Երեկ երեկոյան՝ ժամը 7-ի սահմաններում, երբ ես ոչ աշխատանքային ժամին քաղաքում էի, ընկերներիս հետ, նկատեցի, որ ինչ-որ կին ինձ ու իմ ընկերներին հեռվից նկարում է, մոտենում է ինձ ու ընկերներիս՝ նկարելով։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ ինքը խլել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել:
«Դա, բնականաբար, հաճելի չէր ո՛չ ինձ, ո՛չ իմ ընկերներիս: Այնուհետեւ տվյալ կինը մոտենում է ինձ՝ նկարելով: Ասաց՝ բարեւ ձեզ, ես «Հրպարակ» օրաթերթից եմ: Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, բայց նկարելով՝ շարունակում էր հարցեր ուղղել։ Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, ես աշխատանքի ժամի չեմ, գործի տեղում չեմ։ Իմ սահմանադրական իրավունքն է շրջել քաղաքում, և որևէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել, ինչպես բոլորինը։ Ես, պատգամավոր լինելուց բացի, առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ և պաշտպանված եմ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով»,-ասաց պատգամավորը:
Հայկ Սարգսյանը նշեց, որ ինքն ասել է, որ չի ցանկանում հարցերի պատասխանել, բայց լրագրողը շարունակել է հարցեր ուղղել. «Ես հեռախոսը վերցնում եմ, ջնջում եմ տվյալ հոլովակը, որ նկարել էր իմ կամքից անկախ: Հետո հեռախոսը տվել եմ իմ գործընկերներից մեկին, խնդրել եմ փոխանցել ու ասել, որ նա իրեն լրագրողին հարիր կերպով պահի»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը: Այլ հարցերի նա չպատասխանեց: