Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, որոնք, քիչ էր մնացել, դառնային ամենալարվածը երկրի պատմության մեջ, ավարտվել են անսպասելի արդյունքներով: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը`վերլուծելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Պարբերականը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ կկարողանա միանձնյա կառավարություն կազմել: Իսկ նրա մրցակից, նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ստիպված կլինի բավարարվել խորհրդարանական ընդդիմության դերով»:
Հոդվածագիրն ընդգծում է, որ ընտրությունների նման ելք չի կանխատեսել ոչ մի սոցիոլոգիական ծառայություն: Հայաստանում Gallup International-ի գործընկեր MPG ընկերությունը մրցապայքարի առաջնորդներին տալիս էր մոտ 20-ական տոկոս ձայն: Իսկ «ՌԻԱ Նովոստի»-ի ծառայությունը, որը հարցում է իրականացրել հունիսի 6-14-ը, նշում էր Քոչարյանի հավանական գերազանցության մասին` 32 տոկոս 24-ի դեմ հարաբերակցությամբ:
«Նիկոլ Փաշինյանին աջակցող ընտրազանգվածը կենտրոնացած է եղել գյուղական տարածքում` խոշոր քաղաքներից հեռու: Անգամ Սյունիքի մարզում, որտեղ կառավարական շարասյան ուղղությամբ բոլորովին վերջերս ձվեր էին նետում, և շրջանի գլխավոր ցավոտ կետում` Շուռնուխ գյուղում, Փաշինյանը և նրա կողմնակիցները ավելի քան 50 տոկոս ձայն են ստացել»,- ասվում է հոդվածում:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքները, համաձայն որի՝ առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:
Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» -71 մանդատ,
«Հայաստան» դաշինք- 29 մանդատ,
«Պատիվ ունեմ» դաշինք- 7 մանդատ:
4 ամենամեծ ազգային փոքրամասնությունների 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մեկը՝ «Հայաստան» դաշինքին: Ըստ այդմ՝ «Հայաստան» դաշիքնի մանդատները դառնում են 27:
Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ստանում է լրացուցիչ 2 մանդատ, որպեսզի խորհրդարանում ապահովի սահմանադրության պահանջը. Ընդդիմության կազմը խորհրդարանում պետք է 1/3-ից պակաս չլինի: