Այն, որ գործող իշխանությունը պատրաստվում է նոր տարածքներ հանձնել թշնամուն, պարզ է վաղուց: Հայաստանի տարածքում այսպես կոչված ադրբեջանական անկլավների թեման քննարկվում է դեռևս 2020 թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից ի վեր, մի փաստաթուղթ, որի առաջին տարբերակում նույնիսկ հստակ ձևակերպումներ կային այդ մասին: Հետո արդեն փաստաթուղթն այլ տեսք ստացավ, իսկ անկլավների հանձնման հարցը մնաց Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածության տիրույթում՝ մոտ ապագայում այն իրավական փաստաթղթի վերածելու խոստումով:
Եվ ահա հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրությունների ֆոնին թեման կրկին ակտիվացավ: Մայիսի 12-ին Ադրբեջանի զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժումը, հայ զինծառայողի սպանությունն ու 6 զինծառայողների գերեվարումն, ըստ էության, նաև այս հարցի համատեքստում է, և Փաշինյանն այս պահին հայտնվել է երկու քարի արանքում՝ մի կողմում նախընտրական քարոզարշավն է, որտեղ ժամանակավորապես պետք է բացառել նոր տարածքների հանձնումը, մյուս կողմում՝ Ալիևի հետ պայմանավորվածությունները և միգուցե՝ արդեն իսկ ստորագրված փաստաթղթերը: Իսկ Ալիևը շտապում է։ Փաշինյանի օրերը հաշված են։
Այս ամենին զուգահեռ պետական քարոզչամեքենան ակտիվ գործի է անցել։ Չարաշահելով ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին գոյատևող Հանրային հեռուստաընկերության գործառույթները՝ հանրությանն են հրամցվում ադրբեջանական կեղծ թեզերը: Դրա վառ օրինակներից մեկը Հ1-ի եթերում նախօրեին Տիգրանաշենի մասին ռեպորտաժի հայտնվելն էր, որտեղ բնակավայրը ցինիկաբար ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք՝ նախապատրաստելով դրա «բնական և օրինական» հանձնումը թշնամուն:
Տիգրանաշենի ցուցանակի մոտ կանգնած՝ Հ1-ի լրագրողը պատմում է. «Խորհրդային միության տարիներին այս ցուցանակի վրա գրված էր Քյարքի, և Տիգրանաշենն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում: Մինչև 1992 թվականը գյուղը բնակեցված էր ադրբեջանցիներով: Արցախյան առաջին պատերազմի ընթացքում այն անցավ հայկական Զինված ուժերի վերահսկողության ներքո և բնակեցվեց Ադրբեջանից տեղահանված հայերով»:
Սակայն իրականությանը չի համապատասխանում նախևառաջ այն, թե իբր մինչև 1992 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Արցախյան շարժման սկզբում արդեն գյուղի ադրբեջանցի բնակիչները ցանկացել են տեղափոխվել Ադրբեջան և դիմել են «Ղարաբաղ» կոմիտեին, որպեսզի ապահովվի իրենց անվտանգ տեղափոխումը, ինչն էլ իրականացվել է 1989 թ. աշնանը: Այսինքն, Տիգրանաշենում 1989 թվականից արդեն ադրբեջանցիներ չեն բնակվել: Այնուհետև Տիգրանաշենը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցներով, կառուցվել են տներ, մանկապարտեզ, դպրոց, ջրային լուրջ համակարգ և այլն:
Պարույր Սևակ համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանն Անկախ-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել գյուղի՝ ադրբեջանական լինելու մասին պետական քարոզչությունը, միայն ասաց․ «Ես սա համարում եմ հայկական հող, չգիտեմ մնացածը ինչ են համարում»:
Տիգրանաշենն այսօր միավորված է Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքին և համարվում է Պարույր Սևակի մի թաղամաս: Բնակավայրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Տիգրանաշենի միջով է անցնում Հայաստանի հյուսիսը հարավին կապող հիմնական մայրուղին։ Եթե Տիգրանաշենը հանձնվի թշնամուն, ապա ռազմավարական ճանապարհը դուրս կգա հայկական վերահսկողությունից, ինչը աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:
Ի դեպ, կան բազմաթիվ փաստեր, որ խորհրդային տարիներին Տիգրանաշենում բնակվող ադրբեջանցիները պարբերաբար խնդիրներ են ստեղծել հայ վարորդների համար. միջպետական մայրուղու վրա ձմռանը ջուր են լցրել, որ ճանապարհը սառցակալի, և մեքենաները ձորը գլորվեն, քարկոծել են մեքենաները և այլն: Եթե խորհրդային «եղբայրական» տարիներին են ադրբեջանցիներն իրենց այդպես պահել, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի, եթե այն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ այս պայմաններում։
Ադրբեջանի շտապողականությունն ու վարքագիծն այս ամենի մեջ զարմանալի չէ։ Զարմանալին այն է, որ նույնիսկ սարսափելի պատերազմից ու կապիտուլյացիայից հետո այս իշխանությունը չի դադարում ադրբեջանամետ քարոզչությունն ու համառորեն շարունակում է սպասարկել ալիևների շահերը։
Իսկ գուցե Հանրային հեռուստաընկերությունը պատահաբար փորձի մի ռեպորտաժ էլ պատրաստել Արծվաշենի՞ մասին և պատմել, թե ինչպես 1992 թվականին երեք օրվա ընթացքում հայաթափվեց Հայաստանի ամենամեծ ու ամենահարուստ գյուղերից մեկը՝ շուրջ 4500 բնակչություն ունեցող Արծվաշենը՝ իր երկու եկեղեցիներով, գորգագործական ֆաբրիկայով, հաստոցաշինական գործարանով, կոշիկի ֆաբրիկայով, տեքստիլ արդյունաբերությամբ, դպրոցներով, մանկապարտեզով, մշակույթի պալատով և այլ կառույցներով ու ենթակառուցվածքներով։
Բայց ոչ։ Հ1-ին հրահանգված է աղաղակել Քյարքիի և լռել Արծվաշենի մասին։ Ալիևների շահը դա է պահանջում։