Պարոնայք Պուտինը, Ալիևը և Փաշինյանը շատ հաստատակամ են Զանգեզուրի միջանցքի նախագիծը կյանքի կոչելու հարցում: Երբեմն տպավորություն է ձևավորվում, որ եթե չլիներ Իրանը տղաները գուցե կարողանային պայմանավորվել Սյունիքը Ադրբեջանին կամ, օրինակ, Ռուսաստանին փոխանցելու հարցում: Պատերազմի օրերին Արաքսի ափին ցամաքային ռազմական օպերացիայի պատրաստ, կամրջակապ հատուկ տեխնիկայով և զրահատատանկային խոշոր ուժերով իրանական զորակազմի տեղակայման մասին առիթ ունեցել եմ գրելու, բայց հիմա կպատմեմ մեկ այլ կարևոր իրողության մասին, որ բավարար ուշադրության չի արժանացել հայկական հանրային և փորձագիտական դաշտում:
Այս գրառման շրջանակներում կանդրադառնամ Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոջթաբա Զոննուրի հայտարարոթւյուններին, ով խորհրդանշական և առանցքային ֆիգուր է կառավարող պահպանողականների ճամբարում, Միլլի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ, որ, ի դեպ, երկար տարիներ եղել է Ռահբար Ալի Խամենեիի ներկայացուցիչը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում: Պակաս կարևոր չէ հանգամանքը, որ Զոննուրը խորհրդարանում ներկայացնում է Իրանի կրոնական մայրաքաղաքը՝ Ղոմը: Հարևան երկրի քաղաքական դաշտին տեղյակ յուրաքանչյուրը կհաստատի, որ Զոննուրը չափազանց կարևոր դիրք է զբաղեցնում և շատ ազդեցիկ գործիչ է իրանական ազգային անվտանգության համակարգում: Այս համատեքստում պատգամավորի հայտարարությունը՝ «Իրանը թույլ չի տա փոխել իր հյուսիսային սահմանները... Իրանի Իսլամական հանրապետության դիրքորոշումն առավել քան հստակ է և վճռական՝ մեզ համար անընդունելի են ցանկացած փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի»:
Մեկ այլ հայտարարության մեջ Մոջթաբա Զոննուրը շատ ավելի կատեգորիկ է.
«Մեզ համար բացարձակ անընդունելի է, եթե Հայաստանի տարածքի մի մասը փորձեն վերցնել և մեր սահմանները ենթարկվեն փոփոխության, ու մենք ունենանք նոր հարևան: Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող սահմանները պետք է պաշտպանվեն և ամբողջությամբ պահպանվեն»:
Ի դեպ, այս հայտարարության հասցեատերերին հավաստանշելու համար կխնդրեմ ուշադրություն դարձնել նոր հարևաններ եզրույթին: Իրանը մեր իրական ռազմավարական դաշնակիցն է, որի հետ բովանդակային հարաբերություններ զարգացնելուց խուսափել են հայկական բոլոր իշխանությունները արևմտյան մայրաքաղաքներում և մոսկվաներում հյուրընկալության հրավերներից չզրկվելու համար: