«Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով չեղարկված չվերթների ուղևորներին կառաջարկի իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում այս մասին գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը և տոմսերի վերադարձները, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ Արմենիա ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»,- գրել է Խաչատրյանը։
«Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկել է բոլոր չվերթները՝ մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվել են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները:
Հայաստանում մարտի 23-ից կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։