Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր պետք է նիստ անցկացնի Կիպրոսի հարցով: Փաստացի արդեն մի քանի օր է, ինչ Կիպրոսի շուրջ կրքերը չեն հանդարտվում:
Պատճառը Էրդողանի հերթական ամբիցիոզ հայտարարությունն էր, որը նա արեց օրերս՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության 47-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնախմբության ժամանակ: Դեռևս մինչև Կիպրոս ժամանելն Էրդողանը հայտարարել էր, որ շատ լավ լուր ունի Հյուսիսային Կիպրոսի իր թուրք եղբայրների համար: Եվ ահա հունիսի 20-ին, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ հայտնեցին, որ պատրաստվում են բացել և վերաբնակեցնել Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասը:
Իսկ ի՞նչ է նշանակում Վարոշա թաղամասի վերաբնակեցումը և ինչու՞ է այդ գաղափարը նման իրարանցում առաջացրել աշխարհաքաղաքական բոլոր խոշոր խաղացողների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ինչպես նաև Եվրամիության մոտ:
Նախ փաստենք, որ Կիպրոսը մասնատվել է ուղիղ 47 տարի առաջ. 1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական բանակը ներխուժել է Կիպրոս և զավթել հյուսիսային հատվածը՝ տեղի թուրք բնակչության անվտանգությունն ապահովելու պատրվակով։
Մինչև 1974թ.-ն էլ Կիպրոսում հույները և թուրքերը ապրում էին համատեղ, սակայն ժողովրդագրական տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բնակչության ճնշող մեծամասնությունը հույներն էին, իսկ թուրքերը շատ փոքր տոկոս էին կազմում: Այդուհանդերձ, երկու ազգերի միջև պարբերաբար տեղի էին ունենում էթնիկ բախումներ, որոնք էլ հանգեցնում էին բազմաթիվ զոհերի:
1974 թվականին Հունաստանի անմիջական աջակցությամբ Կիպրոսում կազմակերպվում է պետական հեղաշրջում, երկրի առաջին նախագահը հեռացվում է իշխանությունից, նրան փոխարինում է Հունաստանի գործուն աջակցությունը վայելող թեկնածուն:
Թուրքական իշխանությունների կողմից սա դիտվում է որպես Կիպրոսի և Հունաստանի միավորման և թուրք–կիպրացիներից կղզու էթնիկ զտման փորձ, հատկապես որ հեղաշրջումը ուղեկցվել էր էթնիկ հողի վրա անկարգություններով։ Թուրքական բանակը ափ է հանվում Կիպրոսում և ռազմական գործողությունների արդյունքում իր վերահսկողության տակ է վերցնում կղզու տարածքի մոտ 35%–ը։
1974 թվականին թուրքական համայնքը ներմուծում է սեփական դրամական միավորը՝ լիրան, ի հակադրություն կիպրական ֆունտին։ Թուրքական բանակը ևս մեկ ներխուժում է իրականացնում Կիպրոս, որի արդյունքում գրավում է կղզու տարածքի արդեն 38% -ը, սահմանվում է նոր սահմանագիծ՝ այսպես կոչված «Աթթիլայի սահմանագիծը»։ Թուրքական կողմի հավաստմամբ այդ սահմանագիծը համարվում է իրատեսական, քանի որ թուրք–կիպրացիները կազմում են կղզու ազգաբնակչության մոտ 35%–ը։ Հունական կողմը չի ընդունում այս թվերը, պնդելով, որ թուրքերը կազմում են կղզու ազգաբնակչության ընդամենը 18%–ը։ Այդ ժամանակվանից մինչ այժմ Կիպրոսը մնում է բաժանված երկու անհավասար մասի՝ հունական և թուրքական։ Կղզու բաժանման արդյունքում թուրքական հատվածից ավելի քան 200 հազար հույն է տեղափոխվում հունական հատված, իսկ հունական հատվածից թուրքական հատված՝ ընդամենը 20 հազար թուրք:
Բաժանման գիծը վերահսկում է ՄԱԿ–ի զինված ուժերի զորակազմը։ Որպես բողոքի նշան ՆԱՏՕ–ի դեմ, որն ի վիճակի չեղավ դադարեցնել կոնֆլիկտը՝ Հունաստանը դուրս է գալիս ՆԱՏՕ–ի կազմից։
ՄԱԿ-ը տասնամյակներ շարունակ փորձել է կարգավորել այս հակամարտությունը, սակայն՝ ապարդյուն։
Եվ չնայած հույների և թուրքերի միջև մշտապես գերլարված հարաբերություններին, Վարոշան վերաբնակեցնելու թեման շատ սուր արձագանք ստացավ: Վարոշան, որը գտնվում էր Ֆամագուստա նավահանգստի մոտակայքում, կղզու հիմնական զբոսաշրջային հանգստավայրն է եղել նախքան դրա ամայացումը: Այն համարվել է Կիպրոսի զբոսաշրջային գանձը, իսկ այժմ վեր է ածվել իսկական քաղաք-ուրվականի: Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձևի, Վարոշան, որը գտնվում է կղզու չեզոք գոտում, պետք է անձեռնմխելի մնար մինչև 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:
Եվ ահա, Էրդողանը, անտեսելով ՄԱԿ ԱԽ բանաձևը, որոշում է քաղաքին կյանք հաղորդել: «Եթե կիպրացի հույները կցանկանան գալ, հայտարարել իրենց սեփականության իրավունքի մասին, վճարել դրա դիմաց, զբաղվել բիզնեսով եւ այլն, դա հնարավոր կլինի, երբ բոլոր իրավական հարցերը լուծվեն»,- ասում է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը:
Վարոշան վերաբնակեցնելու պլանը սպառնում է ուժեղացնել Թուրքիայի և Կիպրոսի ու նրա դաշնակից Հունաստանի միջև արևելյան Միջերկրական ծովում բնական գազի հորատման շուրջ լարվածությունը: Ակնհայտ է, որ Էրդողանը չի առաջնորդվում միայն ազգայնական գաղափարներով: Նրա յուրաքանչյուր ազգայնական գաղափարի հետևում թաքնված է մեծ բիզնես նախագիծ, և «եղբայր ժողովուրդների» նպատակները համընկնում են այդ նախագծերի իրականացման հետ:
Թուրքիայի նախագահը՝ այցելելով կղզու թուրքական հատված, հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի շուրջ բանակցությունները կարող են լինել միայն կղզու երկու պետությունների միջև: «Թող որևէ մեկը հույս չունենա, թե այդ հատվածի բնակիչները երբևէ կհրաժարվեն իրենց ինքնիշխանությունից և կհամաձայնեն ապրել հույների իշխանության տակ՝ որպես ազգային փոքրամասնություն», - հայտարարել է Էրդողանը։
Նման գաղափար ավելի վաղ հնչեցրել էր նաև Թուրքիայի նախագահականի մամլո պատասխանատու Ալթունը. «Կիպրոսում իրատեսական է թուրք և հույն համայնքների միայն բաժան խաղաղ գոյակցությունը՝ երկու առանձին պետություններում»: Այսպիսով Անկարան Կիպրոսի խնդիրը փակված է համարում իր օգտին, չնայած նրան, որ Թուրքիայից բացի որևէ երկիր չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախությունը:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել Էրդողանի և Թաթարի հայտարարությունների կապակցությամբ՝ անընդունելի համարելով Վարոշայի կարգավիճակը փոխելու միակողմանի որոշումը: Եվրամիությունը կշարունակի առաջնորդվել Վարոշայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով և ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում Թուրքիայի կառավարությանը:
Միացյալ Նահանգները ևս դատապարտել է Վարոշայի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հայտարարությունները: «Մենք դատապարտում ենք Կիպրոսի թուրքերի՝ Վարոշայի մի հատվածը վերահսկողության տակ վերցնելու որոշումը, որն անհամատեղելի է ՄԱԿ-ի բանաձևերի հետ, անընդունելի է և անհամատեղելի կարգավորման բանակցությունները վերսկսելու նախկին պարտավորությունների հետ», - երեկ Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Լավրովն էլ իր հերթին է հանդես եկել քննադատությամբ, շեշտելով, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ցանկացած քայլերից, որոնք կբերեն իրավիճակի ապակայունացման և լրացուցիչ խոչընդոտներ կստեղծեն հայտնի միջազգային իրավական շրջանակներում Կիպրոսի խնդրի լուծման որոնման համար:
Նշենք նաև, որ քաղաքը վերաբնակեցնելուց զատ Էրդողանը շատ հետաքրքրական հայտարարություն էր արել: Նա հայտարարել է, որ իր եղբայր Ալիևը ևս պատրաստվում է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը: Դեռ վաղ է այդ մասին խոսել, սակայն նման դեպքում բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ Ալիևը, որը համառորեն շարունակում է պնդել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարց գոյություն չունի, ըստ էության ինքն իր անիվի տակ փայտեր կդնի:
Մյուս կողմից, դա խիստ անհարմար իրավիճակ կստեղծի Հունաստանի համար, որը, որպես պատասխան քայլ, կարող է ճանաչել Արցախի անկախությունը, չնայած որ շաբաթներ առաջ նույն Հունաստանի դեսպանը Արցախի ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաքում էր՝ Ալիևի հրավերով: