Երկու բանտարկյալներ Շվեդիայի կալանավայրում պատանդ են վերցրել 2 բանտապահի, բարիկադավորվել են շենքի ներսում և ուղղաթիռ պահանջել, հայտնում է CTV News-ը՝ վկայակոչելով Շվեդիայի պետական քրեակատարողական ծառայությանը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 21-ի ցերեկը՝ Ստոկհոլմից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էսկիլստունա քաղաքի բանտում: Կալանավորները ներխուժել են բանտապահների սենյակ, կողպվել են այնտեղ և փակել հսկողության տեսախցիկները:
Այս պահին բանակցություններ են ընթանում հանցագործների հետ: «Իրավիճակը սառեցված է»,-հայտնել է բանտի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Յորգեն Ֆրոմ Նորդինը:
Նշվում է, որ պատանդներ վերցրած բանտարկյալները պատիժ են կրում սպանության համար:
Ըստ Aftonbladet-ի, հանցագործները՝ 30-ամյա Իսակ Դեվիտը և 24-ամյա Հանեդ Մահամեդ Աբդուլահին, ովքեր զինված են ածելիներով, պատանդ են վերցրել երկու բանտապահի: Նրանք համաձայնվել են ազատել պատանդներից մեկին 20 քաբաբի դիմաց: