f

Անկախ

20-րդ դարասկզբի ականավոր հայ կանայք՝ Երևանի Հյուսիսային պողոտայում


20-րդ դարասկզբին, երբ Եվրոպայում նոր էր թափ հավաքում ֆեմինիստական շարժումը, Հայաստանում կանայք ունեին ոչ միայն ընտրելու, այլև ընտրվելու իրավունք։

1919 թ․ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի 80 պատգամավորների 3-ը կին էին։ Իսկ աշխարհում առաջին կին հյուպատոսը Դիանա Աբգարն էր, որը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Ծայրագույն Արևելքում։

Առհասարակ, նախորդ դարասկզբին կային նշանավոր այնպիսի հայ կանայք, որոնք իրենց դերակատարմամբ հսկայական ազդեցություն էին թողնում ժամանակի հայ քաղաքական, հասարակական, կրթական, մշակութային կյանքում՝ միաժամակ նպաստելով կանանց դերի բարձրացմանը։ Այդ կանանց օրինակները շատ են և արժանի՝ մեկ առ մեկ լուսաբանելու։

20-րդ դարասկզբի ականավոր հայ կանանց հանրահռչակման չափազանց հետաքրքիր մի ծրագիր է նախաձեռնել «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը։ 

Մարիամ Մուղդուսյան

«20-րդ դարի ականավոր հայ կանայք. #ճանաչիր_քո_պատմությունը» խորագրով հանրային միջոցառման շրջանակներում «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հետ համագործակցությամբ պատրաստվել են անվանի հայ կանանց  ֆոտո-մանեկենները, որոնք պետք է ցուցադրվեն Հայաստանի ամենատարբեր վայրերում։

Նախաձեռնության նպատակն է իրազեկել հասարակությանը 20-րդ դարում հասարակական-քաղաքական կյանքում մեծ դերակատարություն ունեցած հայ կանանց մասին և հանրային քննարկում ծավալել կանանց հզորացման և ազգային արժեքների խնդիրների շուրջ։

Ցուցադրություն Հյուսիսային պողոտայում

Օրեր առաջ այդ ուժեղ, իմաստուն ու վերափոխող կանանցից 9-ը՝ Զաբել Եսայանը, Դիանա Աբգարը, Մարո Նազարբեկը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա (Վարյա) Սահակյանը, իշխանուհի Մարիամ Թումանյանը, Հայկանուշ Մառքը, Սրբուհի Տյուսաբը, Կատարինա Զալյան-Մանուկյանը, Երևանի կենտրոնում էին, Հյուսիսային պողոտայում։ 

«Հայաստանում առաջին անգամ է նման ֆորմատով ցուցահանդես կազմակերպվում»,-Անկախ-ի հետ զրույցում ասաց Մարիամը։

Հյուսիսային պողոտայի ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Մարդիկ մոտեցել են, լուսանկարվել մանեկենների հետ։ Յուրաքանչյուր ստենդի կողքին ներկայացված է եղել նաև տվյալ կնոջ կենսագրությունը, և շատերն այդ օրը իսկական բացահայտումներ են արել։

Ի դեպ, մանեկենները ոգի ու մարմին են ստացել հենց Մարիամի վրձնի շնորհիվ՝ ստեղծվելով տպագրական ու գեղանկարչական համադրությամբ։ Ամեն մի կերպարը կերտելիս Մարիամը նրանց երկար ուսումնասիրել է, անգամ նրանց անձնական նամակները կարդացել, որպեսզի ամբողջ խորությամբ կարողանա հասկանալ նրանց ներաշխարհն ու զգացողությունները։

«Սա այս հրաշալի կանանց հանրահռչակմանը նվիրված իմ գաղափարների ընդամենը մի փոքր մասն է,-ասում է Մարիամը,-կան շատ այլ գաղափարներ, որ ամեն գնով պետք է իրականացնեմ։ Օրինակ՝ մտածում եմ Զապել Եսայանի գրքի ընթերցումը կազմակերպել իր ստենդի մոտ, թռուցիկներ բաժանել կամ, օրինակ, դերասանուհիներից կերտել այդ կանանց կերպարները, և նրանք դուրս գան փողոց, շրջեն քաղաքում, նստեն սրճարանում սրճելու և այլն։ Գաղափար կա նաև այս կերպարներից խաղալիքներ պատրաստել, որպեսզի մեր երեխաները, օրինակ, «Բարբի» տիկինիկի փոխարեն խաղան նրանցով»։ 

«ՕքսԵՋեն» հիմնադրամի աջակցությամբ (որի հետ համագործակցությամբ է իրականացվում ծրագիրը) մանեկենները կշրջեն Հայաստանի բոլոր մարզերում, կցուցադրվեն նաև բուհերում։ Բացի այդ, նախատեսվում է ևս ինը անվանի հայ կնոջ կերպար ստեղծել։ 

Ձեռագործ շոկոլադներ՝ փաթեթավորված անվանի հայ կանանց պատկերով 

20-րդ դարասկզբի երևելի հայ կանանց հանրահռչակման գործընթացը չի սահմանափակվում մանեկենների ստեղծմամբ։ Մարիամը նաև մի հետաքրքիր գաղափար է իրականացրել, որն ունի երկու կարևոր նպատակ։ 

«Մեզ մոտ 50-նն անց կանայք, որոնք դեռևս թոշակի չեն անցել, ունեն աշխատանքի խնդիր։ Նրանք իրենց անօգնական են զգում, իրենց համար շատ դժվար է նոր, ժամանակակից տեխնոլոգիաներին ինտեգրվել, և փաստացի մեր ծնողների սերնդի մի զգալի մասն իրեն ավելորդ է համարում, չի գտնում իր տեղը աշխատաշուկայում և կարծես դուրս է մղվում։ Մենք պիտի ամեն կերպ իրենց օգնենք»։

Մարիամն ընտրել է ձեռքի շնորհք ունեցող 50-նն անց մի կնոջ և շոկոլադի փոքրիկ արտադրություն հիմնել։ Նախապես կնոջն ուղարկել են շոկոլադի պատրաստման տեխնոլոգիաների ուսուցման դասընթացների։ Մոտ երկու ամիս անց շոկոլադի առաջին խմբաքանակն արդեն պատրաստ էր։ 

«Շուկայում կան բավականին որակյալ շոկոլադներ։ Դրա համար մենք որոշեցինք փաթեթավորումն էնպիսին անել, որը նորույթ կլիներ և միաժամանակ կնպաստեր անվանի հայ կանանց հանրահռչակմանը»։

Եվ ահա 20-րդ դարասկզբի նշանավոր կանայք հայտնվում են ձեռագործ շոկոլադե սալիկների փաթեթավորման վրա՝ հակիրճ տեղեկատվությամբ։ Ի դեպ, կանանց պատկերները կպչուն են, և կարելի է շոկոլադը բացելուց հետո դրանք փակցնել ցանկացած տեղ։ 

Շոկոլադի հումքը ներկրված է Իտալիայից, համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին։ Այն դառն է, առանց հավելումների, ամենատարբեր միջուկներով՝  չրեղեն, չամիչ, ընդեղեն։ 100 գրամանոց շոկոլադե սալիկներն արժեն  2000 դրամ։ Կան նաև հեղինակային, անվանական շոկոլադներ, որոնք ավելի թանկ են։

Ծրագրի մեջ նույնպես ներառված են բացառապես կանայք, այս պահին՝ 6-7 կին։ «Այս նախագիծը կանանց համար է և հանուն կանանց, հետևաբար ողջ գործընթացն իրականացվում է կանանց ջանքերով»,-ասում է Մարիամը։ 

Անվանի հայ կանանց դիմապատկերներով նաև բաժակներ ու կրծքազարդեր են պատրաստել, դրանք նույնպես վաճառվում են։ Բաժակները 3500 դրամ արժեն, բրոշները՝ 2000 դրամ։ Շուտով նաև պայուսակներ կլինեն՝ 3500 դրամ արժողությամբ։ Այս ամենը կարելի է ձեռք բերել Կիևյան 26 հասցեում գտնվող «Մուղդուսյան» արվեստի կենտրոնից։

Այնուամենայնիվ, Մարիամը նշում է, որ սա իրենց համար ոչ թե կոմերցիոն, այլ սոցիալական նախաձեռնություն է։

Նա կարծում է, որ այս ամբողջն իրականություն չէր դառնա, եթե իր կողքին չլինեին նվիրված ու նպատակասլաց երիտասարդ կանայք, հատկապես գրաֆիկ դիզայներ Կարինե Արոյանը։ Աշխատանքներին ակտիվ մասնակցել է նաև «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի կամավոր, գրաֆիկ դիզայներ Մարիամ Մկրտչյանը։

«Մի հեռահար նպատակ էլ կա․ նկատե՞լ եք, որ մեզ մոտ կին գործչի քանդակ չկա, հիմնականում տղամարդկանց  դիմաքանդակներ ու արձաններ են։ Մի՞թե ոչ ոք չի հիշել ու չի այս անհավանական, խելացի, համարձակ կանանց մասին։ Ժամանակը չէ՞ կին մտավորականներին պատկերող արձաններ էլ տեսնել Երևանում»։

Մարիամն, օրինակ, առաջարկում է երևելի կանանց քանդակների շարքը սկսել աշխարհում առաջին կին դիվանագետի՝ Դիանա Աբգարի քանդակից։

20-րդ դարասկզբի հայ կանայք Զաբել Եսայան Զաբել Եսայան Դիանա Աբգար Մարիամ Մուղդուսյան Մարիամ Մուղդուսյան Մարո Նազարբեկ Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան Վարվառա (Վարյա) Սահակյան Մարիամ Թումանյան Հայկանուշ Մառք Սրբուհի Տյուսաբ Կատարինա Զալյան-Մանուկյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին