Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի վերջին զույգի՝ Շվեդիայի ու Ուկրաինայի խաղն ավարտվեց ուկրաինացիների հաղթանակով: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Զինչենկոն, ինչին շվեդները կարողացան պատասխանել 43-րդ րոպեին․ աչքի ընկավ Ֆորսբերգը։
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 99-րդ րոպեին Դանիելսոնը բաց ոտքով ընդառաջ գնաց Արտյոմ Բեսեդինին և կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ Լրացուցիչ ժամանակին ավելացված առաջին րոպեին Արտյոմ Դովբիկը, ով խաղադաշտ էր դուրս եկել 105-րդ րոպեին, մոտ տարածությունից՝ գլխի գեղեցիկ հարվածով գրավեց շվեդների դարպասն ու Ուկրաինայի հավաքականին դուրս բերեց քառորդ եզրափակիչ: