Ադրբեջանը կրակելու է շատ տարբեր տեղերից, կրակելու է մի տեղ, վերցնելու է ուրիշ տեղ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հակառակորդը կրակում հենց Երասխի հատվածում։
«Մի բանը շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական չէր, այլ պրեստիժի հարց էր, պատվո հարց էր եւ իրենք լուծում են այդ հարցը։ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի համար, այլ ամբողջ թուրքախոս ժողովուրդների։ Ինչ իրենք անեն, կարող է անկապ թվալ առաջին հայացքից, բայց վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Նշենք, որ մի քանի օր է՝ լարված իրավիճակ է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը, մինչեւ ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տեւած ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։