«Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող»,- սա ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունն է: ИА Реалист-ի գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանն իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է հայ զինվորականների գերեվարման իրավիճակը:
«Դեռ Սյունիք մինիսուլթանության հանցախմբերի ներխուժումից մի օր առաջ ես ասում էի, որ Հայաստանին փոխանակման ֆոնդ է պետք, որպեսզի տուն վերադարձնի մեր տղաներին: Մայիսի 12-ին Իլհամ Ալիևը Երևանին նման հնարավորություն նվիրեց: Դրանից հետո ես ամեն օր կոչ եմ անում զինաթափել և գերի վերցնել բանդիտներին, իսկ անհնազանդության դեպքում ոչնչացնել նրանց: Ինչպես երևում է, իմ կոչերին հետևում է միայն Բաքուն, որի կարգադրությամբ մայիսի 27-ին հայկական տարածքում գերի են բռնվել (ուշադրություն) հայ զինծառայողներ: Ասել, որ ես վրդովված եմ Երևանի կառավարության վարքագծից, նշանակում է ոչինչ չասել: Վախկոտությունն ու դավաճանությունը միշտ էլ մոտեցնում են պատերազմը: Ավելի քան երկու շաբաթ Երևանը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին ադրբեջանցիների ներխուժմանը, որը չկա և չի էլ լինի, քանի որ Մոսկվան և Բաքուն գործում են միաձայն: Ես հարց ունեմ Փաշինյանին. եթե Մոսկվան ու ՀԱՊԿ-ն ասեն, որ Սյունիքը պետք է հանձնել Բաքվի կլեպտոկրատիային, դուք կկատարե՞ք այդ հանձնարարությունը: Հերիք է հղում անեք միջազգային իրավունքին: Դուք ինքներդ եք խախտել այն՝ հրաժարվելով պաշտպանել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները»: