f

Անկախ

Արթնացրին գազանին. ինչու է թուրք հեղինակությունը մերկացնում Էրդողանի բարեկամներին


Թուրքիայում հիմա աղմկոտ ներքաղաքական իրարանցում է: Մաֆիոզ Սեդաթ Փեքերը, որ փախել է երկրից անցած տարվա սկզբին, YouTube-ով հոլովակներ է հրապարակում, որոնցում պատմում է քրեական աշխարհի հետ թուրքական վերնախավի կապերի մասին, նաև մեղադրում է Էրդողանի շրջապատի պաշտոնյաներին սպանությունների, թմրանյութերի առևտրի, կոռուպցիայի և այլ հացագործությունների համար: Թե ով է հեղինակություն-բլոգերի թիկունքում, պարզաբանում է РИА Новости-ն:

Մեծ աղմուկ

«Ստուգեք ինձ ստի դետեկտորով. եթե մեքենան ցույց տա, որ ստում եմ, կկտրեմ մատներս կամ ամբողջ դաստակս, խոստանում եմ»,- կրկնում է YouTube ալիքի յուրաքանչյուր հոլովակում թուրք մաֆիոզ Սեդաթ Փեքերը: Մի ամսվա ընթացքում նա դարձավ երկրի ամենաճանաչված ու քննարկվող մարդկանցից մեկը:

Առայժմ քրեական հեղինակությունը թողարկել է ութ տեսագրություն, բայց իր խոսքով՝ նկարահանել է տասներկուսը: Յուրաքանչյուրը միլիոնավոր դիտումներ ունի: Ութերորդը հինգ օրում ավելի քան 13 մլն դիտող ունեցավ: Թուրքիայի համար, որտեղ նախընտրում են հեռուստատեսությունը, սա մեծ թիվ է:

«Հոլովակները քննարկում են ամենուր: Գնում ես վարսավիրանոց, պոլիկլինիկա, սրճարան՝ խոսակցությունները միայն Փեքերի մասին են: Ընդդիմությունը հասարակական կարծիքի հարցում է անցկացրել, պարզվել է, որ թուրքերի զգալի մասը հավատում է մաֆիոզի խոսքին, ոչ թե կառավարության»,- պատմում է ստամբուլցի բժիշկ Քյուրշաթը:

Թուրքիայում 49-ամյա Սեդաթ Փեքերը հանրաաճանաչ է եղել նաև մինչև բլոգերությանը տրվելը: Նրան քանիցս դատել են սպանությունների և քրեական գործունեության համար կազմակերպված հանցագործությունների խմբի կազմում: Ընդհանուր հաշվով նա ճաղերի հետևում է անցկացրել 16 տարի: Հիմա, ըստ տարբեր տվյալների, թաքնվում է Դուբայում: Երկրից փախել է 2020-ի սկզբին հերթական քրեական գործից հետո: Նախ ապրել է Բալկաններում, հետո՝ Մարոկկոյում, այնուհետև տեղափոխվել է Արաբական Միավորված Էմիրություններ: Այնտեղ էլ բացել է YouTube ալիքը, որով տեղեկատվություն է սփռում իշխող Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) անդամների մասին:

Ինքը՝ Փեքերը, նշում է, որ քաղաքականություն չի խցկվում, իսկ «Պանդորայի արկղը բացել է արդարության զգացումից»: Ռեջեփ Էրդողանի օգնականներին մեղադրում է ամենայն մեղքերի մեջ՝ սպանությունների, կոռուպցիայի, թմրանյութերի առևտրի: Քրեական հեղինակությունը հատկապես անողոք է ներկայիս ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուի նկատմամբ, որին անվանում է ոչ այլ կերպ, քան խոշոր կոռուպցիոներ, «իսկական Սուլեյման», որ երազում է նախագահի աթոռի մասին:

Հնարավոր է, որ Փեքերը խոսում է վիրավորվածությունից: Մաֆիոզն ընդգծում է, որ հենց Սոյլուն է համոզել իրեն փախչել երկրից՝ զգուշացնելով հետաքննության մասին: Ընդ որում, նախարարը երաշխավորել է, որ որոշ ժամանակ անց հանգիստ կարող է վերադառնալ հայրենիք: Բայց ուրիշ բան է ստացվել. առավոտ կանուխ Փեքերի տուն, որտեղ գտնվել են նրա կինն ու երեք փոքր երեխաները, ներխուժել են զինված մարդիկ: Ոստիկաններից մեկը, ինչպես պնդում է բլոգերը, զենքը պահել է երեխայի վրա:

«Ես, հանգիստ նստած, գրքեր էի կարդում: Բայց ինձ անհանգստացրին: Եվ արթնացրին գազանին»,- բացատրում է Փեքերը համացանցում առաջին հոլովակի հայտնվելու պատճառները:

Ամենամեծ արձագանքն ունեցել է յոթերորդը: Այն թողարկվել է, երբ Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը բռնագրավել է Թուրքիա ուղարկվող 5 տոննա կոկաին: Փեքերը հայտնել է, որ թմրանյութերի շրջանառությամբ իր հայրենիքը երրորդ տեղում է աշխարհում, այդ բիզնեսով ակտիվ զբաղվում է Էրքան Յըլդըրըմը՝ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդին: Վերջերս նա երկու անգամ թռավ Վենեսուելա: Նորաթուխ բլոգերը  կոչ է անում ստուգել տեղեկատվությունը, պարզել, թե ինչու է նա հայտնվել Կարակասում և շենք վարձակալել նավահանգստում. «Հավանաբար մատակարարումը սկսվել է»: Նախկին վարչապետն արդարացել է, թե որդին Վենեսուելա է տարել մարդասիրական օգնություն՝ թեստեր և այլ բժշկական պիտույքներ: Սակայն Cumhuriyet թերթը, ուսումնասիրելով Էրքանի հարկային ապրանքագրերը, տեղեկացրել է, որ այնտեղ ո՛չ դիմակներ են եղել, ո՛չ կորոնավիրուսի թեստեր, ո՛չ ուրիշ պարագաներ:

Ձեռքներդ հեռու Էրդողանից

Բաժին է հասնում նաև Թուրքիայի ՆԳՆ նախկին ղեկավար Մեհմետ Աղարին՝ Փեքերի կարծիքով՝ «խորքային պետության գորշ կարդինալին»: Մաֆիոզը պատմել է, որ Աղարը խնդրել է իրեն սպանել կարևոր մարդու Կիպրոսում: Սեդաթը դա հանձնարարել է եղբորը՝ Աթիլլին, բայց վերջինս ձախողել է հանձնարարությունը: Սպանությունը մեկ ուրիշն է կատարել: Բացի այդ, բլոգերի խոսքով, ներքին գործերի նախկին նախարարը «նրանցից մեկն է, որոնք հանցակից են լրագրողների ձերբակալություններին ու սպանություններին»:

Էրդողանին Փեքերն անվանում է «ավագ եղբայր» և զգուշացնում է, որ երկրի ղեկավարին «կարող են պաշտոնանկ անել»: Նախագահին դեռ չի դիպչում, բայց չի շրջանցում նրա ընտանիքին: Առաջին հերթին՝ փեսա Բերաթ Ալբայրաքին՝ նախկին ֆինանսների նախարարին: Մաֆիոզը պնդում է, որ Թուրքիայում Ալբայրաքի և նրա եղբայր Սերհաթի ղեկավարությամբ գործում է հզոր «Հավալուսններ» խումբը, որն ազդում է երկրի քաղաքական գործընթացների վրա: Այդ խմբում նաև ֆունկցիոներներ և լրագրողներ են: Այդ խմբին, ի դեպ, մեղադրել է նաև նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, երբ Էրդողանը պաշտոնանկ արեց նրան: «Էրդողանի շուրջը պատ են ստեղծել, հնարավոր չէ այն անցնել և ձայնդ հասցնել նախագահին»,- ասել է վարչապետը պաշտոնից հեռանալիս:

Այն, որ Փեքերը խարանում է Սոյլուին և Ալբայրաքին, շատ հետաքրքիր է. նրանց համարում են ոխերիմ թշնամիներ և Էրդողանի աթոռի հավակնորդներ:

Անցած ամառ Սուլեյման Սոյլուի վարկանիշը կտրուկ բարձրացավ, թուրքերը հավանում էին նրա պայքարը կորոնավիրուսի համավարակի դեմ: Նա նույնիսկ երկրորդ տեղը գրավեց իշխող Արդարության և զարգացման կուսակցությունում՝ Էրդողանից հետ մնալով ընդամենը մի քանի տոկոսով: Այժմ երբեմնի փառքից հետք անգամ չի մնացել. Սեդաթ Փեքերի հոլովակներից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարարին քաղաքական դիակ են համարում:

Էրդողանն այնուամենայնիվ պաշտպանում է նրան. «Այն երկրից, որում լկտիաբար գործում էին այսպես կոչված կնքահայրեր, մենք Թուրքիան դարձրինք պետություն, որտեղ բոլոր հարցերը լուծվում են  միայն օրինական ճանապարհով: Մենք եղել ենք և լինելու ենք ներքին գործերի նախարարի կողքին հանցագործների և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում»: Այս հաղորդումը պետության ղեկավարի առաջին արձագանքն է տեղի ունեցողին: Սակայն շատերն են հանրապետությունում նախկինի պես համոզված, որ Սոյլուի պաշտոնաթողությունը ժամանակի հարց է:

Ում է ձեռնտու

Երբ Փեքերը հրապարակեց յոթերորդ հոլովակը, թուրքական իշխանությունները ձերբակալեցին նրա եղբայր Աթիլլին. թիկնապահ Յունուս Օլքայի հետ բռնեցին երկրի հարավարևմտյան Մուղլա գավառում: Ոստիկանությունը խուզարկեց Փեքերի տունը և մեքենան, բռնագրավեց չգրանցված ատրճանակը և երկու տուփ փամփուշտ: Բայց մաֆիոզը չդադարեցրեց թուրքական իշխանությունների քննադատությունը:

«Նա բացում է թուրքերի աչքերը շուրջը տիրող իրականության վրա: Այսինքն՝ դու կռահում ես, որ նման մի բան կարող է տեղի ունենալ, բայց այստեղ քեզ որոշակի փաստեր ու սխեմաներ են ներկայացնում, մանրամասն պատմում են, թե ինչպես են ամեն ինչ գլուխ բերում»,- ասում է Անկարայի բնակիչ Սերքանը: Նրա խոսքով՝ երկրում շատերն են կարծում, որ Փեքերի հարձակումները Սոյլուի դեմ ակնհայտ ձեռնտու են Էրդողանին: Դա ձեռնտու է նաև նրա փեսա Ալբայրաքին, քանի որ դրսից վարկաբեկված ՆԳՆ նախարարին ավելի հեշտ է աթոռից գցել: Եթե նախագահը հենց այնպես ազատեր նրան, Սոյլուն կմեծացներ վարկանիշը և կապավիներ բնակչության աջակցությանը:

Կառավարամետ պարբերականները, օրինակ՝ Daily Sabah-ը, պնդում են, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները Փեքերի հետ գործում են ի նպաստ ԱՄՆ-ի շահերի, և ներկայիս գրոհը ՆԳՆ ղեկավարի վրա ծրագրել է Արևմուտքը:

Թե ով է մաֆիոզի հետևում, առայժմ անհայտ է: Նրա հաշվին միլիարդներ կան, ենթակայության տակ՝ հարյուր մարդ: Բայց խայտառակությունն արդեն վնասել է Արդարության և զարգացման կուսակցությանը: Ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրության Metropoll թուրքական ինստիտուտի տվյալների՝ ԱԶԿ-ի վարկանիշն այժմ 27 տոկոս է, այնինչ դեռ երեք ամիս առաջ հասնում էր 40-ի: Կարող է երերալ նաև Էրդողանի հեղինակությունը: Ի դեպ, բլոգերը խոստացել է իններորդ հոլովակը նվիրել թուրքական առաջնորդին:

Կսենյա Մելնիկովա

Աշխարհում Թուրքիա ներքաղաքական սկանդալ Սեդաթ Փեքեր

Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
Ավելին
Ավելին