Կանադահայ բռնցքամարտիկ, անպարտելի Էրիկ Բազինյանը բոլորովին վերջերս պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 25-րդ անընդմեջ հաղթանակը (25-0):
10-ռաունդանոց մենամարտում հայ մարզիկը ոչ մի հնարավորություն չտվեց ֆինն փորձառու մրցակից Տիմո Լոյնեին (27-13). 6-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը, քանի որ Լոյնեն չդիմացավ հարվածների տեղատարափին՝ նոկաուտի ենթարկվելով:
Անկախի հետ զրույցում Էրիկը պատմում է նախապատրաստական շրջանի, հաղթանակից ստացած տպավորությունների և աշխարհի գոտու համար պայքարելու ցանկության մասին:
-Շնորհավորում ենք փայլուն անցկացրած մենամարտի, ռինգում անպարտելի հաղթանակների շարքը շարունակելու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան էի անցել՝ ֆիզիկապես և հոգեբանորեն լավ պատրաստված ու տրամադրված մոտենալով մենամարտին:
Մարզչիս հետ մշտապես ծանոթանում ենք հակառակորդներիս մարտավարությանը, ռինգում նրանց գործելաոճին, սակայն ամեն բան կախված է մենամարտի ընթացքից, այդ պահին կողմնորոշվելու, հնարավորությունները ճիշտ օգտագործելու, ունակությունները գործի դնելու կարողություններից:
-Ձեր կարիերայում նոկաուտով տոնած 19-րդ հաղթանակն էր: Նոկաուտներին տրամադրվում եք մրցակիցներին ուսումնասիրելո՞վ, թե՞ ընթացքն է ցույց տալիս:
- Ֆիզիկապես ուժեղ և դիմացկուն մարզիկ էր Լոյնեն, բավական փորձառու ու լավ պատրաստված: Սակայն, ճիշտ տակտիկա ընտրելով, կամաց-կամաց նրան կոտրեցի: 6-րդ ռաունդում մեկ հուժկու հարվածից հետո նրա ոտքերը թուլացան: Առիթից օգտվելով՝ սկսեցի առաջ գնալ՝ հարվածների տեղատարափ սկսելով: Ռաունդի 45-րդ վայրկյանին ռինգի մրցավարը կանգնեցրեց մենամարտը. մրցակիցս այդ ընթացքում շուրջ 30 անպատասխան հարված էր ստացել:
Բնական է, որ կարևորը հաղթանակն է, որի համար մարզիկները ջանք ու եռանդ չխնայելով ամեն օր մարզվում են, բայց նոկաուտով հաղթելն առանձնակի նշանակություն ունի ցանկացած բռնցքամարտիկի համար, այդ պահը զգալը, հաղթանակի բերկրանքն այդ կերպ վայելելը կարևոր է շատ:
-Բռնցքամարտի շոու երեկոյին բազմաթիվ երկրպագուներ էին ներկա. նկատելի էր, որ եկել էին Ձեզ ռինգում հետևելու և աջակցելու: Այդ ամենը ոգևորու՞մ է:
- Մենամարտս ուղիղ միացմամբ հեռարձակվեց Կանադայի առաջին հեռուստակալիքով. վերջերս իմացա, որ 8 միլիոն մարդ էր հետևել ընթացքին: Բացի այդ շուրջ մեկ տարի Կանադայում մենամարտ չէի ունեցել: Մարզադահլիճը լեփ-լեցուն էր, մեծ թվով երկրպագուներ էին եկել հետևելու, աջակցելու, ինչն իսկապես ոգևորում է, պարտավորեցնում, մեծ ուժ ու եռանդ հաղորդում՝ երբեք չնահանջելու ու նորանոր հաջողություններ գրանցելու համար:
-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
Կարևոր և լուրջ հաղթանակ էր. բավական ճանապարհ եմ անցել, թվով 25-րդ մենամարտ և նույնքաբ հաղթանակ: Անցածս ուղին թույլ է տալիս նոր նվաճումներ ունենալու, ամերիկյան ռինգերը գրավելու համար:
Այժմ կարիերայումս կարևոր և պատասխանատու փուլ է սկսվում, մյուս մենամարտս կկայանա հունիսին ԱՄՆ-ում, եթե, իհարկե, աշխարհում տարածված կորոնավիրուսի պատճառով չհետաձգվի: Առաջիկայում պարզ կլինի, թե ում հետ կմենամարտեմ: Բավական ուժեղ մրցակից պետք է որ լինի: Հույս ունեմ, որ այս տարվա վերջին կամ 2021 թվականի սկզբին արդեն իսկ կմենամարտեմ աշխարհի գոտու համար: