ԿԳՄՍ նախարարությունն այս տարի չի ֆինանսավորել «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը, թեեւ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի հետ հանդիսանում է փառատոնի համահեղինակ եւ աջակից: Ավելին, ինչպես նշվում է ԿԳՄՍՆ-ի՝ NEWS.am-ին տրամադրված հարցման պատասխանից, նախարարությունը նաև չի պատրաստվում փոխհատուցել նվագախմբի կատարած ծախսերը:
Մեջբերում ենք ԿԳՄՍ նախարարության պատասխանն ամբողջությամբ. «Ի պատասխան մայիսի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ուղարկած՝ «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի վերաբերյալ Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ մշակութային միջոցառումները ֆինանսավորվում են դրամաշնորհային մրցույթի միջոցով: Ծրագրերը կարող են իրականացվել միայն համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում՝ ստորագրված ՀՀ ԿԳՄՍ նախարարության և տվյալ կազմակերպության կողմից: Այդպիսի պայմանագիր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի միջև առկա չէ, քանի որ դրամաշնորհային մրցույթում նշյալ ծրագիրը հանձնաժողովը չի հաստատել։
Միաժամանակ «Հայ կոմպոզիտորական փառատոնին» հոբելյանական միջոցառումների աջակցման ծրագրին արդեն հատկացվել է 2 միլիոն 481 հազար դրամ՝ այն հիմնավորմամբ, որ փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև կոմպոզիտորներ, որոնց հոբելյանը լրանում է 2021 թվականին։ Նշված գործընթացներում ընթացակարգային կամ իրավական որևէ խնդիր չկա»:
Ի դեպ, պատասխանում նշված է, որ «Հայ կոմպոզիտորական փառատոնին» հոբելյանական միջոցառումների աջակցման ծրագրին արդեն հատկացվել է 2 միլիոն 481 հազար դրամ, սակայն դա որևէ առնչություն չունի փառատոնի անցկացման եւ հետագա աշխատանքների համար անհրաժեշտ գումարի հետ:
Ըստ ԿԳՄՍ նախարարի N 659-Ա/2 03.05.2021թ. հրամանի՝ այդ գումարը հատկացվել է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի 100, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջիվան Տեր-Թադևոսյանի 95-ամյակներին նվիրված հոբելյանական համերգի կազմակերպման համար: Մինչդեռ Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը ներառեց 3 համերգային երեկո, որոնց ծրագրերում Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից զատ հնչել են նաև Ալեքսանդր Սպենդիարյանի, Ադամ Խուդոյանի, Հայկ Բոյաջյանի, Երվանդ Երկանյանի, Միխայիլ Կոկժաևի սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները։ Այս տարվա փառատոնի շրջանակում անդրադարձ կատարվեց հոբելյանը նշող կոմպոզիտորներին՝ ներկայացնելով նրանց՝ երկար տարիներ չհնչած ստեղծագործությունները, որոնք թվայնացման և կրկին ներկայացման կարիք ունեն։
Եվ այս պարագայում պարզ չի, թե ինչու է նախարարությունն իր կայքում նշում, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի եւս անցկացվում է նախարարության աջակցությամբ:
Ի դեպ, նախարարության կայքում դեռ բացակայում են դրամաշնորհային մրցույթի արդյունքները, որոնք, մեր ունեցած տեղեկություններով անցկացվել են, բայց միայն նախարարությանը հայտնի ինչ-ինչ պատճառներով դեռ չեն հրապարակվել:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբանյանը, փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար:
Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը չանցկացնելով դրամաշնորհային մրցույթ հրաժարվում է աջակցել ազգային մշակույթին, մինչդեռ, հիշեցնենք, որ այդ նույն նախարարությունը հանրության դժգոհությունը հարուցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար հատկացվրել էր 2,7 մլն դրամ դրամաշնորհ, իսկ «Մել» ֆիլմի նկարահանման համար՝ 20 միլիոն դրամ։
Իսկ միգուցե՞ իշխանությունը, չֆինանսավորելով փառատոնը, այդ կերպ է պատասխանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի նոյեմբերի 14-ին արված կոչին, որը հասցեագրված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: