Միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարող է դառնալ Ազգային համաձայնության կառավարության առանցքը: Այս մասին հունիսի 8-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա` քարոզչության առաջին իսկ օրը ցույց տվեց, որ հասարակության մեջ համերաշխության կոչը դրական է ընկալվում, քանի որ պատմությունը ցույց տվեց, որ երբ Հայաստանում ներքին պառակտում է տիրում, այն կորցնում է իր պետականությունը: Նա նկատեց, որ քյաբաբի կամ ինչ-որ մեկին ինչ-որ բանում դնելու վերաբերյալ հռետորաբանությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: «Ընտրական մրցավազքին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը զբաղված են միմյանց վիրավորելով, ուստի նրանք չեն կարող Ազգային համաձայնության կառավարության առանցք դառնալ: Նման կենտրոն կարող է դառնալ միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը երբեք ատելության կողմնակից չի եղել»,- շեշտեց կուսակցության ղեկավարը:
Մարուքյանը հավաստիացրեց, որ եթե չկողմնորոշված ընտրողների այդ 45 տոկոսն իրենց ձայնը տան «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, ապա այն կկարողանա միավորել այդ ուժերը: «Ընտրողների 45 տոկոսը նրանք են, ովքեր չեն աջակցում միմյանց վիրավորող որեւէ բեւեռին: Եթե դա տեղի չունենա, ապա կլինի այն, ինչ երեկ ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. հունիսի 21-ին յուրաքանչյուրն իր կողմնակիցներին փողոց դուրս կհանի եւ կհայտարարի, որ իրենք են հաղթել: Երկրորդ փուլի անցկացումը նշանակում է, որ երկրում եւս 20 օր ցնցումներ կլինեն, եւս 20 օր թշնամին կարող է առաջ շարժվել դեպի մեր տարածք: Այսինքն՝ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը: