Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հերքել է պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առողջական խնդիրների մասին տարածված տեղեկությունները: Գրում է Gazeta.ru-ն։
«Որպեսզի հասկանաք, որ Ալեքսանդր Գրիգորիևիչի առողջական վիճակը լավ է, նույնիսկ պետք չէ զանգահարել նրա մամուլի քարտուղարին: Երեկ նա բոլորի հետ միասին՝ Ռուսաստանից, Ուկրաինայից ժամանած հյուրերի և սրահում հանդիսատեսների ներկայությամբ մասնակցել է «Սլավոնական բազարի» բացման արարողությանը, որից հետո մեկնել է Մինսկ: Գործուղումն ավարտված է: Դա տեսել են հսկայական թվով մարդիկ», - ընդգծել է նա:
Էյսմոնտը նշել է նաև, որ նման կեղծիքներին երկար ժամանակ չպետք է ուշադրություն դարձնել, և «նրանք, ովքեր լուրեր են տարածում Բելառուսի ղեկավարի առողջության մասին, հերթական անգամ վարկաբեկում են իրենք իրենց»:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Լուկաշենկոյի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Վիտեբսկում փառատոնի շրջանակներում և նրա ինքնաթիռն անհապաղ Մինսկ է ուղևորվել։
Դրանից առաջ նախագահը հայտարարել էր, որ չի պատվաստվի COVID-19- ի դեմ: