնչացնում է կորոնավիրուսների ողջ ընտանիքը:

Ապատեղեկատվության դեմ պայքարում են նաև եվրասիական տարածությունում: Երեքշաբթի Ղրղըզստանի ՆԳՆ-ն  կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու մեղադրանքով ձերբակալեց  15 մարդու:

Պարարտ հող դավադրության տեսությունների համար

Մինչ բժիշկները բուժում են հիվանդներին և ստուգում վարակի առկայությունը, քաղաքական գործիչները մեղավորներ են փնտրում: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ կորոնավիրուսը պետք է անվանել «չինական վիրուս»: Ամերիկյան լիբերալները կարծում են, որ այդպես նա փորձում է ԱՄՆ-ում վիրուսի սրընթաց տարածման պատասխանատվությունն իր վրայից շեղել: New York Times թերթի ուրբաթ օրվա խմբագրականում թեստավորման ծավալը ԱՄՆ-ում որակվեց «էպիկական ձախողում»:  

Իսկ ի պատասխան Թրամփի մեղադրանքներին՝ Չինաստանը շրջանառում է դավադրության տեսություն այն մասին, որ կորոնավիրուսը ստեղծվել է ամերիկյան լաբորատորիաներում: Այս տեսությունը լայն տարածում է գտնում նաև Ռուսաստանում: Ուրբաթ «Վեդոմոստի» թերթը հրապարակեց մի հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ սկզբում ռուսական ԶԼՄ-ներում տարածված էին դավադրության տեսության տարբեր վարկածներ, որոնք մեղադրում էին Չինաստանին, դեղագործական ընկերություններին կամ ԱՄՆ-ին, սակայն մարտի սկզբից ամենատարածված վարկածն այն է, որ վիրուսը «ծնվել է ԿՀՎ-ում» (ЦРУ):

Գիտնականները, սակայն,  կորոնավիրուսի արհեստական ծագման մասին վարկածն արժանահավատ չեն կարծում:

Վարակվում են նաև քաղաքական գործիչները  

Կորոնավիրուսը չի շրջանցում նաև քաղաքական գործիչներին: Չորեքշաբթի արևմտյան կիսագնդի երկու երկրներում օրենսդիրները հայտնեցին, որ վարակվել են կորոնավիրուսով: Խոսքը Բրազիլիայի  Սենատի խոսնակ Դևի Ալկոլումբրիի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու անդամի՝ Բեն Մակադամսի և Մարիո Դիաս-Բալատեի  մասին է: Վարակվել են նաև բրիտանական խորհրդարանի անդամներ, ի լրումն՝ առողջապահության փոխնախարարը և ավելի քան երկու տասնակ պատգամավորներ Իրանում, որտեղ վարակն առանձնապես մեծ բռնկում է ունեցել:

Կկայանա՞ օլիմպիադան Տոկիոյում

Միջազգային օլիմպիական կոմիտեն առայժմ օլիմպիադան չի հետաձգել, որը պետք է սկսվի հուլիսի վերջին: Կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հայտարարել է, որ վերջնական որոշումը կընդունվի չորս շաբաթի ընթացքում:

Կիրակի Reuters գործակալությունը հաղորդեց, որ օլիմպիադայի կազմկոմիտեն սկսել է քննարկել այս ամառ խաղերի անցկացման այլընտրանքները, չնայած Ճապոնիայի կառավարությունը վստահեցրել է, որ մրցումների հետաձգումը չի քննարկվում:

Օլիմպիադայի կազմակերպիչները հայտնվել են մարզական ֆեդերացիաների ճնշման տակ, որոնք պնդում են, որ խաղերը պետք է հետաձգվեն: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չի բացառել օլիմպիական խաղերի հետաձգումն այն դպքում, եթե դրանց անցկացումն անհնարին դառնա:

Այս գիշեր Կանադան, այնուհետև Ավստրալիան որոշում ընդունեցին օլիմպիադա չուղարկել իրենց մարզիկներին և կոչ արեցին խաղերը հետաձգել մինչև եկող տարի:

 

 

Աշխարհում անցնող շաբաթ գլխավոր իրադարձություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Ալիևի ու Էրդողանի կողքին պատերազմի հանցագործներ են Հայաստանում հայ ժողովրդի դեմ տեղեկատվական պատերազմ վարողները
երբ թուրքերի գործերը վատ են կամ խնդիրները լեզգիների հետ սրվում են, հարձակվում են թափով, մեղադրանքներ ռուսների հասցեին
Գևորգ Գորգիսյանը վարակվել է կորոնավիրուսով
Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հաղորդումները հաստատում են, որ Արցախյան ռազմաճակատի հարավային ուղղությունում փաստացի ոչնչցաված է խոշոր բանակային ստորաբաժանում, համարյա ամբողջությամբ
Գնդապետներ Աշոտ Ղազարյանն ու Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
Դատախազը ՇՀԿ շրջանակներում բարձրացրել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հարցը
ՀՀ նախագահի աշխատակազմը կաջակցի Հայաստան տեղափոխված արցախցի ընտանիքներին
Մենք, որ հարատև ենք
Դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ դիմում-բողոքների ընդունումը
Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Սեղմեք ձեր ատամները, կծեք ձեր լեզուները. Արմեն Աշոտյան
Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 16-ից 19-ը. Մեդիա պաշտպան
«Հարավում ճակատի կայունացումից հետո ԼՂ հակամարտող կողմերը պատրաստ կլինեն բանակցություններին և արդեն իրական հրադադարին». Известия-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրել
Պատերազմի երկարաձգումը բթացնում է էմոցիաները. Վլադիմիր Մարտիրոսյան
Ուշքի եկե՛ք, ժողովուրդ, ոչ մի նվնվոց, պատերազմում նաև նահանջ է լինում. Կարին Տոնոյան
Արցախում զոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանը
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Տաթև Անտոնյանին
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Քերի Քավանո
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին
Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ
Իրանը վաղվանից օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
«Կան բարոյական սկզբունքներ, որոնք պետք է վեր լինեն քաղաքական շահերից. ինչո՞ւ Իսրայելը պետք է սատարի Հայաստանին»․ The Jerusalem Post
Հակառակորդի դիրքը գրաված տղաները. տեսանյութ
Արցախցի երեխաները հյուրընկալվել են նախագահական նստավայրում
Հայերն ու հրեաները Կալիֆոռնիայում Իսրայելի հյուպատոսության առջև բողոքի ակցիա են իրականացրել՝ դատապարտելով Ադրբեջանին զենքի վաճառքը
Ավելին
Ավելին