Օրեր առաջ ներկայացվեց երիտասարդ երգիչ Վարդան Գալստյանի «Աշխարհը մի կողմ, դու մի կողմ» երգի տեսահոլովակը, ու մի քանի օրվա ընթացքում երգը հասցրեց սիրվել ու դրական արձագանքներ ստանալ լսարանի կողմից:
Վարդանը, թեև երաժշտությամբ սկսել է զբաղվել 11 տարեկանից, սակայն միայն վերջերս է տեսահոլովակներով ներկայացել հանդիստաեսին, քանի որ մինչ այդ, ինչպես ինքն է նշում, ավելի շատ զբաղվել է ստեղծագործական աշխատանքով, երգեր է գրել, հասցրել է հայրենիքին պարտքը տալ՝ ծառայել է Արցախում:
«Երաժշտությամբ լուրջ սկսել եմ զբաղվել 11 տարեկանից: Հաճախել եմ Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոց, ինչպես նաև Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոց՝ սկզբում վոկալի բաժին, այնուհետև՝ կիթառի: 15 տարեկանից սկսած երգեր եմ գրել, 50-ից ավելի երգեր ունեմ գրած տարբեր թեմաներով, որոնք կատարել են հայտնի երգիչ-երգչուհիները»,-ասում է Վարդանն ու ավելացնում, որ այդ ընթացքում նաև հասցրել է մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների՝ գրանցելով հաջողություններ,-«Փորձել եմ շարժվել առաջ, երաժշտական ոլորտում չես կարող կանգնել մի տեղում ու առաջ չգնալ, անընդհատ պետք է կատարելագործվես, սովորես, առաջ շարժվես ու հասնես քո նպատակներին: Ես ապրում եմ երաժշությամբ, օրս անցնում է երաժշտության մեջ և դա ամենահաճելին է ինձ համար, ամենակարևորը իմն է»:
Վարդանը կատարում է իր գրած երգերը և նշում է, որ դա ավելի է օգնում հասկանալ ու մատուցել երգը. «Ավելի հեշտ է կատարել սեփական երգը, քանի որ փոխանցում ես քո ներսի եղածը, կատարումը ավելի անկեղծ է լինում, գիտես՝ ինչպես պետք է կատարես տվյալ ստեղծագործությունը, քանի որ ներսիցդ եկած հոգեվիճակն է, որ փոխանցում ես երգի միջոցով»:
Երիտասարդ կատարողն առանձնանում է իր ուրույն ձեռագրով. երգերն ավելի հանգիստ են ու մեղմ: Վարդանը նշում է, որ չնայած սիրում է նոր բաներ փորձել ու հնարավոր է ապագայում ոճային փոփոխություններ լինեն, սակայն իրեն իր ափսեում զգում է այն ոճում, որով հիմա ստեղծագործում է:
«Աշխարհը մի կողմ, դու մի կողմ» երգի թե´ բառերի, թե´ երաժշտության հեղինակը Վարդանն է: Տեսահոլովակը նկարահանվել է Չինաստանում ու երգիչը ոգևորությամբ նշում է, որ միայն դրական արձագանքներ է լսել երգի ու տեսահոլովակի մասին. «Ամեն տեսահոլովակից հետո արձագանքները ավելանում են, և անսպասելիորեն շատ-շատ լավն են լինում: Չէի սպասում, որ վերջին տեսահոլովակից հետո այդքան դրական արձագանքներ կստանամ: Երբ նոր ես մուտք գործում ինչ-որ ասպարեզ, փոքր ինչ վախ է լինում, որ հնարավոր է ինչ-որ բան անես, անես, բայց հասկանաս, որ ոչինչ չի ստացվել, այդ դեպքում ավելի լավ է դադար տաս ու հասկանաս պատճառը, բայց իմ պարագայում «Աշխարհը մի կողմ, դու մի կողմ» երգից հետո արձագանքները շատ լավն էին, և դրանք հավելյալ լիցքեր տվեցին, որ շարունակեմ առաջ գնալ ու նորովի ներկայանամ»:
Այժմ Վարդանը հերթական ստեղծագործության վրա է աշխատում ու խոստանում, որ մոտ մեկ ամսից հերթական գեղեցիկ տեսահոլովակը կներկայացնի լսարանին. «Եթե փակագծերը փոքր-ինչ բացեմ, ապա պետք է ասեմ, որ սիրային թեմայով երգ է լինելու, որի հիմքում ընկած է հիշողությունը, մի գեղեցիկ սիրո պատմություն ենք ներկայացնելու: Փորձում եմ անկեղծ կատարում ներկայացնել, որ ամեն մեկն իրեն գտնի տվյալ պատմության, տվյալ երգի մեջ»,-հավելում է երգիչը: