f

Անկախ

«Այս իշխանությունը բոլոր նախկինների բոլոր վատագույն դրսևորումների խտացումն է». Հարություն Մեսրոբյան


Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը։

-Պարոն Մեսրոբյան, արտահերթ վերջին ընտրություններից հետո սա մեր առաջին հարցազրույցն է: Մինչ այդ բազմիցս զրուցել ենք, և Դուք 80% հավանականությամբ կանխատեսում էիք ողբերգական իրադարձություններ՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում ընտրությունների գնալը վտանգավոր է։ Ընտրությունները տեղի ունեցան, և թերևս միակ դեպքն է, երբ հետընտրական զանգվածային բողոքի որևէ գործողություն չի եղել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

-Երբ 2018-ի ապրիլ-հունիս ամիսներին ես զգուշացնում էի, որ արյյունալի ողբերգության միջով ենք անցնելու, մի քանի ամիս անց ինձ հարցնում էին՝ ո՞ւր է ողբերգությունը։ 2020-ին, որպես 2018-ի իշխանափոխության ուղղակի հետևանք, ողբերգությունը եկավ՝ այն էլ ի՛նչ ողբերգություն։ Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա հետընտրական զարգացումները պարտադիր չէ, որ սկսվեն վերջին քվեաթերթիկն արկղի մեջ գցելուց անմիջապես հետո: Այժմ արդեն սկսվել է խորքային լարվածության նոր պրոցես, որն արտաքին ու ներքին պատճառներից կախված, ցանկացած պահի կարող է բռնկվել։ Հետևաբար, ես շարունակում եմ պնդել (այսինքն, ոչ թե ես, այլ իմ կողմից հաշվարկված գնահատակային կառավարչական մոդելները), որ մոտ 80%-ով հավանական են մնում ողբերգական դեպքերը: Բերեմ ոչ վաղ անցյալի ևս մի օրինակ․ 2008-ի սկզբից ես ահազանգում էի, որ լինելու է ողբերգություն։ Մոտ 2 ամիս հետո միայն այն եղավ Մարտի 1-ի տեսքով:

-Այսինքն, սա հարաբերական և նույնիսկ վտանգավո՞ր անդորր է։

-Իհա՛րկե, հիշեք 2018-ի ընտրությունները: Այն ժամանակ ոչ միայն անդորր էր, այլև նույնիսկ խանդավառություն: Եվ ինչո՞վ այն ավարտվեց՝ 2020-ի լայնամասշտաբ ողբերգությամբ։

-Ձեզ համար ընտրությունների արդյունքները սպասելի՞ էին։ Փաշինյանը հավաքեց շուրջ  54% ձայն, եթե, իհարկե, հաշվի չառնենք ընտրակեղծիքներն, այլ առաջնորդվենք պաշտոնական արդյունքներով։

-Իմ գնահատակային հաշվարկներով՝ կեղծիքը անցել է 15%-ի շեմը, և իրականում ՔՊ-ն գտնվում էր 25-35% միջակայքում։ Այս ընտրություններում 2 խոշոր գործոններ աշխատեցին․ առաջին, որ մինչև ընտրությունները ԿԸՀ-ն հայտարարեց, թե իբր կա 2,6 միլիոնից ավել ընտրող, ինչն ուռճացված է, քանի որ իմ գնահատականով՝ ընտրողների թիվը չի անցնում 2 միլիոնը։ Երկրորդը, որ այս ընտրությունների վերջում ՀՀ գրեթե բոլոր բնակավայրերը հոսանքազրկվեցին։ Այսինքն, ԿԸՀ–ի հայտարարած թիվն ընտրակեղծիքի ավելի քան կես միլիոնի տեխնոլոգիական պաշար ապահովեց: Այս ընտրություններում լայնածավալ օգտագործվեց նաև ադմինիստրատիվ ռեսուրսն, օրինակ՝ բանակի, իրավապահ մարմինների և այլ պետական ծառայողների մի մասի բացահայտ ուղղորդված քվեարկությունը: Ի դեպ, ընտրակեղծիքների այդ բոլոր «գյուտերը» սկսեցին կիրառել այսպես կոչված նախկինները դեռ 1995-96-ին՝ Սահմանադրական հանրաքվեի, խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ: Արդյունքում՝ իշխանությունը նման ընտրությունների միջոցով միշտ վերարտադրվել է:

-Ի՞նչ խնդիր լուծվեց այս ընտրություններով իշխանության համար և ի՞նչ խնդիր լուծվեց պետության համար։

-Իշխանության համար լուծվեց այն խնդիրը, որ ֆորմալ առումով իր վախճանը հետաձգվեց։ Իսկ փաստացի վախճանը, նաև դրսի ուժերի համար, տեղի է ունեցել 2020-ի նոյեմբերի 9-ին։ Հայաստանի համար լուծվեց հետևյալ բացասական խնդիրը՝ մեր պետության վախճանն ավելի առարկայական դարձավ։ Բայց դա ոչ թե մեր խնդիրն էր, այլ արտաքին և ներքին թշնամիների:

-Հայկական կողմը գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանին է տրամադրում ականապատ դաշտերի քարտեզներ։ Փաստորեն, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթը՝ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ, դեռ մի բան էլ իր համար խիստ շահեկան «առևտուր» է անում։ Ինչո՞ւ է հայկական կողմը նման զիջումների գնում։

-2018-ից պետությունը գրեթե բոլոր բնագավառներում ունի տապալումներ, սա էլ հերթական տապալման դրսևորումն է։ Այս իշխանությունն այսպիսին է, զարմանալ պետք չէ։ Այս իշխանության համար, լավագույն դեպքում, կարելի էր ստեղծել ճանապարհաշինարարական կոոպերատիվ, որտեղ իրենք եռանդով ասֆալտ կարող են փռել, ավել բան պետք չէ ակնկալել։

-Եթե 2018-ից ի վեր տեղի ունեցող բոլոր իրադարձությունները դիտարկենք աշխարհաքաղաքական համատեքստում, ի՞նչ եզրահանգում կարող ենք անել: Շատերն, օրինակ, գտնում են, որ այս ամենի նպատակը Ռուսաստանի դուրսբերումն է մեր տարածաշրջանից:

-Այո՛, այդ պրոցեսն է գնում։ Բայց ես ուզում եմ հատուկ արևմտամետների համար մի քանի պատմական փաստ մեջբերել․ 1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի առաջին հանրապետությունը Թուրքիայի հետ ստորագրեց Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, որի արդյունքում Հայաստանի տարածքը դարձավ 10 հազար քառ․ կմ-ից պակաս։ Իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921-ի Մոսկովյան պայմանագրով՝ տարածքը 3 անգամ ավելացավ։ Սա փաստ է։ Հիմա մեկ այլ փաստ. Կիլիկիայի մեր պատմական տարածքները Ֆրանսիայի պրոտեկտորատի տակ էին գտնվում 1-ին Համաշխարհային պատերազմի արդյունքներով։ 1921-ի հունվարի սկզբներին Ֆրանսիան հատուկ պայմանագրով այդ հողերը հանձնեց Թուրքիային, և այնտեղ սկսվեցին ողբերգական իրադարձություններ։ Սա էլ հատուկ ասում եմ արևմտամետների այն խմբակի համար, ովքեր վերջերս Ֆրանսիայի զորքերն էին կանչում Հայաստան։

Այժմ Հայաստանում թափ է հավաքում հակառուսականությունը: Այն, ինչ ես տեսնում եմ քաղաքական մտքի գավառական գոհարների տեսքով, ուղղակի ապշեցուցիչ է։ Օրինակ, մարդիկ վրդովվում են, որ ՌԴ-ն չի պաշտպանում ՀՀ-ի սահմանները։ Լավ, այսքան տկարամտություն ու լկտիություն մեզ որտեղի՞ց։ Յուրաքանչյուր երկիր նախ ինքն է պարտավոր հոգալ իր սահմանների անվտանգության մասին, հետո նոր պահանջել մյուսներից։ Այսինքն մենք չենք ուզում մեր երկրի անվտանգությունն ապահովել և սուսուփուս թողնում ենք, որ ադրբեջանական զորքերը մտնեն Հայաստանի տարածք, բայց ուզում ենք, որ դա մեր փոխարեն անի Ռուսաստա՞նը։ Մի հատ սա դիտարկենք Ռուսաստանի տեսանկյունից՝ ո՞ր մի գերտերությունը կհամակերպվի նման պորտաբուծության հետ։

Ռուսատյացության դրսևորումները դառնում են արդեն ծիծաղելի: Վերջերս մի լրատվամիջոց տեսանյութ է հրապարակել հետևալ խորագրով՝ «Ի՞նչ փորձանք է եկել Պուտինի ու Ալիևի գլխին. նրանք Փաշինյանի օգնության կարիքն ունեն»։ Եվ այս հրապարակման դիտումների քանակը գերազանցել է 50 հազարը: Այս ամենից լավ հոտ չի գալիս։

-Պարոն Մեսրոբյան, վերադառնանք ներհայաստանյան խնդիրներին: Իշխանությունը բացահայտ կադրային ջարդ է սկսել։ Մյուս կողմից, ձերբակալվում են քաղաքական հակառակորդները։ Փաստորեն, երկրում ռեպրեսիաների նոր ալիք է բարձրանում։ Ի՞նչ հետևանքներ սա կունենա առանց այն էլ ճգնաժամի մեջ գտնվող մեր երկրի համար։

-Մեզանում դա էլ նոր երևույթ չէ: Եթե ընտրությունների լայնածավալ կեղծումը սկսվեց 1995-96 թվականին ՀՀՇ-ի կողմից, ապա կադրային ջարդը սկսվեց 1991-ին նույն ՀՀՇ-ի կողմից՝ կոմունիստների նկատմամբ։ Այսինքն, մեր «բարի» ավանդույթները ձգվում են մինչև 3-րդ հանրապետության խորքերը: Մենք հիմա խտացված տեսնում ենք այն, ինչ 30 տարվա մեջ նախկին իշխանություններն են արել: Ուղղակի տարբերությունն այն է, որ նորերը բոլոր նախկինների բոլոր բացասական արարքները խտացած են անում, կարծես թե նախկիններից այլ բան սովորելու ունակ չեն:

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք ապագայի համար։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին։

-Ամենահավանականն այն է, որ կլինեն տարատեսակ ոչ հայանպաստ դրսևորումներ թե՛ ներսից և թե՛ դրսից։ Դրսինները, բնականաբար, կփորձեն օգտվել ներսի ոչ հայանպաստ դրսևորումներից և, իհարկե, կպահպանվի 80% հավանականությամբ ողբերգության և արյունահեղության վտանգը։

-Դուք բազմիցս խոսել եք Ձեր առաջարկած լուծումների մասին: Այսօրվա իրավիճակում շարունակո՞ւմ եք այդ լուծումները դիտարկել իբրև ստեղծված վիճակից դուրս գալու ելք և որքանո՞վ եք իրատեսական համարում դրանց իրագործումը:

-Ես բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ 2020-ի հուլիսից սկսվել են  Հայկական Պետության Հզորացման Ռազմավարական Ծրագրի մշակման աշխատանքները 10 ուղղություններով, որից 7-ն արդեն մշակված են: Այս Ծրագիրն ունի նաև գաղտնի մաս, որը երբեք չի հրապարակվելու: Ժամանակ չկորցնելու համար սկսվել է փործագիտական խմբի ձևավորումը, որն իրականացնելու է նշված Ծրագրի փորձագիտական զննումը: Փորձագիտական զննումն ավարտելուց հետո մշակվելու է Ծրագրի համակարգչային ցուցադրական տարբերակը, որպեսզի նրանք, ում հետաքրքիր է, կարողանան ծանոթանալ: Ինչ վերաբերում է Ծրագրի իրատեսական իրագործմանն, ապա թույլ տվեք դեռ փակագծերը չբացել...

Հարություն Մեսրոբյան հարցազրույց խմբագրի ընտրանի արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին