f

Անկախ

Ռուսական արվեստի թանգարանում...


«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում մեր հաջորդ հանդիպումը Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հետ է:

-Տիկին Մկրտչյան, հայտնի է, որ Ռուսական արվեստի թանգարանը ստեղծվել է Արամ Աբրահամյանի հավաքածուի հիման վրա: Մեր զրույցը սկսենք՝ անդրադառնալով հենց այդ փաստին և պրոֆեսորի անձին:

-Թանգարանը պաշտոնապես հիմնադրվել է 1980-ին, սակայն իր այցելուների առջև դռները բացել է 1984-ին: Ըստ այդ երկու տարեթվերի էլ՝ նշում ենք մեր այս կամ այն ամյակը: Այս տարի, օրինակ՝ թանգարանի հիմնադրման 40-ամյակն է: Ռուսական արվեստի թանգարանը ստեղծվել է սոցիալիստական աշխատանքի հերոս, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր,  պրոֆեսոր  Արամ Հակոբի Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Նա եղել է սովետական բժշկության խոշորագույն դեմքերից մեկը, որն ապրել և գործունեություն է ծավալել Մոսկվայում՝ հենց այնտեղ էլ հավաքելով 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսական կերպարվեստը ներկայացնող այս հավաքածուն: Աբրահամյանը յուրահատուկ անձնավորություն էր: Նա ծնվել է 1898թ Թիֆլիսում,  1917թ. ավարտել է տեղի 3-րդ արական գիմնազիան  և որպես կամավոր մեկնել ռազմաճակատ` Հայաստան: Լեռնահեծելազորային մարտկոցի շարքերում մասնակցել  է Սարիղամիշի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի  և Սարդարապատի լեգենդար   ճակատամարտերին: Ողբերգական իրադարձություներն այնպես ցնցեցին երիտասարդ հայրենասերին, որ դրդեցին ընտրել ամենահումանիստական մասնագիտություններից մեկը` բժիշկի մասնագիտությունը։

1918թ. Արամ Աբրահամյանն ընդունվում է  Անդրկովկասի բժշկական ինստիտուտ, իսկ երկու տարի անց՝ տեղափոխվում Մոսկվա, որտեղ էլ շարունակում է ուսումնական և գիտական գործունեությունը:    

Հավաքածուն Հայաստանին նվիրաբերելն Աբրահամյանի և նրա կնոջ՝ Մարիա Լեոնտեևնայի  համատեղ որոշումն էր: Դա հայրենասիրության ամենացայտուն դրսևորումներից է, որովհետև ցանկացած կոլեկցիոների համար շատ դժվար է բաժանվել տարիների ընթացքում ձեռք բերած առարկաներից: Նա նկարները և´ գնել է, և´ նվեր ստացել: Աբրահամյանը, լինելով բժիշկ, արվեստաբանի հոտառություն ուներ և զգում էր՝ որոշ ժամանակ հետո իր հավաքածուում ներառված ստեղծագործություններն ամենագնահատվածն ու ամենաթանկն են լինելու ռուսական կերպարվեստում, ինչու չէ՝ նաև համաշխարհային արվեստի պատմության մեջ: Թանգարանի  վայրը պրոֆեսորն անձամբ է ընտրել՝ հիմնադրումից հետո հավաքածուն մաս-մաս տեղափոխելով Հայաստան:  

-Թանգարանում արվեստի ի՞նչ ճյուղեր են հիմնականում ներկայացված: Ո՞ր նկարիչների կտավներն են ցուցադրվում ու ի՞նչ սկզբունքներով:  

-Ռուսական արվեստի թանգարանը ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի համաշխարհային նշանակություն ունեցող ռուսական արվեստի մի ստվար շերտ: Համաեվրոպական գեղարվեստական ժառանգության այդ փուլը նշանավորեց անցումն ակադեմիական գեղարվեստական ավանդույթից դեպի 20-րդ դարի նորամուծությունները: Այդ անհանգիստ նախահեղափոխան ժամանակաշրջանում մշակույթի բոլոր բնագավառների գործիչները մտազբաղ էին նոր ոգեղենության փնտրտուքներով, իսկ նկարիչներն էլ որոնում էին նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներ՝ իրենց գաղափարներն ու թեմաներն արտահայտելու համար: Դա ռուսական գեղարվեստական կյանքում բազմազան խմբավորումների և հոսանքների առաջացման ժամանակն էր՝ «Միռ իսկուսստվա», «Գոլուբայա ռոզա», «Բուբնովի վալետ» և այլն: Համարձակ որոնումներով ու արվեստների սինթեզով հարուստ հենց այդ բուռն ժամանակաշրջանի արվեստագետների գործերն էր նպատակաուղղված կերպով հավաքում  թանգարանի հիմնադիր, մեկենաս Արամ Աբրահամյանը:

Թանգարանի երկու հարկերում ներկայացնում  ենք համաշխարհային ճանաչում ունեցող ռուս հեղինակների՝ Վ.Սերովի, Կ.Կորովինի, Մ.Վռուբելի, Ա.Արխիպովի, Մ.Նեստերովի, Ալ.Բենուայի, Ե.Լանսերեի, Ն.Ռերիխի, Ն.Գոնչարովայի, Զ.Սերեբրյակովայի, Բ.Կուստոդիևի, Կ.Սոմովի, Ն.Սապունովի, Ս.Սուդեյկինի, Ա.Գոլովինի, Ն.Կրիմովի, Ն.Ռերիխի, Պ.Կուզնեցովի, Կ.Պետրով-Վոդկինի, Ի.Մաշկովի, Ա.Կուպրինի, Ա.Լենտուլովի, Ռ.Ֆալկի, Ն.Ուդալցովայի, Ա.Դրևինի, Ա.Օսմյորկինի և այլոց գործերը:

Ի դեպ, մոտ ապագայում պիտի փոխենք մեր մշտական ցուցադրությունը՝ կատարելով  նաև դիզայներական փոփոխություններ՝ մեր այցելուներին նորովի ներկայանալու համար:  

-Ովքե՞ր են թանգարանի հիմնական այցելուները:  

-Մեր թանգարանն, ի շնորհիվ բազմատեսակ կրթական ծրագրերի, միջոցառումների ու ցուցահանդեսների, կարող է ընդունել այցելուներ՝ սկսած 3 տարեկանից: Մենք ծառայությունների միջոցով ապահովում ենք այդ ճկունությունը: Թանգարանի հիմնական այցելուները դպրոցականներն են և ռուսական կերպարվեստի կամ ընդհանրապես արվեստի ինտելեկտուալ սիրահարները:  

-Քանի՞ ցուցանմուշ ունի հավաքածուն, և արդյոք թանգարանը համալրվու՞մ է նոր առարկաներով:  

-Ունենք 360 թանգարանային առարկա, որոնցից ցուցադրվում է 70 տոկոսը: Մնացածը պահում ենք ժամանակավոր ցուցահանդեսների համար:  

Որքան էլ մենք բաց լինենք նոր ցուցանմուշների առումով, այնուամենայնիվ, ներկայացնում ենք կոնկրետ ժամանակաշրջան, որին մշտապես հավատարիմ ենք մնում: Ցանկալի չէ թանգարանն ուղղակի լցնել ռուսական կերպարվեստը ներկայացնող տարբեր նմուշներով: Նշեմ նաև, որ թանգարանային առարկաների պահպանումը լուրջ խնդիր է, և թանգարանը բազում առարկաներով համալրելն ու դրանց պահպանումը կազմակերպել չկարողանալն ինքնին դառնում է աննպատակ:    

-Ի՞նչ ժամանակավոր ցուցահանդեսներ են կազմակերպվում Ռուսական արվեստի թանգարանում:  

-Այս պահին Հայոց ազգագրության թանգարանի հետ պատրաստվում ենք համատեղ ցուցահանդեսի՝ նվիրված ռուսական թեյախմությանը: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն և´ կերպարվեստում արտացոլված այդ ավանդույթը, և´ ռուսական թեյախմության առանձնահատկությունները, և´ Ազգագրության թանգարանի ռուսական հավաքածուն: Հետաքրքիր է, որ թեյախմությունը միշտ Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի կամ Անգլիայի հետ ենք ասոցացնում, բայց ամեն երկիր իր սովորույթներն ունի այդ հարցում:  

Ընդհանրապես ժամանակավոր ցուցահանդեսները մեզ մոտ շատ դինամիկ են՝ հիմնված այցելուների պահանջի վրա: Միշտ փորձում ենք հետաքրքիր ասելիքով ներկայանալ: Չորս տարի առաջ, երբ դարձա տնօրեն, կազմակերպեցինք ցուցահանդես՝ նվիրված ռուսական օծանելիքին՝ ներկայացնելով ոչ միայն դրա առաջացման պատմությունը, այլև մեր հավաքածուում ներառված հեղինակների կապը: Պարզվեց՝ նրանք ժամանակին նկարազարդումներ են արել օծանելիքի կամ օճառի տուփերի վրա. օճառն էլ սկզբնական շրջանում օծանելիքի տարր է եղել Ռուսական կայսրությունում:  

Չեմ կարող չնշել 2018-ին կազմակերպված «Գողացված Վռուբելի վերադարձը» խորագրով մեծամասշտաբ միջոցառումների շարքը, որի շրջանակներում ներկայացնում էինք  ցուցահանդես`  նվիրված թանգարանից 22 տարի առաջ գողացված ռուսական մոդեռնի նախահայր Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործության  արվեստաբանական և կրիմինալ պատմությանը, վարպետութան դաս, գրական- երաժշտական երեկո և այլն: Նկարը գտնվել էր ՌԴ-ում և նախագահ Վլադիմիր Պուտինն այն 2017-ին հանձնեց  ՀՀ-ին: Դա իսկապես մեծ  իրադարձություն էր: Ծրագրի շրջանակներում հատկանշական միջոցառում էր հատկապես  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ կազմակերպած  «Լերմոնտով-Վռուբել-Ռուբինշտեյն» գրական երաժշտական օպերային ծրագիրը: Դա առաջին նմանատիպ համագործակցություն էր: Թանգարանը մեծ ճանաչում ստացավ այդ նախագծից հետո:  

Հաջորդ նախագիծը, որը ևս շատ կարևորում եմ, ունի «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» խորագիրը և միջթանգարանային համագործակցության արդյունք է: Այն իրականացրեցինք Համառուսական դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարանի հետ՝ առաջին անգամ հյուրընկալելով ցուցահանդես Ռուսաստանի Դաշնությունից: Մեր գործընկերների հետ կազմակերպեցինք նաև գիտաժողով, որին մասնակցեցին ԱՊՀ 15 երկրներից շուրջ 40 մասնագետներ: Մեր թանգարանի ամեն մի ցուցահանդես ունի իր հայեցակարգը, դիզայները, ասելիքը, կրթական ծրագիրը, հուշանվերային արտադրանքը:  

-Միջազգային համագործակցությունների առումով որքանո՞վ է ակտիվ թանգարանը:  

-Մենք համագործակցում ենք ինչպես ՀՀ, այնպես էլ Ռուսաստանի թանգարանների հետ: Հենց այս պահին էլ տարբեր նախագծեր իրականացնելու նախնական պայմանավորվածություններ ունենք: Բանակցում ենք նաև Անգլիայում, Իտալիայում գտնվող ռուսական արվեստի հետազոտման կենտրոնների հետ, որ միասին հետազոտական ցուցահանդեսային նախագծեր կազմակերպենք:  

-Ինչպիսի՞ միջոցառումներ են կազմակերպվում թանգարանի հիմնական ցուցադրությանը զուգահեռ: Մատուցման ի՞նչ նոր ձևեր կան թանգարանում երիտասարդ սերնդի համար:

-Թանգարանն իր գործունեությամբ բազմապրոֆիլ է: Բացի ցուցահանդեսներից՝ կազմակերպում ենք վիկտորինաներ, գրական-երաժշտական երեկոներ` ռուսական պոեզիային նվիրված և բազմատեսակ այլ կրթական ծրագրեր:  

Ինչ վերաբերում է նորագույն տեխնոլոգիաներին, «Արլուպա» ընկերության մշակած բջջային հավելվածների օգնությամբ Միխայիլ Վռուբելի նկարին նվիրված նախագծի ժամանակ այցելուն կարող էր տեսնել նկարի հավելված իրականության  անիմացիան: Շուտով VR (Virtual Reality) տեխնոլոգիաների միջոցով Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում մեր այցելուները, ակնոցներ դնելով, կհայտնվեն արդեն իսկ ընտրված մեկ նկարի ներսում, կծանոթանան նկարի խորհրդին և պատմությանը: Այս ամենը խնդիրներ են, որ դրել ենք մեր առջև և պիտի աստիճանաբար լուծենք:  

-Արդյոք թանգարանն ունի՞ առաքելություն նպաստելու ռուսական մշակույթի ճանաչմանը մեր երկրում:

-Այո, դա շատ կարևոր փաստ է և մեր ռազմավարական պլանի մի մասն է կազմում: Մենք խնդիր ենք դրել բարձր մակարդակով հայ հասարակությանը ծանոթացնել ռուսական մշակույթի առանձնահատկություններին:  

Այնքան կարևոր է, երբ դրսում ապրող հայազգին իր երկրում ինչ-որ կարևոր բան է ստեղծում: Ամեն անգամ, երբ հակառուսական տրամադրվածությունը սրվում է մեր երկրում, միշտ հարց են բարձրացնում՝ ու՞մ է պետք Ռուսական արվեստի թանգարանը Հայաստանում: Բայց մոռանում ենք՝ այսօր  աշխարհում լուրջ ինստիտուտներ կան, որ հետազոտում են հենց մեր ներկայացրած ժամանակաշրջանի կերպարվեստը: Ինչպես նաև, երբ որևէ երկիր ունենում է այլ երկրի մշակութային ժառանգություն ներկայացնելու հնարավորություն, դա մեծ հարստություն է: Իսկ մեր հավաքածուում կան համաշխարհային մակարդակի ժառանգություններ, որ շատ արտասահմանյան թանգարաններ կցանկանային ունենալ: Դրա համար էլ թանգարանի հավաքածուն, ճիշտ է, փոքրաթիվ, բայց շատ արժեքավոր է:    

-Ո՞րն է ընդհանրապես Ռուսական արվեստի թանգարանի առաքելությունը Հայաստանում:  

-Թանգարանի առաքելությունն է ռուսական մշակույթի միջոցով կազմակերպել կրթական և հաղորդակցական թանգարանային տարածք, արժևորել ու մեկնաբանել Արամ Աբրահամյանի ժառանգությունը, նպաստել ռուսական արվեստի նորովի ընկալմանն ու արդիականացման խթանմանը և այլն։  

-Ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունի թանգարանն այսօր:

-Բնականաբար, խնդիրներ ունենք, բայց թանգարան ղեկավարելիս պիտի հասկանալ՝ չի կարելի անընդհատ խոսել դրանցից, այլ պիտի աշխատել և լուծումներ գտնել: Նույնիսկ ամենազարգացած երկրներում թանգարանային ոլորտում կան տարատեսակ խնդիրներ: Դրա համար այսօր  թանգարանի ղեկավարը պիտի լինի ոչ միայն, ասենք, հմուտ արվեստաբան, պատմաբան կամ ճարտարապետ, այլ տիրապետի մենեջերական հմտությունների, կարողանա թանգարանը դարձնել այլընտրանքային և հարատև կրթության ու  մշակութային ժամանցի կենտրոն:  

Ձեռքբերումներից կառանձնացնեմ երեքը՝ 2017-ին Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսը, 2018թ. «Գողացված Վռուբելի վերադարձը» համալիր միջոցառումների շարքը, 2019թ. Դեկորատիվ-կիրառական  և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի  հետ համատեղ «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսը և միջազգային գիտաժողովը։  

Դրական փոփոխությունները բազմաթիվ են՝ սկսած թանգարանի տեխնիկական վերազինումից, մինչև աշխատակիցների մտածելակերպի փոփոխություն: Շատ կարևորում եմ թիմային աշխատանքը,  տարվա ընթացքում գոնե մի քանի աշխատակիցների դրսում վերապատրաստման ուղարկելը և թանգարանի նոր կերպարի ստեղծումը:

-Տիկին Մկրտչյան, ինչպե՞ս կամփոփեք զրույցը:  

-Թանգարանում աշխատելը հայրենասիրություն է, թանգարանային գործն էլ մասնագիտություն չէ, այլ՝ նվիրում: Թանգարաններում նվիրյալներ են աշխատում, որ ամենաչնչին աշխատավարձով, բայց տքնաջան աշխատանքով պահպանում են անցյալից եկած ժառանգությունն ու փոխանցում հաջորդ սերունդներին: Հայաստանում կան բազում հետաքրքիր թանգարաններ: Հորդորս է շատ այցելել տարբեր թանգարաններ, որովհետև յուրաքանչյուր թանգարան մի նոր բան է բացահայտում մեզ համար...

Ռուսական արվեստի թանգարան «Դեպի թանգարան» խորագիր

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին