ՈւԵՖԱ-ն Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենին ու նրա կյանքը փրկած բժիշկներին հրավիրել է ներկա գտնվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղին:
«Պարկեն» ստադիոնում ուշագնաց լինելուց հետո Էրիկսենը տեղափոխվել էր հիվանդանոց ու բուժում ստացել: Այժմ նա վերականգնվում է տանը:
ՈւԵՖԱ-ից հայտնել են, որ Էրիկսենը, նրա կինն ու 6 բուժաշխատող արդեն ստացել են հրավերը, սակայն ֆուտբոլիստը դեռ չի պատասխանել:
Բժիշկներից Պեդեր Էրսգարդը խոստովանել է, որ մեծ պատիվ է իր համար ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի կողմից VIP տրիբունայում եզրափակչի հետեւելու հրավեր ստանալը:
«Ես ուրախացել եմ այնպես, ինչպես երեխաներն են ուրախանում Սուրբ Ծննդյան նախօրեին: Ես հպարտ եմ մեր ողջ թիմի կատարած աշխատանքի համար, դա մեկ հոգու շնորհիվ չէր: Հույս ունեմ, որ հուլիսի 11-ին «Ուեմբլիում» Իտալիայի դեմ կխաղա Դանիան: Սա պարզապես անհավանական կլինի»,-Էրսգարդի խոսքերը մեջբերում է ESPN-ն:
Կիսաեզրափակչում այսօր Դանիայի ընտրանին մրցելու է Անգլիայի հետ: