Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պարադոքսալ կերպով, հակառակ բոլոր սոցիոլոգիական հարցումներին, որոնք անցկացվել են մինչև ընտրությունները, հաղթել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդ որում, նա ստացել է ոչ թե պարզ, այլ սահմանադրական մեծամասնություն նոր խորհրդարանում:
Քվեարկության արդյունքներով նա ստացել է 53,91 տոկոս: Փաշինյանի ղեկավարած կուսակցության հիմնական մրցակիցը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, ստացել է ձայների 21,9 տոկոսը: Խորհրդարան է անցել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ հավաքելով 5,22 տոկոս:
Ինչո՞ւ են ընտրությունների արդյունքները տարօրինակ
Առաջին: Քվեարկության արդյունքները տրամագծորեն տարբերվեցին նախընտրական հարցումների արդյունքներից: Gallup ասոցիացիան մի քանի ամսվա ընթացքում արձանագրել է Փաշինյանի վարկանիշի կայուն նվազում և Քոչարյանի հեղինակության բարձրացում: Մարտի վերջին Փաշինյանի օգտին պատրաստ էր քվեարկել 31,7 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանի՝ 5,9 տոկոսը: Ընտրությունների շեմին Փաշինյանի վարկն ընկավ մինչև 25,2 տոկոս, իսկ Քոչարյանի դաշինքի օգտին, հակառակը, պատրաստ էր քվեարկել 28,7 տոկոսը:
Ընտրությունների նախօրեին, երբ Հայաստանում լռության օր էր, ռուսական երեք խոշոր լրատվամիջոցներ հրապարակեցին հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա հայտարարեց, որ կուսակցության ներսում որպես հիմնական սցենար դիտարկում են այն, որ դաշինքը մեծամասնություն կստանա խորհրդարանում առաջին փուլում, և այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարկ չի լինի: Թեպետ այդ հայտարարությունը բավական ինքնահավան էր թվում, բայց ընդհանուր առմամբ, ելնելով նախընտրական սոցիոլոգիայից, ընկալվում էր որպես իրականությանը համապատասխանող:
Ընտրությունների երկրորդ տարօրինակությունը արդյունքների ու Փաշինյանի հաղթանակի հապճեպ ճանաչումն էր Ռուսաստանի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի կողմից մինչև արդյունքների պաշտոնական տվյալների հայտարարումը: Դեռ մինչև ընտրատեղամասերի փակվելը ընտրությունների որակը գնահատեց Ռուսաստանի Պետդումայի դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Վոլոդացկին: Նա նշեց, որ հիմնականում ամեն ինչ անցել է բարեհաճ միջավայրում. «Եղել են միայն աննշան խախտումներ որոշ տեղամասերում»: Նա հայտարարեց նաև, որ եթե կողմերից մեկը չընդունի ԿԸՀ-ի արդյունքները, նորից կսկսվեն հակամարտություններ ու բախումներ, իսկ նման դեպքերում տուժում է ազգային անվտանգությունը: Դիտորդների առաքելության ղեկավարը հույս հայտնեց, որ պարտվող կողմը թույլ չի տա մարդկանց փողոց դուրս գալ:
Տեղամասերի փակվելուց դեռ երկու ժամ էլ չանցած՝ ընտրությունների որակը դրական գնահատեցին ՀԱՊԿ-ի դիտորդները:
«Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպված էին և անցան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է այն փաստաթղթում, որը տեղադրված է ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտոնական կայքում:
Հաջորդ օրը նման գնահատական տվեց ԱՊՀ դիտորդների առաքելությունը՝ «որևէ խոշոր խախռտում չի արձանագրվել»:
Նախնական տվյալները ԿԸՀ-ն հրապարակեց հունիսի 21-ի առավոտյան: Արդյունքների վերջնական հաշվարկման համար ԿԸՀ-ն, ըստ օրենքի, ուներ մի շաբաթ՝ մինչև հունիսի 27-ը: Բայց հունիսի 21-ին արդեն Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը շնորհավորեց Փաշինյանին:
«Մենք տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակը տարել է Փաշինյանի կուսակցությունը»,- նշեց Պեսկովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Փաշինյանի «ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում» հունիսի 24-ին՝ մինչև արդյունքների վերջնական հայտարարումը:
Հարկ է նշել, որ Միացյալ Նահանգները, որ վերջին շրջանում ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ավելի զուսպ էր: ԱՄՆ պետդեպարտամենտը ընտրությունները մեկնաբանեց հունիսի 22-ին՝ կոչ անելով հարգել դրանց արդյունքները, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորեց Փաշինյանին հունիսի 29-ին՝ արդեն վերջանական արդյունքները հայտարարվելուց հետո:
Երրորդ տարօրինակությունը՝ ընդդիմության բացարձակ բացակայությունը փողոցում ընտրություններից հետո: Քվեարկության միջանկյալ արդյունքների հայտարարվելուց հետո ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ամբողջ օրվա ընթացքում լռություն պահպանեց: Դա շատ տարօրինակ է, եթե նկատի ունենանք, որ բուն քարոզարշավը շատ բուռն ու բարձր հնչերանգներով էր անցնում: Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում կոպիտ, հաճախ անպատշաճ բառապաշար էր օգտագործում: Նրա նախընտրական քարոզարշավի խորհրդանիշ դարձավ երկաթե մուրճը, որը, Փաշինյանի խոսքով, պետք է իջնի մրցակիցների «դատարկ գլուխներին» և որով պատրաստվում է հանել «ժանգոտած մեխերը» հայկական քաղաքականության մարմնից: Փաշինյանն ընդսմին ընտրողների վրա ճնշում գործադրելու մեջ մեղադրեց Ռուսաստանի հետ կապված այնպիսի խոշոր կազմակերպության, որպիսին «Գազպրոմ-Արմենիան» է:
Նախընտրական հանրահավաքներից մեկում Փաշինյանի մրցակից Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին: Քոչարյանն էլ ձեռնպահ չմնաց բավական կոշտ հռետորաբանությունից՝ հարցնելով, թե արդյոք այդ մանգաղը նախատեսված է ոմանց ներքինացնելու համար: Ակնարկը բավական հեշտ էր կռահվում:
Լռության օրվանը նախորդող երկու օրերին հաղթանակի հիմնական հավակնորդները բազմահազարանոց հանրահավաքներ անցկացրին Երևանում: Նախ իր հետևորդներին հրապարակ հանեց Նիկոլ Փաշինյանը, իսկ լռության օրվա նախօրեին փողոց դուրս եկան Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները:
Ընտրատեղամասերի փակվելուց հետո, բայց դեռ մինչև նախնական տվյալների հրապարակումը իր կողմնակիցներին ուղղված կոչով հանդես եկավ միայն Նիկոլ Փաշինյանը, որպեսզի դուրս գան փողոց և «տոնեն հաղթանակը»:
Ընտրությունների ողջ հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը լռություն պահպանեց: Կեսօրին կուսակցական ցուցակի 4-րդ համարը՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, հայտարարեց, որ դաշինքը բազմաթիվ խախտումներ է արձանագրել ընտրություններում և Հայաստանի Սահմանադրական դատարանին դիմում է պատրաստում:
Երեկոյան հրապարակվեց դաշինքի պաշտոնական հայտարարությունը, որում ասվում է ընտրությունների արդյունքները չընդունելու մասին և կասկած է արտահայտվում միջազգային դիտորդների անկողմնակալության կապակցությամբ: Բացահայտ հիշատակվում են միայն ԵԱՀԿ դիտորդները, բայց տողերի արանքում երևում է նաև դժգոհությունը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի դիտորդներից, որոնք շտապեցին հայտարարել ընտրությունների բարձր որակի մասին դեռ մինչև խախտումների բոլոր փաստերը քննարկելը:
«Հայաստան» դաշինքը պարբերաբար լուրջ մտահոգություններ է ներկայացրել միջազգային հանրությանը նախընտրական արշավի ընթացքում իշխող ուժի կողմից համակարգային խախտումների վերաբերյալ: Դաշինքը նաև համոզիչ ապացույցներ է տրամադրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը և Հայաստանում գործող այլ օտարերկրյա առաքելությունների»:
Սակայն, ըստ դաշինքի տեղեկության, այդ տվյալները և հայտարարությունները մատնվել են անուշադրության:
Դիտորդների մասին հայտարարությունն ավարտվում էր բնավ ոչ երկիմաստ դարձվածքով. «Դիտորները չպետք է լոկ Փաշինյանի ու նրա թիմի որոշումների դակիչը լինեն»:
Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, գործողությունների պլանի մասին հայտարարություն արեց միայն հաջորդ օրը՝ հունիսիր 22-ին: Նա նշեց, որ մանդատն ընդունելու կամ չընդունելու որոշում դեռ չի եղել, բայց հայտնեց, որ մասնակցությունը խորհրդարանի աշխատանքին «հնարավորություն կտա շարունակելու պայքարը»: Նա բացատրեց նաև, թե ինչու իր կողմնակիցներին փողոց չի հանել:
«Մենք մարդկանց դուրս չբերեցինք փողոց անմիջապես ընտրություններից հետո: Մենք կարծում ենք, որ այս ողջ գրծընթացը պետք է տեղի ունենա իրավական հունով»,- հայտարարեց նա:
Բայց անհասկանալի է, թե ինչու կողմնակիցներին փողոց հանելն անպայման պետք է ընթանա ոչ իրավական հունով, չէ՞ որ մինչև ընտրությունները նրա տասնյակհազարավոր կողմնակիցներ փողոց էին դուրս գալիս՝ մասնակցելու օրինական հանրահավաքի:
Արդյո՞ւնքը
Անդրկովկասում հիմնական խաղացողները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ճանաչել են Հայաստանի ընտրությունները: Ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, ամենայն հավանականությամբ կհամաձայնի խորհրդարան մտնել, թեև Փաշինյանը, միևնույն է, նրանում սահմանադրական մեծամասնություն է ունենալու:
Ռուսաստանն Անդրկովկասում իր նպատակներն ունի, նրան պետք են խաղաղություն տարածաշրջանում և իր խաղաղապահների ներկայությունն այնտեղ: Ռուսական պաշտոնական անձանց հայտարարությունները ընտրությունների արդյունքների մասին վկայում են, որ Մոսկվան խաղագումարը դրել է Փաշինյանի վրա, որը նույնիսկ Լեռնային Ղարաբաղում պարտությունից հետո իրեն արտահայտություններ և գործողություններ է թույլ տալիս, որոնք բնավ դաշնակցային բնույթ չունեն:
Այսպես, դեռ 2021 թ. փետրվարին Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական արտադրության «Իսկանդերները» պայթում են 10 տոկոսով, ինչը հարուցեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության վրդովմունքը, իսկ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ:
Հունիսի 12-ին Հայաստանը Ադրբեջանի Աղդամի շրջանի ականապատման քարտեզները փոխանակեց 15 հայ գերիներով: Sputnik գործակալության տեղեկությամբ՝ այդ փոխանակման գործում մեծ դեր է խաղացել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուսամ Մուրադովը, սակայն Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն հայտնեց ԱՄՆ-ի ղեկավարությանը, Վրաստանի և եվրոպական գործընկերներին աջակցության համար: Փաշինյանը երախտագիտություն հայտնեց նաև ռուսական կողմին, բայց այն ջանքերի համար, որոնք գործադրվել են գերիների նախորդ խմբերը վերադարձնելու համար:
Եվս 15 հայ զինվորների վերադարձրել են ադրբեջանիական գերությունից հուլիսի 3-ին արդեն ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությամբ: Հուլիսի 5-ին ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն Sputnik-ին տված մեկնաբանությունում նշել է, որ ԱՄՆ-ի միջնորդությունը գերիների առաջին խմբի փոխանակության ժամանակ դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղի մասին եռակողմ պայմանավորվածության ձևաչափից: Նրա կարծիքով՝ Փաշինյանը փորձում է թուլացնել ռուսական ազդեցությունը Հայաստանում. «Նման առաջին քայլն արվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ, ինչը չէր տեղավորվում եռակողմ համաձայնության հայեցակարգում, ըստ որի՝ մասնակցություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Ժամանակին Ռուսաստանն առաջարկել է Հայաստանին փոխանցել Ադրբեջանին ականապատման քարտեզները, սակայն հայկական կողմն ընտրել է ԱՄՆ-ի միջնորդությունը: Այժմ ամեն ինչ տեղի է ունենում եռակողմ պայմանավորվածությունների հունով և ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ»:
Թե որքանով է ճիշտ Մոսկվայի Փաշինյանին նախընտրելը, ցույց կտա ժամանակը, բայց հնարավոր չէ անտեսել արդեն իսկ այսօր ակնհայտ իրողությունները:
Առաջին՝ Փաշինյանը միշտ էլ ձգտել է և շարունակում է ձգտել դեպի Արևմուտք՝ ռևերանսներ ու զիջումներ անելով Ռուսաստանին այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար:
Երկրորդ՝ ռուսական խաղաղապահ զորքը տեղակայված է Ղարաբաղում 5-ամյա ժամկետով: Բայց որպեսզի խաղաղապահ մանդատը ինքնաբերաբար չերկարաձգվի, բավական է, որ կողմերից յուրաքանչյուրը խաղաղապահների լիազորությունների ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ հայտարարի Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության համապատասխան կետի գործողությունը դադարեցնելու մասին:
Ադրբեջանն իր արտաքին և ռազմական քաղաքականության մեջ ավելի շատ կողմնորոշվում է Թուրքիայով, քան Ռուսաստանով, և նրան պետք չեն ռուսական խաղաղպահները Լեռնային Ղարաբաղում (որը բոլորը իրավաբանորեն համարում են ադրբեջանական տարածք):
Անդրկովկասում Փաշինյանին նախապատվություն տալը Ռուսաստանի համար նույնքան անհուսալի է, որքան Թուրքիայի հետ ռազմական և տնտեսական գործընկերության ռազմավարությունը: Ռուսաստանը պետք է Անդրկովկասում ապավինի ոչ թե տվյալ պահով թելադրվող դաշնակիցներին, այլ այն ուժերին, որոնք էությամբ ռուսամետ են տրամադրված: Մինչդեռ Ռուսաստանն իր հայտարարություններով հենց այդ ուժերն է ջլատում:
Դենիս Յակովենչուկ
Աղբյուրը՝ ИА REGNUM