Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը:
Ինչպես նշում է minval.az-ը, նա այդ մասին հայտարարել է Արցախյան վերջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը:
«Ես բազմիցս բարձրաձայնել եմ իմ կարծիքը. մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այսինքն մենք պատրաստ ենք սկսել նման աշխատանքներ: Բայց Հայաստանի կողմից ոչ մի արձագանք, ոչ մի պաշտոնական արձագանք չկա: Ոչ պաշտոնական կապուղիներով մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի նրանց համար», - ասել է Ալիևը:
Նա շեշտել է, որ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտել է իր լուծումը: Ադրբեջանը հակամարտությունը լուծել է միակողմանի կարգով:
«Եթե այս հարցը չի լուծվել, թող մեզ բացատրեն, թե այն ինչպես պետք է գտնի իր լուծումը: Մենք հավատում ենք, որ պատերազմի ժամանակաշրջանն ավարտված է: Բայց չնայած դրան, մենք պատրաստ ենք և ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի...Եթե ինչ-որ մեկն ասում է, որ հակամարտությունը չի լուծվել, ինչպե՞ս է նա տեսնում դրա լուծումը: Ի՞նչը չի լուծվել: Եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ապա ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր: Այս արտահայտությունն այլևս հնարավոր չէ օգտագործել: Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ», - ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։