«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր՝ մարտի 19–ին ընթացող՝ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին բարձրացրեց ասֆալտապատման հարցը։
«Այս օրերի ընթացքում ասֆալտապատման իրականացվող աշխատանքների վերաբերյալ, երբ հետեւում ենք գնումների գործընթացին, տեսնում ենք, որ գնման գործընթաց հայտարարված չի, բայց ինչ-որ կազմակերպություններ ասֆալտապատում են անում, ի՞նչ հիմունքներով է սա տեղի ունենում։ Թե՞ ուղղակի գիտենք՝ իրենք հաղթելու են, ասել ենք՝ աշխատանք արեք, հետո կանդրադառնանք»։
Խաժակյանի հարցին արձագանքելով՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Պարոն Խաժակյան, այդպիսի բաներ տեղի էր ունենում ձեր կողմից սիրված Վահե Նիկոյանի, Տարոն Մարգարյանի ժամանակ։ Հիմա այդպիսի բաներ չի կարող կատարվել, միգուցե դուք լինեիք քաղաքապետը եւ այդպիսի բաներ կատարվեին, բայց քանի ես եմ քաղաքապետը այդպիսի բաներ չի կարող կատարվել»։
«Ես որքան սիրում եմ Վահե Նիկոյանին, Տարոն Մարգարյանին, այդքան էլ ձեզ եմ սիրում։ Խնդրում եմ որեւէ մեկին խանդով չվերաբերվել։ Միշտ իմացեք, որ ես հարթությունները համաչափ եմ դնում։ Ես հասկացա, որ դուք փոքր-ինչ սրտնեղեցինք, որ ակնարկեցի, որ ոչ օրինական բաներ կան»,– արձագանքեց Խաժակյանը։
Մարությանն էլ ասաց. «Քանի արտակարգ դրություն է երկրում, սերը պահեք ձեզ, հետո կխոսենք»։
Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց՝ ասֆալտապատման հետ կապված մրցույթը հայտարարվել է 2019-ին։