f

Անկախ

«Սա նաև մեր իշխանությունների բացթողումն է»․ Սուրեն Սարգսյան


ԱՄՆ-ն Հայաստանից բացի միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու այդ պետության անկախությունը։ Ցավոք, ժամեր առաջ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը հայտնեց, որ ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը։

«Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին՝ չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։ 

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը՝ այդ թվում ծախսած գումարները ԱՄՆ անվտանգության խորհրդում, իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան»,-նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը սա համարում է շատ վատ իրողություն ու նախադեպ։

Անկախի հետ զրույցում նա ասաց, որ այս հարցում Թրամփի վարչակազմի հետ հազիվ թե այլևս հնարավոր է որևէ բան փոխել․

«Այս հարցով պետք է աշխատել արդեն ԱՄՆ հաջորդ վարչակազմերի հետ»,-ասաց նա։

Միջազգայնագետի խոսքով՝ ադրբեջանիցները հատկապես վերջին ամիսներին ակտիվ աշխատում էին, որպեսզի ֆինանսավորումը դադարի։ Եվ ահա այդ աշխատանքը, գումարվելով մի քանի այլ հանգամանքների հետ, տվեց ադրբեջանցիների համար ցանկալի արդյունք։

Միջազգայնագետը, սակայն, կարծում է, որ սա նաև մեր իշխանությունների բացթողումն է։

«Եթե մեր իշխանություններն ավելի պրոֆեսիոնալ աշխատեին ԱՄՆ-ի հետ ոչ միայն այս ուղղությամբ, այլ առհասարակ՝ բոլոր ուղղություններով, բնականաբար մեր հարաբերություններն ավելի բարվոք վիճակում կլինեին, և հնարավոր է՝ այդ դրական ֆոնի վրա նման որոշում չկայացվեր։ Պետք էր ավելի նախաձեռնողական աշխատել, բայց այդ նախաձեռնողականությունը չկա, և դրա հետևանքներից մեկն էլ երկու երկրների բարձր մակարդակի հարաբերությունների բացակայությունն է»։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ կողմից տրվող օգնությունը ֆինանսական էր, բայց այն աշխարհաքաղաքական առումով ավելի մեծ նշանակություն ուներ, հետևաբար դրա վերացումը նույնպես պետք է դիտարկել աշխարհաքաղաքական տեսանկյունից։   

«Չճանաչելով Արցախի անկախությունը՝ ԱՄՆ-ն Արցախին ուղիղ ֆինանսական օգնություն տրամադրող միակ պետությունն էր։ Եվ այն միայն ականազերծման ծրագիր չէր, ԱՄՆ-ն ֆինանսավորվել է նաև Ստեփանակերտի խմելու ջրի ծրագիրը»։

Այդ ամենը, ըստ նրա, առաջին հերթին հայկական լոբբիստական կազմակերպությունների ձեռքբերումն էր, բայց փաստն այն է, որ նախորդ իշխանությունների օրոք ֆինանսավորումը չդադարեց։

Այնուհանդերձ, միջազգայնագետն ընդգծում է, որ ընդհանրապես Թրամփի կառավարման օրոք ԱՄՆ արտաքին օգնությունը շատ ուղղություններով կրճատվել է և կրճատվում է։ 

«Այնպես չէ, որ դա ուղղված էր կոնկրետ Արցախին։ Ընդհանուր առմամբ Թրամփի նախագահության տարիներին ԱՄՆ արտաքին օգնությունը շուրջ 40 տոկոսով նվազել է։ Այնուամենայնիվ, կրկնում եմ, եթե մեր իշխանություններն ակտիվ աշխատեին ԱՄն վարչակազմի հետ, դրական լիցք կլիներ, և հնարավոր է՝ նման որոշում չկայացվեր»։

Սուրեն Սարգսյանը կարծում է, որ հայաստանյան իշխանություններն ի վերջո պետք է ավելի լուրջ մոտենան ԱՄՆ-ի հետ հարաբերություններին և հանդես գան համագործակցության նոր օրակարգով։

«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահը բիզնեսմեն է, և մինչև չունենա շահ, համագործակցությունն իրեն չի հետաքրքրի։ Բայց Հայաստանը կարող է ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակ ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, «այ թի» ոլորտում, ոլորտներ շատ կան, և ես իմ պարտքն եմ համարել տարբեր խողովակներով մշտապես կարևոր ինֆորմացիաները հասցնել մեր իշխանություններին»։ 

Միջազգայնագետի խոսքով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումները ԱՄՆ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ, շատ քիչ են, հատկապես, որ դրանք 10-15 րոպեանոց հանդիպումներ եղել և որևէ լուրջ արդյունք չէին կարող տալ։

«Քանի դեռ Թրամփը չի հանդիպել Փաշինյանին, մեր արտգործնախարարը՝ ԱՄՆ պետքարտուղարին, մեր պաշտպանության նախարարը ԱՄՆ զինված ուժերի ղեկավարին կամ մեր Ֆինանսների նախարարը ԱՄՆ ֆինանսների նախարարին, լուրջ համագործակցության մասին խոսելն ավելորդ է»։

 

Արցախ ԱՄՆ օգնություն Սուրեն Սարգսյան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն
«Իրատես». Տնտեսական խնդիրների փունջն իսկական սպառնալիք է դառնում Փաշինյանի համար
«Փաստ». Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը
«Ժողովուրդ». Պատգամավորները՝ ընդդեմ կառավարության․ զայրացած են եղել
«Հրապարակ». Հերթը Սերժ Սարգսյանինն է. հանձնաժողովը ուշքի չի գալիս
«Հրապարակ». «Իմ քայլում» համակարծիք չեն. ո՞ր պատգամավորների ձեռքը չգնաց կողմ քվեարկել տոտալ վերահսկողությանը
«Փաստ». Որոնք են այն մութ նպատակներըը, որոնք կան իշխանության նախաձեռնությունների կոնտեքստում
Այսօր 3 ժամով լույս չի լինելու միայն Երեւանի մեկ շենքում
«Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստի պատասխանը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից
Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ
Պարետն անձանց տեղաշարժի սահմանափակումների բացառության նոր դեպք է սահմանել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտի պարգևավճարները կփոխանցվեն բուժաշխատողներին
Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը
Հայաստանի Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 14-ամյա երեխա․ փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ
Տավուշում հակառակորդի դիվերսիոն փորձը կանխելիս վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Կորոնավիրուսի հաստատված երկու դեպքով ծանր վիճակով պացիենտների մոտ կա դրական դինամիկա
Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին
Այս ամենի արդյունքում կտրուկ բարձրանալու է ուսուցիչների և աշակերտների թվային գրագիտության մակարդակը․ Սերոբ Խաչատրյան
Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր
Անցնող շաբաթն աշխարհում
Դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում.փաստաբան
Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1836-ի է հասել
Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցից 3 զինծառայող է վիրավորվել
Ավելին
Ավելին