Վրաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թվի 30-40%-ն արդեն վարակված է «հնդկական» կամ «դելտա շտամով», հայտնում է newsgeorgia.ge-ն: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Համաճարակաբանների կարծիքով, Վրաստանում չորրորդ ալիքի գագաթնակետը սպասվում է օգոստոսին, երբ հնդկական շտամն ամբողջությամբ կփոխարինի բրիտանականին:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2.415 նոր դեպք: Համաճարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակի ավելի քան 393 հազար դեպք, մահացել է 5.618 մարդ, առողջացել՝ 368 հազարը: Կորոնավիրուսի տարածման միջազգային քարտեզի վրա երկիրը պաշտոնապես հայտնվել է «կարմիր գոտում»:
Գլխավոր համաճարակաբանը հայտարարել է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը լրջորեն վատթարացել է:
«Մենք լուրջ ալիք ենք մտնում: Մենք պետք է հետևենք բոլոր հրահանգներին, առաջին հերթին դիմակ պետք է կրենք բաց տարածքում և այն վայրերում, որտեղ մարդիկ հավաքվում են»,-ասել է Գամկրելիձեն:
Նա մեկ անգամ ևս կոչ է արել պատվաստվել քաղաքացիներին եւ շեշտել, որ Վրաստանը հնարավորություն ունի օրական պատվաստել 15-20 հազար մարդու, բայց վերջին տվյալների համաձայն, այս ցուցանիշը կազմում է օրական մոտ 11 հազար:
«Եթե համաճարակային իրավիճակը վատթարանա, անհրաժեշտ կլինի խստացնել կանոնները: Մենք արդեն անցնում ենք կարմիր գիծը, ամենածանր 7 օրերին մահացության ցուցանիշը բարձր է»,-եզրափակել է Գամկրելիձեն: